Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ են Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը լինել նախագահի թեկնածու

Հունվար 15,2018 14:00

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` առաջիկա քաղաքական գործընթացների եւ խորհրդարանում թանկացումների վերաբերյալ լսումներ կազմակերպելու մասին:

– Նախօրեին ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է ոչ կուսակցական, հեղինակություն ունեցող եւ ճանապարհ անցած մարդու: Կա՞ կոնկրետ թեկնածություն, որը քննարկվում է, գուցե մի քանի թեկնածություննե՞ր են քննարկվում: Ովքե՞ր են Հայաստանում այդ անկուսակցական, հեղինակություն ունեցող եւ ճանապարհ անցած մարդիկ: Մամուլում արդեն տարբեր անուններ են շրջանառվում:

– Թեկնածուների անուններ, բնականաբար, չեն կարող լինել, քանի որ հաջորդ շաբաթ ենք մենք այդ քննարկումներն անցկացնելու: Բայց դա բոլորիս կարծիքն է, նաեւ իմ անձնական կարծիքը, որ հանրապետության նախագահի թեկնածուն պետք է լինի հեղինակություն վայելող անձնավորություն` ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում, միջազգային ճանաչում ունեցող, ապակուսակցական քաղաքացի, որը նաեւ լեզուների պետք է տիրապետի: Դրանք չափորոշիչներ են, որոնց թեկնածուն պետք է բավարարի: Նման թեկնածուներ մենք մեր ժողովրդի մեջ կարող ենք գտնել: Քննարկումները կլինեն հաջորդ շաբաթ, հաջորդ շաբաթվա ընթացքում այդ մասին կտեղեկացնենք: Հավատացեք, որեւէ անուն, որեւէ թեկնածություն դեռ չի քննարկվել: ՀՀԿ խորհուրդը, ԳՄ անդամները կարող են ներկայացնել թեկնածություններ:

– ՀՀԿ-ն անակնկալներ կմատուցի՞ հանրությանը: Ասենք, հնարավո՞ր է, որ նախկին նախագահներից կամ նախագահի թեկնածուներից որեւէ մեկի թեկնածությունն առաջարկվի:

– Նմանատիպ քննարկում չի եղել: Եթե նշված չափորոշիչներին բավարարող թեկնածություն լինի, դա անակնկալ չի լինի: Թեկնածուն կլինի սպասված:

– Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ են լինել այդ թեկնածուները:

– Դուք նորից գնում եք անունների դաշտ: Նման քննարկումներ չեն եղել: Եվ երբ անուններ եք նշում… այդ անունների հետ պետք է զգույշ վարվենք, որովհետեւ դուք խոսում եք երկրի առաջին եւ երկրորդ նախագահների մասին: Այդ իսկ պատճառով ես ձեռնպահ եմ մնում այդ անունների շրջանակներում որեւէ քննարկումներ անել կամ անձնական կարծիք հայտնել: Երբ քննարկումներ լինեն, նաեւ համապատասխան թեկնածուների կարծիքը կլինի… դա բավական երկար գործընթաց է, մեկ քննարկումով հարցը չի ավարտվի, մենք անմիջապես, շատ բաց ձեւով հանրությանը կհայտարարենք:

– Իսկ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածության մասով կա՞ հստակություն: Բացի այն, որ ՀՀԿ-ական բոլոր գործիչները ուզում են Սերժ Սարգսյանին տեսնել այդ պաշտոնին, ինքը` Սերժ Սարգսյանը, որեւէ ձեւով վերաբերմունք արտահայտե՞լ է:

– Բացարձակապես: Որովհետեւ մինչեւ վարչապետի թեկնածության քննարկումը մենք ունենք հանրապետության նախագահի հարցի քննարկում, բարձրագույն դատական խորհրդի անդամների հարցի քննարկում:
Իսկ ցանկություններով եւ հավակնություններով քաղաքական ուժերը չպետք է առաջնորդվեն, մանավանդ՝ իշխող ուժը: Մենք պետք է նայենք թեկնածուի նպատակահարմարությանը եւ նրա կարողություններին: Երբ քաղաքական ուժը որոշում կայացնի, դրա մասին կխոսենք: Քննարկում դեռ չենք ծավալել: Սա էլ այն խնդիրը չէ, որ ցանկություններով եւ հավակնություններով առաջնորդվենք: Կարող է մարդն ընդհանրապես հավակնություն չունենա, բայց քաղաքական ուժը գտնի եւ հիմնավորի, որ պետք է նմանատիպ անձնավորություն: Այսինքն՝ այն մարդը, որը կարող է այս իրավիճակում երկրի ղեկը վերցնել իր ձեռքը:

– Այսինքն՝ ՀՀԿ-ն ունի՞ իրավասություն պարտադրելու Սերժ Սարգսյանին:

– Սերժ Սարգսյանն այս պարագայում կուսակցականներից մեկն է: Քննարկումները պարտադրանքով չեն լինում, բայց քաղաքական ուժի որոշման արդյունքով են լինում:

– Իսկ Ձեր կարծիքով՝ կա՞ ինչ-որ խնդիր, որը Սերժ Սարգսյանին կարող է խանգարել ստանձնել վարչապետի պաշտոնը:

– Թույլ տվեք այդ հարցի մասին կարծիք չհայտնել, որովհետեւ նախ նման թեկնածություն, որպես այդպիսին, մենք դեռ չենք քննարկել: Չգիտենք էլ, թե ինչպիսի թեկնածուներ կլինեն: Երբ թեկնածությունները լինեն, լինեն խանգարող հանգամանքներ, դա նորից բոլորիս որոշման արդյունքում կլինի` դրանք իրո՞ք խանգարող հանգամանքներ են, թե՞ ոչ:

– Այն, որ տարեսկզբին վարչապետի արձակուրդում եղած ժամանակ նախագահը հավաքեց կառավարության անդամներին, սոցիալական բեռը թեթեւացնելու մասին հրահանգներ տվեց, կրկին տպավորություններ ստեղծվեցին, որ Սերժ Սարգսյանը հավակնում է վարչապետ դառնալ: Նաեւ` տարեվերջին, երբ ակնհայտ էր, որ հունվարի 1-ից թանկացումներ են լինելու` պայմանավորված ե՛ւ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելով, ե՛ւ ՀՀ հարկային օրենսդրության փոփոխություններով, ինչո՞ւ նախագահը, իշխող ՀՀԿ-ն եւ իր կառավարությունը բյուջետային քննարկումները, բյուջեի հաստատումը չէին տանում թանկացումների ֆոնին սոցիալական բեռը նվազեցնելու ուղղությամբ: Արդյոք այն ժամանակ նախագահը պատշաճ իրազեկված չէ՞ր:

– Մենք թանկացումների հետ կապված լսումներ ենք կազմակերպելու եւ դրան մանրամասն կանդրադառնանք: Բայց ուշադրություն դարձրեք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում գնաճը եղել է 5 տոկոս: Այս տարվա նույն ժամանակահատվածում` ընդամենը 2,5 տոկոս: Այդ համեմատության դաշտում որեւէ մեկը չի նայում: Այս եւ այլ հարցերի մենք լսումների ժամանակ դետալ առ դետալ կանդրադառնանք: Ես տեսնում եմ, որ պարզապես միտում է, որոշ ուժեր ցանկանում են ինչ-որ փողոցային շարժում սկսել, որովհետեւ նոր փուլի մեջ ենք մտնում` դեպի խորհրդարանական երկիր, բնական է, որ աշխուժությունը պետք է լինի: Կան ապրանքատեսակներ, որոնք տարվա ընթացքում թանկացել են, որեւէ մեկը դրա մասին չի խոսել: Օրինակ՝ կարագը:

– Բոլորն էլ խոսում էին:

– Տարվա վերջին, հակառակը, կարագի գնի իջեցում է եղել, բայց թանկացման մասին բոլորը սկսեցին հիմա խոսել: Մի փոքր համբերեք` լսումներին ներկա կլինեն բոլոր պատկան, վերահսկող մարմինների ներկայացուցիչները եւ հիմնավորված կտան բոլոր պատասխանները:

– Ստացվում է, որ նախագահը նույնպես տուրք տվեց պոպուլիզմին, հավաքեց կառավարությանը եւ հրահանգներ իջեցրեց:

– Նախագահն իր նախագահի պարտականություններն է կատարել: Եթե մի հարց հասարակական հնչեղություն է ստանում, դուք ականատես եղած կլինեք, նախագահը բազմաթիվ առիթներով հրավիրում է մարդկանց եւ պարզաբանումներ է պահանջում: Եվ եթե նախագահը հանկարծ այդ հավաքը չկազմակերպեր, պետք է վերագրվեր, թե հանրապետության նախագահի կողմից անտարբերություն է:
Իսկ ինչ մնում է հետագա գործունեության վերաբերյալ տպավորություններին, նկատի ունեցեք` Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, եւ մինչեւ նոր նախագահ ընտրվելը, մինչեւ վերջին պահը նա պարտավոր է կատարել իր պարտականությունները: Եվ նա կատարում է իր պարտականությունները:

– Թանկացումների դեմ «Ելք» դաշինքի նախատեսած ակցիան կարո՞ղ է սոցիալական ընդվզման համար նախադրյալ հանդիսանալ:

– «Ելք» դաշինքը ԱԺ քաղաքական ուժերից մեկն է, նա ունի լայն հնարավորություններ, ամբիոն, օրենսդրական նախաձեռնությունների հնարավորություն, եւ նրանք չպետք է ցանկություն ունենային քաղաքական գործընթացները եւ քննարկումները փողոց տեղափոխելու: Ինձ թվում է, որ դա անարդյունավետ քայլ է: Երկրի թիվ մեկ ամբիոնն իրենց տրամադրված է, եւ այս քննարկումները կարող էին ծավալվել խորհրդարանում:
Բայց, բնականաբար, երբ հետընտրական գործընթացներ չեն լինում, ամեն ինչ քաղաքական դաշտում հանդարտ է լինում, ընդդիմությունը պետք է ցանկանա ինչ-որ ակտիվություն իրագործել: Բայց այս ճանապարհով քաղաքականությունը փողոց տանելն իմ կողմից անընդունելի է: Խորհրդարանը, առավել եւս խորհրդարանական երկրի խորհրդարանը նրա համար է, որ բոլոր քննարկումները լինեն այստեղ:

– Բայց երբ ՀՀԿ-ն մեծամասնություն է, եւ միեւնույն է՝ բոլոր նախաձեռնությունները դատապարտված են, հետեւաբար այլընտրանքը փողոցն է մնում:

– Չկա որեւէ նախաձեռնություն, որը քննարկման առարկա չդառնա: Կարող եք վիճակագրությունը նայել` ընդդիմության ներկայացրած ինչքա՞ն առաջարկներ են ընդունվում: Եթե դա պոպուլիզմ չէ, սիրաշահելու խնդիր չկա, իրականությանը համապատասխանում է, այդ օրենքները մենք երբեք չենք անտեսում: Նաեւ իրական իրավիճակն են նայում, մեր ռեսուրսներն ենք գնահատում. հնարավո՞ր է այդ քայլն այդ պահին կատարել, թե՞ ոչ: Երբ իրենց հարց ես տալիս` դուք լինեիք իշխանություն, ձեր առաջարկությունը կընդունեի՞ք, արդեն տատանվում են: Երբ մի առաջարկ արվում է, պետք է հիմնավորել` ինչպես իրագործել: Մոտ օրերս էլ կարող է առաջարկ լինել ժողովրդին ընդհանրապես ազատել հարկերից, որ դուր գան ժողովրդին: Եթե չենք մտածում հավաքագրման մասին, բայց միշտ պնդում ենք, որ պետք է աշխատավարձի բարձրացում լինի` որտեղի՞ց բարձրացնենք աշխատավարձն ու կենսաթոշակները:

– Ստվերի կրճատումից, օլիգարխներին արտոնություններից զրկելուց:

– Եթե հետեւում եք վերջին 1-1,5 տարվա գործընթացներին, այդտեղ մենք ունենք բավական առաջընթաց: Դա էլ խնդիր է, որին մենք միտված ենք, ուղղակի պարտավոր ենք այդ ուղղությամբ աշխատելու եւ գործընթացները տանելու այնպես, որ արդյունավետ լինի, ժողովուրդն էլ զգա: Այդ գործընթացները գնում են:

– Թեեւ բոլոր ՀՀԿ-ականները պնդում են, որ թանկացումները մեր երկրում չեն կարող սոցիալական բունտի պատճառ լինել, բայց մենք տակավին վերջերս ականատես եղանք «Էլեկտրիկ Երեւանին»: Մանավանդ հիմա էլ առջեւում քաղաքական կարեւոր իրադարձություններ են, կատակլիզմներ հնարավո՞ր են:

– Ավելի շատ այդ գործընթացները ցանկանում են իրագործել քաղաքական այդ զարգացումների ընթացքում ինչ-որ խառնաշփոթ ստեղծելու համար: Բայց չեմ կարծում, որ լսումներում մեր տված հիմնավորումներից հետո դրա անհրաժեշտությունը եւ կարիքը լինի: Մենք հանրության առջեւ կլինենք բաց, շատ բաց տեքստով կխոսենք, բոլորին շատ պարզ կբացատրվի: Այն բոլոր օրենքները, որոնք ընդունվել են, ընդունվել են տարվա ընթացքում եւ ուժի մեջ պետք է մտնեին այս տարվանից. որեւէ անակնկալ չի մատուցվել: Այս գործընթացները չպետք է քաղաքականացնել, սրանք բացառապես տնտեսական բնույթի են, շուկան է թելադրում ամենը, եւ, ընդհանրապես, ամեն ինչ պետք է նայել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների հետ համեմատության դաշտում:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

13.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031