Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի սոցիալական ցանցերում բողոքի ալիք է բարձրացել. երկրում սգո օր է

Հունվար 15,2018 11:43

1.Այսօր Իրանում սգո օր է հայտարարված 30 իրանցի և երկու բանգլադեշցի նավաստիների մահվան կապակցությամբ․ կառավարությունը հաստատել է Իրանի նավթային ընկերության վարձակալած «Սանչի» նավթատարի 32 հոգիանոց անձնակազմի մահը, որը պատահել է Չինաստանի ծովում՝ նախ վթարի, ապա պայթյունի հետևանքով․ իրանական նավթատարը բախվել է չինական բեռնատար նավին, վերջինս մարդկային կամ նյութական վնաս չի կրել։ Նավը պատկանում է «Սուեզմաքս» ընկերության, գրանցված է Պանամայում և Իրանի հարավից դեպի Հարավ Կորեա էր փոխադրում 136,000 տոննա խտացված գազ, որը հավասար է մեկ միլիոն բարել հում նավթի և արժեքը գնահատվում է մոտ վաթսուն միլիոն ԱՄՆ դոլար։

Նավի ամբողջական պայթյունը տեղի է ունեցել վթարից ութ օր հետո, որի պատճառով ևս Իրանի սոցիալական ցանցերում բողոքի ալիք է բարձրացել զանազան մեկնաբանություններով․ սոցցանցերի օգտատերերը Իրանի իշխանություններին մեղադրում են` դեպքին ուշ արձագանքելու, իսկ Չինաստանի պետությանը՝ փրկության աշխատանքը միտումնավոր ձգձգելու, հրաշիջումը դանդաղեցնելու և ծովը մաքուր պահելու մտահոգությամբ թունավոր բեռի ամբողջական այրում նախապատրաստելու համար։ Երկու պետությունները ևս փորձում են բացատրել իրավիճակի լրջությունը և հայտնում, որ 350 սանտիգրատ ջերմությամբ վառվող նավին անհնար է եղել մոտենալ, իսկ չինացի փրկարարներին հաջողվել է գոնե մի քանի րոպեով իջնել նավի վրա և դուրս բերել սև արկղն ու երկու վառված դիակ։

Չինացիների կարծիքով նավաստիները մահացել են վթարի հենց առաջին րոպեներին։ Միջազգային օրենքների համաձայն սև արկղը կբացվի Պանամայում՝ երկիր, որի դրոշի ներքո է երթևեկել այդ նավթատարը։

2.Իրանի նախագահ պրն Ռոհանին և արտաքին գործերի նախարար պրն Զարիֆը շատ բուռն են արձագանքել ԱՄՆ-ի նախագահ պրն Թրամփի վերջին որոշման և իրանցի 14 բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ սանկցիա կիրառելու դեմ։ Ի հետևումն ԱՄՆ Կոնգրեսի որոշման՝ Իրանի ատոմային ծրագրի համաձայնագրի 120-օրյա պարբերական վերահսկողության կապակցությամբ, նախագահ Թրամփը անցած ուրբաթ հայտարարեց, որ վերջին անգամվա համար է հաստատում Իրանի ատոմային ծրագրի համաձայնագրին վերաբերող ամերիկյան սանկցիաների առկախումը, բայց իր պետությանը իրավունք է վերապահում Իրանի հանդեպ կիրառել այլ սանկցիաներ, որոնք ատոմային ծրագրին չեն վերաբերում։ Պրն Ռոհանին և պրն Զարիֆը հայտարարել են, որ Թեհրանը Իրանի ատոմային ծրագրի համաձայնագրի վերանայման ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում, անշեղորեն կատարել է համաձայնագրի պահանջները և համապարփակ ծրագրի ստորագրող մյուս կողմերը ևս՝ Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Եվրոմիություն, վերանայման վերաբերյալ ոչ մի հայտարարություն չեն կատարել, այլ խոսել են դրա պահպանման օգտին։ Համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի ամռան։

3. Իրանի ոչ մուսուլման քաղաքացիների տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու վիճելի հարցը հասավ դիվանբաշուն։ Հարցը ծագեց Իրանի Յազդ քաղաքից, որտեղ Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը (մեր բառերով ասած՝ Սահմանադրական դատարանը) մերժեց քաղաքային խորհրդի զրադաշտական անդամ Սեփանթա Նիքնամի վերընտրությունը պատճառաբանելով նրա մուսուլման չլինելը։ Մինչ Իրանի ՏԻՄ ընտրությունների օրենքը թույլ է տալիս իսլամին չդավանող Իրանի քաղաքացիներին ընտրվել քաղաքային և գյուղական խորհուրդներում, Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը դա համարում է Իրանի Սահմանադրության ոգուն՝ և իսլամական պետության հիմնադիր հանգուցյալ Իմամ Խոմեյնիի հրահանգներին դեմ։ Պահապան խորհուրդը միայն հաստատում է ՏԻՄ-երում ընտրված այն ոչ մուսուլմանների ընտրությունը, որտեղ գերակշռող են այդ ոչ իսլամ կրոնի հետևորդները, օրինակ` հայաբնակ և ասորաբնակ գյուղեր Ուրմիայի շրջանում։ Համաձայն Իրանի օրենքների՝ իսլամական խորհրդարանի որոշումներն անցնում են Սահմանադրության պահապան խորհրդի բովից, բայց նրա վճիռը վերջնական չէ․ տարաձայնության դեպքում հարցը փոխադրվում է «Վարչակարգի նպատակահարմարության ճշտող խորհրդին»։

Այժմ պրն Ռոհանիի կողմնակիցները օգտվելով խորհրդարանում ունեցած իրենց հակակշռից Սահմանադրության պահապան խորհրդի որոշումը բողոքարկել են Վարչակարգի նպատակահարմարության ճշտող խորհուրդ, որի որոշումը վերջնական և անբեկանելի է լինելու։

Նախագահ Ռուհանին վերջերս անգամներ արտահայտվել է երկրի ոչ շիա քաղաքացիներին /սուննի, քրիստոնյա, զրադաշտական, մովսիսական/ պետական աշխատանք վստահելու օգտին, բայց բախվել է պահպանողական հոգևորականների ընդդիմության։

Հիշեցնենք, որ ութ միլիոն բնակիչ ունեցող Լոնդոնի քաղաքապետը պակիստանցի ծնողներից ծնված մուսուլման Սադեղ Աման Խանն է։

 

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031