ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ վիրավոր զինծառայողի համար նախաձեռնած դրամահավաքին: «Այդ որոշումն ինքնին տարօրինակ է…պատկերացրեք՝ վաղն էլ Սերժ Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրի՝ «եկեք փող հավաքենք՝ 80-ականների զենքերի փոխարեն 90-ականների զենք է պետք»…այսինքն, կառավարությունը փող հավաքելու բոլոր օրենսդրական լծակներն ունի»,-այսպիսի գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ զինվորի հետ պատահած դեպքը եղել է մինչեւ «1000 դրամի օրենքի» օրենքի ուժի մեջ մտնելը, բայց կառավարությունը պահուստային ֆոնդ եւ միջոցներ ունի:
Փաշինյանն անընդունելի որակեց այն փաստը, որ սոցցանցում պաշտպանության նախարարը վիրավորական արտահայտություններ է հղել իր նախաձեռնությունից դժգոհ օգտատիրոջ հասցեին. «Վերջին մեկ տարում պարզ դարձավ, որ Վիգեն Սարգսյանի իմիջն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում էր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ