Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը Մելքումյանի հաշվարկները հեգնեց՝ հորդորելով նրան հարցնել ուսանողներից (Տեսանյութ)

Հունվար 15,2018 11:53

Այսօր խորհրդարանում քննարկվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած հարկային փոփոխությունների նախագիծը, որով նրանք առաջարկում են 150 հազարից մինչեւ 300 հազար դրամ ստացողների համար եկամտահարկը իջեցնել՝ 28%-ից դարձնելով 26%, այսինքն` այնքան, որքան կար մինչ բարձրացումը, որը մոտավորապես 3500 դրամ է կազմում՝ մեկ աշխատողի հաշվով: Ըստ նախագծի հեղինակների, դա բյուջեի վրա մեծ բեռ չի լինի՝ մոտ 2 մլրդի դրամ է հաշվարկել կառավարությունը, բայց ըստ էության, բեռն ավելի փոքր է՝ 500-600 մլն է, որովհետեւ մարդը այդ գումարը չի խնայելու, ծախսելու է, որը էլի հետ է գալու բյուջե:

Այս նախագծին բացասական եզրակացություն էր տվել ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովի անդամները հիմնականում ձեռնպահ են եղել նախագծին՝ գտնելով, որ խնդրին պետք է արմատական լուծումներ տան: Խոսրով Հարությունյանը նշեց, որ ընդամենը 3000 դրամի օգուտ են ունենալու որոշ ընտանիքներ, բայց վարչարարությունը ավելի մեծ ծախս է դնելու բյուջեի վրա:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց ԱԺ մեծամասնությանը կառավարության կցորդը չլինել. «Անհարմար է: Մեծ-մեծ խոսում եք պառլամենտական պետության անցման, խորհրդարանի դերի մասին: Բայց կառավարությունը ոնց մատով ճտտացնում է, բոլորդ հլու-հնազանդ ենթարկվում եք»:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը նորից կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոց. «Քանի որ շանս չեն տալիս ժողովուրդը շնչի, ուրեմն պետք է դուրս գալ փողոց»: Ինչ վերաբերում է արմատական լուծումներին, Մարուքյանը ՀՀԿ-ականներին հարցրեց՝ իսկ ո՞վ է ձեզ խանգարում, որ արմատական լուծումներ տաք. «Դուք հարկերը բարձրացրել եք, պարոն Հարությունյան, ակցիզային հարկը բարձրացրել եք, արմատական լուծումները տվել եք, թանկացրել եք, ո՞վ է ձեզ խանգարում արմատական լուծումներ տալ»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն անդրադարձան Խոսրով Հարությունյանի՝ 3000 դրամի հետ կապված դիտարկմանը: Ըստ Մելքումյանի, այսօր 100 դրամն էլ է փող, 3000 դրամն էլ:

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ մսի թանկացումը հենց 3000 դրամի բեռ է դրել ընտանիքների վրա, գոնե մի տեղից 3000 կստանան, վճարունակ կլինեն:

Վարդան Բոստանջյանն էլ կոչ արեց կողմ քվեարկել նախագծին, հակառակ պարագայում թանկացումների թեմայով ԱԺ նախագահի նախաձեռնած լսումները ձեւական բնույթ կկրեն՝ «գալոչկայի» համար:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ հեռու է այն մտքից, որ 3000 դրամը փող չի, պարզապես խոսում է տնտեսագիտական նպատակահարմարության մասին: Նա հորդորեց հարցնել համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողից՝ այս նախաձեռնության մասին. «Եթե այլ կարծիք կհայտնեն այս օրենսդրական նախաձեռնության մասին, ես պատրաստ եմ…»: Այսինքն, ըստ Խոսրով Հարությունյանի, Միքայել Մելքումյանը, լինելով դասախոս, ուսանողների չափ հաշվարկ էլ չի արել:

Մի պահ կրքերը դահլիճում բորբոքվեցին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանգստացրեց՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի, քանի որ դեմ է կոսմետիկ փոփոխություններին: Նա ասաց, որ մոտ օրերս «Եկամտահարկի մասին» նոր փաթեթ է ներկայացնելու կառավարությունը, այնտեղ գլոբալ փոփոխություններ են նախատեսվում:

Նախագծին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, այն չընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031