Դեկտեմբերի 20-ին Հայկական Բլոկչեյն Համաժողով (Armenian Blockchain Forum, ABF) ընկերությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ կառավարության աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեց հանրապետությունում տեխնոլոգիական կլաստեր ստեղծելու նախաձեռնության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և ABF-ի միջև կայացած հանդիպման արդյունքում հաստատվել է Հայաստանում Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման գաղափարը, որի տարածքում կտեղակայվի առաջադեմ տեխնոլոգիական կենտրոն՝ հայկական «Սիլիկոնային հովիտը»: Նոր կլաստերի հիմնական խնդիրը կլինի աշխարհի տարբեր երկրներից բարձր տեխնոլոգիական նախագծերի զարգացման համար Հայաստանում յուրահատուկ ենթակառուցվածքի կազմակերպումը և կարգավորումը:
Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական կլաստերի ստեղծման առաջին փուլով, որը պլանավորված է իրականացնել 2018 թվականի առաջին կիսամյակում, պլանավորվում է միջազգային աքսելերատորի բացումը, որը կհանդիսանա հարթակ ամբողջ աշխարհից նորարարական նախագծերի գործարկման և զարգացման համար, ինչպես նաև ԱՏԳ տարածքում տեխնիկական տարածքների և տվյալների բազաների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն ապակենտրոնացված տեխնոլոգիաների ցանցի գործարկմանը և աջակցմանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց. «Այս նախաձեռնության իրականացումը կնպաստի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, թույլ կտա Հայաստանը վերածել միջազգային ասպարեզում տեխնոլոգիական առաջնորդներից մեկի, երկիր ներգրավել ներդրումներ և ստեղծել նոր աշխատատեղեր: Անշուշտ, դա լրացուցիչ խթան կհանդիսանա երկրի տնտեսության զարգացման համար»:
Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև մի շարք կրթական և գիտահետազոտական նախագծեր Հայաստանի առաջատար բուհերի հետ համատեղ:
Տեխնոլոգիական ենթակառուցվածքի կազմակերպման համալիր մոտեցումը նախաձեռնության մասնակիցներից կպահանջի իր մասշտաբով և զարգացման մակարդակով բացառիկ էկոհամակարգի ստեղծում, որի շրջանակում կարող են զարգանալ լավագույն համաշխարհային նախագծեր: Ըստ Հայկական Բլոկչեյն Համաժողովի (ABF) գնահատականի, էկոհամակարգի առաջին տարվա գործունեության ընթացքում նախատեսվում է ստեղծել 250-300 նոր բարձր վարձատրվող աշխատատեղ և երկիր ներդրումների ներգրավում՝ առնվազն 120 մլն դոլարի չափով:
ABF նախաձեռնության հեղինակ Իլյա Գոլդբերգը նշել է. «Մեր գնահատականով Հայաստանը ներկայումս ունի բոլոր անհրաժեշտ մարդկային, էներգետիկ և տեխնոլոգիական ռեսուրսները, որոնց անհրաժեշտ է տալ զարգացման նոր հնարավորություններ: Մենք հավատում ենք, որ այսօր Հայաստանում հնարավոր է ստեղծել միջազգային փորձի և տեղական մտավոր ռեսուրսների համագործակցության և ինտեգրման հարթակ, որը կարող է հիմք հանդիսանալ տեղնոլոգիական ոլորտում նոր հետաքրքիր լուծումներ գտնելուն և ներդնելուն տնտեսության տարբեր ոլորտներ: Մենք բարձր ենք գնահատում աջակցությունը, որ ցուցաբերում է Հայաստանի կառավարությունը և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերող հարցերին»:
Ստեղծվող Ազատ տնտեսական գոտին կոչված է դառնալ տեխնոլոգիական ստարտափների ներգրավման կենտրոն և ապահովել հարմարավետ պայմաններ նրանց զարգացման համար: Նախագծի նպատակն է Հայաստանը դարձնել համաշխարհային մակարդակի գրավիչ տեխնոլոգիական կենտրոն և երկրում ստեղծել ձեռնարկատերերի և ներդրողների համագործակցության հարմարավետ էկոհամակարգ, որտեղ կգործեն բոլոր ենթակառուցվածքային ծառայությունները՝ կրթական, հաղորդակցական ծրագրերից մինչև էլեկտրոնային հարթակներ, որոնք նպատակաուղղված են զարգացող նախագծերում ներդրումներ ներգրավելու նպատակով անվտանգ ընթացակարգերի անցկացմանը: Նոր էկոհամակարգի շրջանակում նաև կգործի նույնականացման կենտրոն, որի նպատակը կլինի ԱՏԳ մասնակիցների միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխանության ապահովումը:
Նորարարական կլաստերի ստեղծման նախաձեռնության իրականացմանը համապարփակ աուդիտորական և խորհրդատվական աջակցություն է տրամադրում KPMG միջազգային ընկերությունը, որը մշակել է ԱՏԳ տարածքում միջազգային բիզնեսի զարգացման համար հարմարավետ պայմանների հայեցակարգը: Մասնավորապես, ԱՏԳ-ի ռեզիդենտ ընկերությունները կազատվեն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), ինչպես նաև շահութահարկից՝ ԱՏԳ տարածք ապրանքների մատակարարման և ծառայություններ մատուցման ժամանակ:
Ներկա պահին նախաձեռնության հեղինակների և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի անդամների կողմից ակտիվորեն աշխատանք է տարվում ECOS աշխատանքային անվանմամբ ենթակառուցվածքային հիմքի ստեղծման վրա, որի շրջանակում կստեղծվի նոր, բարձր տեխնոլոգիական շուկայի բոլոր խաղացողներին համապարփակ և լիարժեք աջակցության տրամադրման անհրաժեշտ ծառայություններ և էկոհամակարգ:
Մամլո հաղորդագրություն