Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբլոյանը փողոց դուրս եկող քաղաքացիներին անվանեց «ամբոխ», որը հարցի լուծում չի կարող տալ

Հունվար 15,2018 12:13

Այսօր խորհրդարանում մերժեցին քննարկել «Ծառուկյան» դաշինքի երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնք հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն էին ստացել:

Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նիստի օրակարգը, «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը Բաբլոյանին հարցրեց, թե ինչո՞ւ չեն ուզում հարցերը ԱԺ նիստերի դահլիճում քննարկել, կայացնել որոշումներ: Բաբլոյանն ասաց, որ իհարկե, իրենք ուզում են լսումներ հրավիրել, մասնագետների, ՀԿ-ների հետ հարցն ամբողջությամբ քննարկել, ոչ թե «հարցի քննարկումը տեղափոխել փողոց, որտեղ որ ամբոխը միանշանակ է, հարցի լուծում չի կարող տալ, ոչ թե կոչ անել ուժային ճանապարհով լուծում, այլ՝ գնալ ժողովրդավարական ճանապարհով»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց՝ ասելով, որ «ճիշտ չի, որ դուք ԱԺ ամբիոնից բողոքի դուրս եկող քաղաքացիներին անվանում եք «ամբոխ» եւ փորձում եք նեգատիվ երանգավորում տալ»:

ՀՀԿ-ականները, մերժելով քննարկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությունները, ասել էին, որ պոպուլիստական քայլեր են դրանք: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց այդ քննադատությանը. «Այսօրվա խայտառակ թանկացումների պատասխանատուն դուք եք, դուք այդպես եք արմատական լուծումներ տալիս ցանկացած հարցի: Ժամանակին, երբ մենք խոսում էինք գնաճի մասին՝ ամիսներ առաջ, բոլորը բերանները ջուր էին առել: Երբ ասում էինք, որ մանր ժուլիկ տնտեսվարողներ, օգտվելով այս խառը իրավիճակից, արհեստականորեն բարձրացնում են գները, մեզ ասում էին, որ դա պոպուլիզմ է: Հարց եմ տվել, ասել եմ՝ ի՞նչն է էժանացել, ասել են՝ բոլտ ու գայկա, սմբակը եւ փղոսկրը: Պոպուլիստն էլ եք դուք, դեմագոգն էլ եք դուք»: Նա հորդորեց Արա Բաբլոյանին թանկացումների մասին խորհրդարանական լսումներին չմոռանան հրավիրել նաեւ այդ «ժուլիկ» տնտեսվարողներին, որոնք առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների, դեղերի շուկայում խայտառակ գնաճ են ապահովել՝ օգտվելով խառը իրադրությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Եթե ուզեն՝ կամքով արի և աշխարհի հրով վառված…Ինչեր միայն չեն կատարի ամբոխները խելագարված…
    Ե. Չարենց

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031