«Առավոտը» տնտեսագետ Ատոմ Մարգարյանին, որը նաեւ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հարցրեց, թե արդյոք ուշացա՞ծ չեն հանրապետության նախագահի` գնաճը զսպելու, դրա դեմ լուծումներ գտնելու հանձնարարականները: Հատկապես, որ այն կանխատեսելի էր` պայմանավորված Հարկային օրենսգրքի փոփոխությամբ:
Պարոն Մարգարյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ դեռեւս 2017 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ Կենտրոնական բանկը հստակ գնահատել էր այն ազդեցությունները, որոնք կունենանք այս հինգ ապրանքախմբերի գների բարձրացումից. «Դա նշանակում է, որ եթե այդ ակցիզային հարկերը չբարձրացվեին, եւ գնաճը լիներ Հայաստանում 3 տոկոս, ապա այս գործոնների գումարմամբ ընդհանուր գնաճը 4 տոկոսը չէր գերազանցի, որը թիրախավորված, այս տարվա համար սահմանված գնաճի ցուցանիշն է, եւ ասել, որ չէին կանխատեսել նման բան, երբ որ դու կատարում ես հարկային օրենսդրության մեջ փոփոխություն, այնտեղ աշխատում են տասնյակ հարյուրավոր մասնագետներ, կառույցներ, Կենտրոնական բանկը, կառավարությունը, իհարկե հաշվարկված եւ կանխատեսված էր»:
Մեր ճշտող հարցին, թե ինչո՞ւ հանձնարարականները չեղան մինչ այդ, Ատոմ Մարգարյանը պատասխանեց. «Այ, այդտեղ կարելի է, թերեւս, քննարկել, պարզել, պարզաբանումներ տալ, այդ «ինչու»-ների պատասխանը ես չէ, որ պետք է տամ: Այդ «ինչու»-ների պատասխանը պետք է տան համապատասխան մարմինները»:
Մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ տարին նախընտրական է, եւ նման խորհրդակցությունների շարքը հենց դրանով էլ պայմանավորված է, Ատոմ Մարգարյանն ասաց, որ համամիտ չէ այս տեսակետին: Ըստ նրա՝ տարին նախընտրական չէ. «Դա բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցության ներքին խնդիրն է եւ սկզբունքորեն թեկնածու առաջադրել վարչապետի համար, քվեարկել եւ անցկացնել իր կոալիցիոն գործընկերոջ հետ, դա որեւիցե խնդիր իրենից չի ներկայացնում, եւ այդտեղ նախընտրականության հետ կապված արծարծումը, կարծում եմ, տեղին չէ»:
Մեր այն դիտարկմանը` եթե թեկնածուն հասարակության սրտով չեղավ, հնարավոր է լինեն ընդվզումներ, ցույցեր, պարոն Մարգարյանն ասաց, որ հասարակությունն իր ընտրությունը կատարել է, եւ այդ տեսանկյունից չի կարծում, որ քաղաքական վայրիվերումներ կլինեն. «Հասարակությունն ընտրել է այդ կուսակցությանը, եւ այդ կուսակցությունը ինքը կորոշի` ում է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, դա նորմալ է, եւ դա դարձնել համազգային քվեարկության խնդիր, հուզումների խնդիր՝ ճիշտ չէ: Ով էլ լինի վարչապետ, պատասխանատվությունը պառլամենտական կառավարման համակարգում կրում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Մենք անձնակենտրոն իշխանությունից անցնում ենք ինստիտուցիոնալ կառավարման: Շատերը դա չեն պատկերացնում, շատերը պարզապես այլ ձեւով են ընկալում: Այստեղ անձի դերն էապես նվազելու է: Ես այդտեղ խնդիր չէի տեսնի եւ չէի կապի գնաճի հանձնարարականների հետ»:
Ըստ պարոն Մարգարյանի, օրինակ` գնաճի մեջ կարող է դեր խաղալ մարդկային ագահության գործոնը. «Էլ ինչ բիզնես` առանց մարդկային ագահության: Բիզնեսը միշտ նպատակամղված է գերշահույթ ստանալուն, բայց օրենքները, ինստիտուցիոնալ որոշումները, ենթաօրենսդրական ակտերը, ինչու չէ՝ նաեւ հանրային ճնշումը ռեալ սահմանափակումներ են, որ նա սահմանափակի իր ախորժակը, իսկ հիմնական մեխանիզմն իհարկե մրցակցությունն է»:
«Առավոտի» այն հարցին, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ինչու է սպասում հանձնարարականներին, ինչպես որ ականատես եղանք տարեվերջյան կառավարության նիստին, երբ վարչապետն այս կառույցին էլ առաջարկեց ուշադիր լինել` անհիմն թանկացումներից խուսափելու համար, Ատոմ Մարգարյանը պատասխանեց. «Այդ կառույցն աշխատում է, չպետք է նայել սեւ ակնոցով: ՏՄՊՊՀ-ն մշտապես դիտարկումների տակ է պահում բոլոր այն շուկաները, որտեղ ընկերությունները գերիշխող դիրք ունեն: Մեր երկրում հիմնական խնդիրներից մեկը բիզնեսի եւ իշխանության քաղաքական սերտաճումն է, մենք ունենք Ազգային ժողովում նստած միլիարդատերեր, որոնք ունեն կուսակցություններ, ոմանք չունեն, բայց մեծ կուսակցության անդամ են, իրենք օգտվում են այդ իրավիճակից: Խնդիրը նաեւ քաղաքական է, ներկուսակցական դեմոկրատիան մեզանում դեռեւս քարանձավային վիճակում է: Այսինքն` մարդիկ մինչեւ կուսակցական ցուցակ մտնելը՝ նրանք պետք է իրենց կուսակցության մեջ քվեարկվեն, ռեյտինգ ունենան, հետո մտնեն այդ կուսակցության ցուցակ: Սա այն մշակույթն է, որի հիման վրա թռիչք է ունեցել քաղաքակիրթ աշխարհը: Մենք դեռեւս այդ մշակույթի դռների մոտ ենք կանգնած»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
13.01.2018