Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի, Արմեն Աշոտյանի եւ Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը` «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին»: Հայտարարությունը վերաբերվում է 2014 թվականին, Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտելուն:
Նախագծում, ի դեպ, ամրագրված է, որ եզդիների ցեղասպանությունն իրականացվել է ահաբեկչական խմբավորումների կողմից:
Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ներկայացնելով հանձնաժողովի տեսակետը, ասաց, որ խնդիրները, որ դրված են այս հռչակագրում, մարդասիրական են եւ համամարդկային. «Հայ ժողովուրդը ինքը ցեղասպանության զոհ է, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք գիտենք այդ դարդը, վիշտը եւ ինքներս ենք ամոքում մեր սպիները: ՀՀ տարածքում, որպես լիիրավ քաղաքացիներ, ապրում են տասնյակ հազարավոր ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ եզդիներ եւ նրանց նկատմամբ պատմական, ռազմական անարդարությունը, ոճրագործությունը պետք է իր հստակ գնահատականը ստանա: Ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, որ ՀՀ-ն է որպես պետություն գնահատական է տալիս նման երեւույթների»:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ հարց է առաջանում նախագծի հետ կապված՝ ինչպե՞ս է հնարավոր, որ ցեղասպանության կանխարգելման, պատժման կոնվենցիայի առկայության պայմաններում 21-րդ դարում իրականացնել ցեղասպանություն եւ չունենալ ցեղասպանությունը կատարած, պլանավորած շրջանակների քրեաիրավական պատասխանատվություն: Պատճառն այն է, որ տարածքը, որտեղ տեղի են ունեցել ցեղասպանական գործողությունները՝ Իրաքն ու Սիրիան չեն վավերացրել Հռոմի ստատուտը, որը հնարավորություն կտար իրականացնել քրեական հետապնդում եւ մեղադրանք ներկայացնել կոնկրետ շրջանակների նկատմամբ՝ որպես ծանրագույն հանցագործություն կատարածներ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեց. «Այն ժամանակ երիտթուրքերը հայերին անվանում էին գյավուրներ: Գյավուրներ հենց նշանակում է անհավատներ եւ այդ առումով նույն բանն են արել այդ խմբավորումը տարբեր տեղերում՝ նրանց համարելով անհավատներ: Եթե կա որեւէ ցեղասպան գործողություն՝ անկախ ժամանակից, տարածքից ու տեղից դա ցեղասպանություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ