ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց՝ ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել, թե ապրիլին, երբ Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման ռեժիմին, ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Նա չմեկնաբանեց հարցը՝ խուսափելով, իր խոսքով, «հավանականության տեսության» մասին խոսելուց: «Այդ հարցին դեռ չենք անդրադարձել, քանի որ մինչ այդ նախագահի թեկնածուի հարցը պետք է քննարկենք»,-նշեց նա:
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե «Սերժ Սարգսյանը կարծես թե ստանձնել է վարչապետի դերակատարությունը, տնտեսական ոլորտի պատասխանատուներին է հրավիրում եւ քննարկումներ անում գնաճի վերաբերյալ. սա չի՞ խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանն արդեն ակնարկում է, որ շուտով կառավարության ղեկավար է դառնալու», Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Սերժ Սարգսյանը կատարում է նախագահի պարտականությունները՝ այսօր եւ մինչեւ նոր նախագահ ընտրելը»: Ճշտող հարցին՝ «նրա պարտավորությունների մեջ մտնո՞ւմ է նման քննարկումներ անելը», Բաղդասարյանը պատասխանեց՝ «Իհարկե»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե այդ դեպքում որն է Կարեն Կարապետյանի առաքելությունը: «Նա այժմ վարչապետն է եւ համաձայնեցված կերպով աշխատում է ՀՀ նախագահի հետ»,-նկատեց Վահրամ Բաղդասարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ