ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի տվյալներով, այս օրերին սուր շնչառական հիվանդությունների՝ այդ թվում գրիպի աճի միտում կա:
«Դրանք սեզոնային հիվանդություններ են և դրանց տարածմանը նպաստում է եղանակը: Տոնական օրերին շփումը շատանում է, և դա նույնպես նպաստում է տարածմանը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Արա Ասոյանը:
Ըստ նրա՝ սուր շնչառական ծայրահեղ ծանր դեպքեր, բարեբախտաբար, այս պահին չկան. «Այսօր մեր հիվանդանոցում սուր շնչառական հիվանդություններով ոչ մի հիվանդ չունենք, մյուս հիվանդանոցներում մի քանի հիվանդ ունենք, բայց կյանքի վտանգի մասին խոսք չկա: Բավական նվազ է նախորդ տարիների համեմատ, նախորդ տարիներին եղել են օրեր, երբ վերակենդանացման բաժանմունքներում տեղ չկար»:
Դիտարկմանը, թե գրիպը ՌԴ-ից է գալիս, պարոն Ասոյանը չհերքեց՝ ասելով, որ ՌԴ-ից ավելի շատ է, որովհետեւ ամենաշատ շփումը ՌԴ-ի հետ է:
Գլխավոր վարակաբանի խոսքով, թեեւ որեւէ գիտական հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն օրերին, երբ ձյուն է տեղում, այդ օրերից նկատվում է գրիպի հիվանդության նվազում:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ գրանցված հիվանդների մեծ մասը երեխաներն են, Արա Ասոյանը նկատեց. «Երեխաներն ավելի ծանր են տանում հիվանդությունները, և նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ է: Մեծահասակները հիմնականում տնային պայմաններում են բուժումն իրականացնում»:
Արա Ասոյանի խոսքով, պատվաստումները արդյունք տալիս են, մասնավորապես՝ նորակոչիկների շրջանում կատարված պատվաստումների արդյունքում սուր շնչառական հիվանդությունների դեպքեր գրեթե չեն գրանցվում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ