ԵՄ Խորհրդում Բուլղարիայի կողմից նախագահությունը ստանձնելուն նվիրված միջոցառումների շրջանակներում Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի բարձր հովանու ներքո հունվարի 10-ին Սոֆիայում կայացավ “Europe to Music” դասական երաժշտության համերգ:
Համերգի ընթացքում Բուլղարիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Ռուսաստանը և եվրոպական մի շարք այլ երկրներ ներկայացնող դասականների ստեղծագործություններ, որոնց թվում էր նաև Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի «Սուսերով պարը»: Անզուգական երաժշտության ներքո դահլիճի էկրանին ցուցադրվեցին Հայաստանի պատմամշակութային ժառանգության կոթողների և հայոց բնաշխարհի գեղատեսիլ վայրերի պատկերները:
«Երաժշտությունը միավորող ուժ է» խորագրով համերգի կազմակերպիչներն առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին դրա փոխանցմանը, ինչպես նաև այդ գործում եվրոպական աշխարհամասում բնակվող ժողովուրդների կարևոր առաքելությանը:
Հատկանշական է, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն էր, որը ներկայացնող ու համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտորի ստեղծագործությունն ընդգրկված էր միջոցառման ծրագրում:
Հունվարի 11-ին Սոֆիայում տեղի ունեցավ ԵՄ Խորհրդում Բուլղարիայի նախագահության պաշտոնական մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
ՀՀ ԱԳՆ