Լրահոս
Օրվա լրահոսը

«Կփրկվեն այն մոլորյալները», որոնք չեն էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում գիտական ատենախոսություն պաշտպանել կանոնակարգի կոպիտ խախտումով ձեւավորված մասնագիտական խորհրդում

Հունվար 15,2018 13:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգարժան պարոն վարչապետ, ստիպված եմ հանդես գալ բաց նամակով, որովհետեւ վերջնականապես համոզվեցի, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում պետական կառավարման համակարգի որոշ պաշտոնյաներ, որոնց գործունեության արդյունքում հովանավորվում են սահմանված կանոնակարգերի խախտումները: Ձեզ ուղղված իմ երեք դիմումներում (թեեւ համոզված չեմ, թե դրանց մասին Դուք տեղյակ եք) գրել էի, որ ՀՀ կառավարության հաստատած Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգերի պահանջների խախտումներով ՀՊՏՀ ներկայացրած եւ ԲՈՀ-ի ձեւավորած Ը.00.01 «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտությամբ խորհրդի վերաբերյալ փաստարկված ահազանգին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից տրվել են չհիմնավորված եւ կամայական պարզաբանումներ: Այդ դիմումներում հիմնավորել էի, որ Ը.00.01 «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտությամբ խորհուրդը հաստատվել է «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի» 2-րդ, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 16-րդ կետերի պահանջների խախտմամբ, քանի որ չի պահպանվել համապատասխան մասնագիտությամբ առնվազն երեք գիտությունների դոկտոր ՀՊՏՀ-ում հիմնական աշխատող ունենալու եւ խորհրդի անդամ երկու գիտությունների թեկնածուների՝ վերջին հինգ տարվա հրապարակումների քանակի՝ նվազագույնը տասը լինելու պահանջը:

Առաջին դիմումի պատասխանի մեջ (N 01/20/1592-17, 09.02.2017) նախարարը փորձել էր վերոնշյալ կանոնակարգերում «մասնագիտություն» բառը ներկայացնել դրա՝ իբրեւ թե «նեղ» եւ «լայն» իմաստների չհիմնավորված բացատրություններով, մինչդեռ իմպերատիվ նորմով կարգավորումը չի կարող ունենալ լայն եւ նեղ իմաստով մեկնաբանություն: Այսպես. «մասնագիտությունը» եւ «բնագավառը» բառերը միանգամայն տարբեր իմաստներով գործածվող եզրույթներ են: Գիտության բնագավառը Ը. 00. 00-ն է, իսկ մասնագիտությունը՝ Ը. 00. 01, հետեւաբար՝ դրանք միանգամայն տարբեր են, եւ մեկը մյուսի փոխարեն իմաստային առումով եզրույթներ չեն կարող համարվել: Ուստի դոկտորի գիտական աստիճան ունեցող առնվազն 3 հիմնական աշխատողներ ունենալու պահանջը վերաբերում է Ը. 00. 01 «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտությանը, այլ ոչ թե տնտեսագիտությանը՝ որպես գիտության բնագավառի:

ՀՀ ԿԳ նախարարը Ձեզ ուղղված իմ երկրորդ դիմումի պատասխանում (N 01/20/3992-17, 27.03.2017) փորձել է ներկայացնել լրացուցիչ բացատրություն, որը չունի որեւէ հիմնավորվածություն: Ստիպված եմ նորից արձանագրել, որ ԿԳՆ-ն առաջնորդվում է շահախնդիր միտումներով, չնայած այն բանին, որ Ձեզ ուղղված իմ նամակներում ներկայացվել են վերոնշյալ կանոնակարգերի խախտումների անժխտելի ապացույցներ: Պատասխան գրություններից պարզ է դառնում, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, քննարկվող հարցերից միտումնավոր խուսափելու վարքագծի հետ: Աբսուրդն այն է, որ նախարարը փորձել է ապացուցել, թե Կառավարության հաստատած կանոնակարգող փաստաթղթում նույն հասկացությունը տարբեր տեղերում պետք է հասկանալ տարբեր իմաստներով:

Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ խոսքը ԲՈՀ-ի գործունեության ոլորտը կարգավորող հիմնական հասկացություններից մեկի՝ «մասնագիտություն» եզրույթի մասին է: Պաշտպանության ներկայացվող բոլոր ատենախոսություններում եւ սեղմագրերում յուրաքանչյուր դասիչը նշելուց հետո չակերտներում գրվում է որոշակի մասնագիտության անվանումը, որից հետո՝ «մասնագիտությամբ գիտական աստիճանի հայցման ատենախոսություն» արտահայտությունը: Դա եւս մի վկայություն է այն մասին, որ «համապատասխան մասնագիտություն» արտահայտությունը հենց ցույց է տալիս տվյալ դասիչի՝ մասնագիտությունը ընդգծելու, առանձնացնելու փաստը: Հետեւաբար՝ մեկ հասկացությունը (մասնագիտություն) չի կարող նույն կանոնակարգում ներկայացնել երկու հասկացության (մասնագիտություն, բնագավառ) միանգամայն տարբեր իմաստները:
Անվիճելի է, որ յուրաքանչյուր բառի բառարանային իմաստը կարող է ընդհանրական լինել, սակայն մասնագիտական ոլորտում, նաեւ իրավական փաստաթղթերում այն ընդհանրական չէ, այլ կոնկրետ հասկացություն (եզրույթ) է, ինչն էլ հենց ամրագրում է դրա ստույգ ու ճշգրիտ իմաստը, որի պարագայում է, որ բացառվում է գիտական տեքստի, ցանկացած մասնագիտական շարադրանքի, ինչպես նաեւ իրավական փաստաթղթի տարընթերցումն ու սահմանված պահանջների իրականացման խառնաշփոթը: Հետեւաբար՝ ՀՀ ԿԳ նախարարի ներկայացրած՝ Է. Աղայանի բառարանում մասնագիտական բառի բազմիմաստությունը միանգամայն հասկանալի է, իսկ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում դրա բազմիմաստ մեկնաբանությունը, մեղմ ասած՝ չիմացության կամ գիտակցված խեղաթյուրման, խնդրո առարկա կանոնակարգի կամայական մեկնաբանության ապացույց:

Եթե քննարկվող կանոնակարգի տարբեր հոդվածներից յուրաքանչյուրում «մասնագիտություն» հասկացությունը պիտի հասկացվի տարբեր իմաստներով, ապա պետք է ընդունել, որ, ըստ օրենքի գործելու փոխարեն, փաստաթղթի շարադրմանը, քննարկմանը եւ հաստատմանը մասնակցած պետական պաշտոնյաները եւս կամայականություն են դրսեւորել: Դրա վառ ապացույցն է նաեւ «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 16-րդ կետի պահանջի ակնհայտ խախտման եւ ԳԿ նախարարի անհեթեթ, ոչ գրագետ, ուստի անհասկանալի բացատրությունը՝ կապված խորհրդի անդամ երկու գիտության թեկնածուների անհրաժեշտ քանակի հրապարակումներ չունենալու փաստի հետ: Ձեզ ուղղված իմ առաջին դիմումի պատասխանի մեջ ԳԿ նախարարը գրում է. «ԲՈՀ-ը որոշում կայացնելուց, ելնելով սահմանված նորմի պահանջներին ամբողջությամբ չհամապատասխանող գիտությունների թեկնածուների փաստացի բացակայության հանգամանքից եւ առաջնորդվելով վերոնշյալ սկզբունքներով, խորհուրդների առջեւ դրել է խորհրդի կազմում ընդգրկվող թեկնածուների կողմից սեղմ ժամկետում նոր հոդվածների հրատարակման պայման»:

Փաստորեն, կանոնակարգի պահանջները չբավարարող 2 թեկնածուները, նախ՝ ընդգրկվել են Ը.00.01 «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտությամբ խորհրդի կազմում, հետո խորհրդի առաջ պայման է դրվել նրանց կողմից սեղմ ժամկետում հոդվածներ հրապարակելու: Նույն տրամաբանությամբ գուցե կարելի է մարդուն գիտական աստիճան շնորհել առանց համապատասխան հրապարակումների՝ հետագայում հոդվածներ տպագրելու պայման դնելով նրա առաջ: Սա, մեղմ ասած, չափազանց անլուրջ է. չէ՞ որ համապատասխան հոդվածների առկայության փաստով է որոշվում որեւէ մասնագետի տվյալ խորհրդի կազմում ընդգրկվելու հարցը: Փաստորեն, որոշ պատկան պաշտոնյաներ իրենց օրենքից դուրս են հայտարարել եւ գործում են «բակլան իմն է՝ խաշած եմ ցանում» սկզբունքով: Եվ այսքանից հետո պարզվում է, որ պարոն նախարարի համար, ինչպես ինքն է գրում, «միանգամայն անհասկանալի եւ չհիմնավորված է «կոռուպցիոն շղթա» արտահայտությունը»: Ավելի քան համոզված եմ, որ պարոն նախարարը բոլորից լավ գիտի, որ կանոնակարգի յուրաքանչյուր նման խախտում պայմանավորված է կոռուպցիոն ռիսկերի եւ դրա հետեւում թաքնված որոշակի «ազդեցիկ» մարդկանց առկայությամբ:
Ինչ վերաբերում է իմ երրորդ դիմումի պատասխանին (N 01/20/7760-17, 14.06.2017), ապա նախարարը նշում է, որ նոր բացատրություն չունի: Եթե նախարարը հովանավորում է գործող կանոնակարգերի խախտումը, իմ դիմումներին պատասխանում է մերկապարանոց հայտարարություններով՝ շրջանցելով ներկայացված փաստարկները, ապա բնական է, որ որեւէ այլ բացատրություն չի կարող ունենալ, թեեւ ակնհայտ են դրա իրական պատճառները:

Մեծարգո վարչապետ, ակնկալում եմ Ձեր համապատասխան միջամտությունը ՀՊՏՀ-ի ներկայացրած եւ ՀՀ ԲՈՀ-ի կողմից Ը. 00. 01 «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտության վերաբերյալ կայացրած որոշումը ապօրինի համարելու եւ վերացնելու, մանավանդ, որ այդ խորհրդի ավելի քան մեկ տարվա գործունեության ընթացքում ոչ մի հայցորդ այդ խորհրդում չի պաշտպանել, ըստ էության խուսափել է դրա ոչ օրինական լինելու պատճառով: Հուսով եմ, որ Ձեր միջամտությամբ կկանխվի ոչ միայն անօրինականությունը, այլեւ «կփրկվեն այն մոլորյալները», որոնք հայտնվելով այդ «ազդեցիկ» մարդկանց ծուղակում՝ չեն էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում գիտական ատենախոսություն պաշտպանել կանոնակարգի կոպիտ խախտումով ձեւավորված մասնագիտական խորհրդում:

Ակնկալում եմ, որ այդ խնդիրը վերջապես կստանա պատշաճ լուծում Ձեր հայտարարած հակակոռուպցիոն պայքարի համատեքստում եւ այլ դիմումների կարիք այլեւս չի լինի:

Հ. Ի. ԱՂԱՋԱՆՅԱՆ

ՀՊՏՀ տնտեսագիտության
տեսության
ամբիոնի պրոֆեսոր, տնտ. գիտ. դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031