Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կանի «Ելք»-ը, եթե առաջիկա երթում նաեւ իշխանափոխության պահանջ հնչեցվի. մեկնաբանում է Փաշինյանը

Հունվար 15,2018 15:21

«Հույս ունենք, որ այս երթը լուրջ քաղաքական հետեւանքներ կունենա: Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունվարի 19-ին թանկացումների դեմ նախատեսվելիք երթին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ առհասարակ, «Հանրապետական» մեծամասնությունը դիրքորոշում է որդեգրում, թե ՀՀ քաղաքացիներն ըմբռնումով են վերաբերվում թանկացումներին: Նա անդրադարձավ հարցին, թե ինչպես է երթն ազդելու խնդրի լուծման վրա:

«Հունվարի մեկին հաջորդած թանկացումները հետեւանք են Հարկային նոր օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելուն: Թանկացումների հետագա ծավալը կանխելու տարբերակը Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելն է եւ հարկերը նախկին մակարդակի վրա թողնելը: Մենք կարող էինք օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, բայց այսօր տեսանք, որ Հարկային օրենսգրքի երկու նախագիծ անգամ չընդգրկվեց քննարկման օրակարգ: Հետեւաբար, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու ձեւը հանրային ճնշում ապահովելն է»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երթով ուզում են ցույց տալ, որ հանրությունը թանկացումների հետագա ծավալը կասեցնելը ձեւակերպում է որպես քաղաքական պահանջ. «Բոլորն էլ դժգոհում են եւ խնդրի առաջ են կանգնել: Բայց մարդկանց տներում արտահայտած դժգոհությունը լծակ չէ, որ կարողանանք ՀՀԿ-ին ստիպել գնալ զիջումների: Հետեւաբար, հանրության պահանջը պետք է ի ցույց դնել փողոցներում»:

Հարցին՝ «հնարավո՞ր է, որ իշխանափոխության պահանջ էլ բարձրաձայնվի», Փաշինյանն այսպես պատասխանեց. «Եթե պահանջը ներկայացվի, իսկ խորհրդարանական մեծամասնությունը կազմող ուժը հրաժարվի կատարել այդ պահանջը, հանրությունը կարող է փոխել քաղաքական պահանջի օրակարգը»:

Մյուս հարցին՝ «Ելք»-ը պատրա՞ստ է առաջնորդել իշխանափոխության հնարավոր պահանջը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Չեմ ուզում, որ անհամեստ հնչի, բայց՝ այո, «Ելք»-ն այն ուժն է, որն ունի քաղաքական եւ բարոյական իրավունք ժողովրդին առաջնորդելու, եթե ժողովուրդը դա ցանկանա»:

Իսկ թե որն է երաշխիքը, թե քաղաքացիները հուսախաբ չեն լինի, Փաշինյանը համոզմունք հայտնեց. «Եթե տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջը պաշտպանեն, Հարկային օրենսգրքում փոփոխություններ տեղի կունենան: Երթը չեղած՝ Սերժ Սարգսյանը խոսեց թանկացումների մասին: Իրենք էլ են հասկանում, որ այդ պարագայում ստիպված կլինեն փոփոխությունների գնալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031