«Հանրապետական» կուսակցությունն ապրիլին ընդառաջ նախագահի իր թեկնածուի հարցը դեռ չի քննարկել, բայց դա նախատեսում է առաջիկայում. եթե կլինեն անուններ կամ անուն, հանրությունը կիմանա: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա վստահեցրեց, որ քննարկումներն ազատ միջավայրում են ընթանալու եւ հիմքեր չկան մտածելու, թե նախագահն ում թեկնածությունն առաջարկի՝ միայն դա են քննարկելու: «Դա կլինի միասնական քաղաքական որոշում»,-նշեց նա:
Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ում նախնական քննարկումների ժամանակ անուններ չեն հնչեցրել. «Հաջորդ շաբաթ արդեն անուններ պետք է քննարկենք, որովհետեւ փետրվարի 28-ից մինչեւ մարտի 10-ը ժամկետ կա: Ամենայն հավանականությամբ, մեր ընտրություն կատարելու օրը կլինի մարտի 2-ը»:
Վահրամ Բաղդասարյանը նաեւ նշեց՝ իրենք մեծ հարգանք ունեն արվեստի հանդեպ, սակայն դեռ հստակ չէ՝ հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն լինի սփյուռքի հայտնի հայ գործիչ կամ դեսպան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ