Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի գործարքում մութ կետեր կան. կկորցնենք Որոտան, Դարբ և Արփա գետերը». Հակոբ Սանասարյան

Հունվար 15,2018 15:16

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը զգուշացնում է, որ Ամուլսարի խնդիրն անհամեմատ ավելի ծավալուն է, քան Թեղուտը: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սանասարյանը հիշեցրեց, որ երբ ընթացք տրվեց Թեղուտի ծրագրին, այն ժամանակ էլ պետությունը կանգնած էր «Վալեքս» ընկերության թիկունքում, և խոստանում էին, որ վտանգ չի սպառնում: Սակայն արդյունքը եղավ այն, որ Թեղուտի հանքավայրի շահագործման պատճառով թափոնները լցվում են Շնող գետը, և Թեղուտ ու Շնող գյուղերը մեծ կորուստներ են ունենում:

Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործման վտանգներին՝ պարոն Սանասարյանն ասաց, որ այս դեպքում վտանգվելու է ոչ միայն Որոտան գետն իր վտակներով, այլև Արփա գետը, իսկ դրանց հարակից շրջաններն աղտոտվելու են ծանր մետաղներով. «Այս ծրագիրն աննախադեպ է Հայաստանի համար: Ամուլսարի շահագործման դիմաց այդ ընկերությունը խոստանում է 5 միլիարդ 262 միլիոն դոլարի ներդրում: Պարզ է, որ վարչապետն ու կառավարությունն այս թիվը տեսնելով՝ պետք է համաձայնեն՝ պատճառաբանելով, թե այդ ներդրումների արդյունքում ՀՀ տնտեսությունը առաջընթաց կապրի»:

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Սակայն Հակոբ Սանասարյանն այս գործարքում մութ կետեր է տեսնում. «Ընկերությունը ՀՀ տնտեսության մեջ 5 միլիարդ 262 միլիոնի ներդրում է կատարում, բայց նրա ոսկու և արծաթի գինը, որը պետք է ստանա հանքավայրից, դրա կեսն էլ չի կազմում: Հետևաբար մնում է մտածել, որ հանքավայրում այլ մետաղներ էլ կան: Այնտեղ կան մետաղներ, գուցե դրանք ռադիոակտիվ տարրեր են կամ գուցե ուրիշ պաշարներ: Ամուլսարի՝ խորհրդային շրջանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտակայքում կա 330 միլիոն տոննա ալյումինի հանքավայր: Ուստի այստեղ ռադիոակտիվ նյութերի խնդիրն է առաջին վտանգը: Այնտեղ կա 683 միլիոն տոննա ուրան, իսկ ընկերությունը հանքաքարի մեջ եղած մետաղներն ու տարրերը չի ներկայացրել: Դատարկ ապարներում կա 653 տոննա հելիում, որը հարյուրավոր անգամ ավելի ռադիոակտիվ է, քան ուրանը: Ընկերությունը հավանաբար ունի այլ մետաղների խնդիր, որը ծածուկ է պահում: Նրանք ոսկին ու արծաթը կորզելով՝ գուցե հետո անցնեն փոշիացման միջոցով մյուս տարրերին: Իսկ երբ ապարը փոշիացած է, ռադիոակտիվ տարրերն ու մետաղները հեշտությամբ տարածվում են շրջակա միջավայրի վրա»:

Ըստ պարոն Սանասարյանի, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն, հասարակությունը ոտքի չկանգնի, կառավարությունը չվերահսկի իրավիճակը, մենք կկորցնենք Որոտան, Դարբ և Արփա գետերը: Ըստ Հակոբ Սանասարյանի՝ մյուս վտանգ էլ այն է, որ ծանր մետաղներից, ռադիոակտիվ տարրերից բացի, հանքավայրում կա նաև նատրիումի ցիանիդ, որը կարող է վայրկյանական սպանել կենդանի օրգանիզմը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031