Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնության խորհուրդն ու միմյանց բեռը կրելը

Հունվար 15,2018 12:30

Ընտանեկան կյանքում, երբ եւ ամուսինը, եւ կինը մեղք են գործում, Աստված կարող է մեկին օգտագործել մյուսին շտկելու համար: Որեւէ մեկս արդար չենք: Երբ կարողանում ենք տեսնել մեր սեփական մեղքերն ու սխալները, ապա դիմացինի սխալների նկատմամբ ավելի համբերատար ու ներողամիտ ենք դառնում: Այստեղ սկսվում է ապաքինումը: Պողոս առաքյալն ասում է. «Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը» (Գղ 6:2): Ինչպե՞ս դա անել ամուսնական կյանքում:

Մի անգամ Ռուս եկեղեցու սրբերից Սիլուան Աթոսացին, երբ դեռ բանակում էր ծառայում, տեսավ, որ իր ծառայակիցներից մեկը, ով արդեն պիտի զորացրվեր, շատ տխուր էր: Պարզվեց, որ այդ զինվորը ծնողներից նամակ էր ստացել, թե կինը հղիացել է ուրիշից, մինչ ինքը ծառայում էր բանակում: Զինվորի ծնողները երեւում է բարեպաշտ մարդիկ էին ու դուրս չէին արել շնացող հարսին: Բայց նրանք ցանկացել էին տեղեկացնել իրենց զինվոր տղային, որ երբ նա վերադառնա, այդ մեծ ուրախությունը միանգամից տխրության փոխվելով՝ հանկարծ վատ բան չպատահեր: Գիտեք, երբ որ մեծ ուրախությունը մեծ տխրության է վերածվում, ամեն մարդ չի կարող իրեն տիրապետել:
Ու գիտե՞ք ինչ խորհուրդ տվեց այս զինվորին ապագա սուրբը: Ասաց, գիտեմ դժվար է, բայց թող քո տխրությունն ու քո նեղվածությունը: Գնա տուն եւ ընդունիր քո կնոջը եւ այդ երեխային՝ որպես քոնը: Եվ դուք երջանիկ կլինեք:

Զինվորը զարմացած նայում է ապագա սուրբին ու ասում. «Ես չեմ կարող դա անել, այս ի՞նչ եք ասում: Լավ, ասենք, միաչքանի է դարձել, տգեղացել է, կամ ոտքն է կոտրել, դրան կարող եմ դիմանալ, բայց նա շնացել է ուրիշի հետ, ես ինչպե՞ս իրեն ընդունեմ»: Ու այստեղ Սիլուան նրան ասում է. «Իսկ դու հիշիր, քո ծառայության ընթացքում դու քանի անգամ ես հասարակաց տուն գնացել ու շնացողների հետ շնացել»: Ու այստեղ զինվորն անդրադառնալով իր կյանքին, ասում է՝ այո, մի քանի անգամ գնացել եմ անբարոյական կանանց մոտ ու շնացել: Իսկ Սիլուանը նրան ասում է. «Տեսնո՞ւմ ես: Դու մի քանի անգամ ես գնացել, բավարարվել ու ոչ մի պատասխանատվություն չես կրում: Իսկ քո կինը միայն մեկ անգամ է սայթաքել, նա կին է, բայց ահա արդյունքը: Նա հղիացել է ու կրելու է ամբողջ պատասխանատվությունը: Ո՞վ է ավելի մեղավոր, դու մի քանի անգամ ես շնացել, իսկ նա մեկ անգամ: Եթե դու ինքդ ես դա արել, ապա նրան ինչո՞ւ չես կարող ներել նույն մեղքի համար: Չէ՞ որ առաքյալը մեզ սովորեցնում է կրել միմյանց բեռը»:

Գիտե՞ք այսպիսի խոսքեր միայն սուրբ ու հոգեւոր մարդիկ կարող են ասել, ում տրված է հատուկ շնորհ տեսնելու, թե ինչ խոսքեր կարող են կապել մարդու հպարտությունը, որպեսզի նա կարողանա ինքն իր մեղքերը տեսնի ու դիմացինին դատելու փոխարեն՝ ների: Ու այս զինվորը որոշում է հենց այդպես էլ վարվել: Տուն վերադարձի ամբողջ ճանապահին նա իրեն պատրաստում է կնոջը ներելու, նրա բեռը կրելու:

Մտնում է տուն: Կանգնած են ծնողները եւ կինը՝ երեխան գրկին: Ծնողները ցնցված են: Կնոջը մեղադրելու փոխարեն, նա խոստովանում է իր սեփական շնության մեղքերը, զղջում դրանց համար, համբուրում զղջացող կնոջը, ծնողներին ու գնում են գյուղով մեկ բարեկամներին այցելելու, որ նա զինվորությունից ողջ ու առողջ վերադարձել է ու արդեն երեխա ունի: Տեսնո՞ւմ եք, Աստված մի մեղավորի միջոցով շտկում է մյուս մեղավորին ու երկուսն էլ ի վերջո զղջալով՝ իրենց ընտանիքում սկսում են կառուցել այն փոքրիկ եկեղեցին, որ ամեն ընտանիքում պիտի լինի: Գիտե՞ք, այն մարդիկ, ովքեր տեսնում են իրենց սեփական սխալները, ու հասկանում, որ եթե դրանց համար չզղջան, իրենք կտառապեն ու ի վերջո դժոխք կգնան, այդ մարդիկ սկսում են արդեն ավելի խղճով ու ներողամտությամբ վերաբերվել իրենց դիմացինների մեղքերի նկատմամբ:

«Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը» (Գղ 6:2), գրում է Պողոս առաքյալը: Ձեր ամուսնու կամ կնոջ բեռը նրա թերություններն են, նրա մեղքերն են, որով նա տառապում է, սխալներ գործում ու չի կարողանում դրանցից ազատվել: Ու դուք այստեղ եք, որ նրան օգնեք: Դուք կարո՞ղ եք նրա բեռը կրել: Պետք է կրել, սիրելի բարեկամ: Քանի որ ձեր ամուսնությունը կամավորապես է եղել, ապա պետք է կինը կրի ամուսնու բեռը եւ ամուսինը կրի կնոջ բեռը, որպեսզի ընտանիքում սեր ու խաղաղություն լինի:
Երբ դուք ամուսնանում էիք, հավանաբար ուզում էիք, որ ձեր կողակիցը լիներ վստահելի, ամուր, լսող ու օգնական մեկը: Եվ ահա նա ձեր փրկության օգնականն է իր բոլոր թերություններով հանդերձ: Որովհետեւ քո կնոջ կամ ամուսնու թերություններն են, որ քո մեջ վեր են հանում քո էգոիզմը, հպարտությունը, ինքնահավանությունն ու անհամբերությունը: Նա թերանում է, իսկ դու չես դիմանում, բարկանում ես, քեզ չես տիրապետում: Ու ինչ է կատարվում: Քո մեղքն ու կրքերը սկսում են տեսանելի դառնալ:

Տեսեք, նա իր թերություններով հանդերձ քեզ օգնում է տեսնել քո սեփական կրքերը, որպեսզի դու դրանց դեմ պայքարես եւ ուզենաս ազատվել դրանցից: Արդյունքում նա քո օգնականն է դառնում քո փրկության գործի մեջ: Նա օգնե՞ց քեզ քո մեղքը տեսնել: Օգնեց: Իսկ որտեղի՞ց են մեղքերը դուրս գալիս: Տեր Հիսուսն ասում է՝ «մարդու սրտից»:
Մենք ինչպե՞ս կարող ենք մեր մեղքերը տեսնել, եթե ինչ-որ մեկը դա չսադրի ու չբարկացնի: Ուրեմն կարելի է այդպես փրկվե՞լ: Այո, կարելի է, եթե դուք դա ընդունեք, որպես խաչ: Չէ՞ որ եթե մենք ուզում ենք գնալ Քրիստոսի հետեւից, պետք է ուրանանք մեր սեփական անձն ու կրենք մեր խաչը: Ու հիշո՞ւմ եք Պողոս առաքյալի այն խոսքերը, թե՝ «Ի՞նչ գիտես, դո՛ւ, կի՛ն, թէ քո մարդուն փրկելու ես. կամ ի՞նչ գիտես, դո՛ւ, մա՛րդ, թէ քո կնոջը փրկելու ես» (Ա.Կր 7:16):

Ուրեմն ձեր անհավատ կամ սխալներ գործող կինը կարող է ձեզ օգնի, որ դուք փրկվեք: Եվ նույնպես էլ, ձեր անհավատ կամ սխալներ գործող ամուսինը կարող է ձեր փրկության օգնականը լինել, որպեսզի ձեր չար կրքերն ու մեղքերը ջրի երես ելնեն, դուք դրանք տեսնեք, զղջաք ու ապաշխարության կյանք սկսեք: Ու այսպիսով, եթե ամուսիններից գոնե մեկն այս բանը տեսնի ու հասկանա ու սկսի իր դիմացինի փրկության համար կրել նրա բեռը, այս ընտանիքը կփրկվի ու ամեն ինչ Աստուծո շնորհով ու օգնությամբ կսկսի ապաքինվել: Այս բաները հասկանալու համար պետք է կարդալ Աստուծո Խոսքը, սովորել այն, աղոթել միասին, օգնություն խնդրել չարի դեմ պայքարում եւ միասին աճել Քրիստոսի եկեղեցու մեջ:

Եթե հավատքը չլինի, ապա ընտանիքները հուսահատության գիրկը կընկնեն: Իսկ հուսահատությունը հեռացնում է հավատքը: Ահա գալիս է կինն ու ասում՝ ինչպես ես օգնեմ իմ ամուսնուն, նա ամբողջ օրը պարկում է բազմոցի վրա ու չի աշխատում, նա խմում է ու հարբում, նա այս է անում, այն է անում, ու խեղճը կորցրել է իր հույսը: Գիտե՞ք՝ սա ինչից է, երբ որ մարդը սկսում է տխրել ու հավատք չունի, նա ընկնում է հուսահատության գիրկը ու հուսահատությունը դուռը փակում է Աստուծո շնորհի ու օգնության առաջ: Երբ հավատք չկա, մարդը մոռանում է, թե ինչպես աստվածային նախախնամությամբ իրենք հանդիպեցին տարիներ առաջ, սիրեցին ու երեխաներ ունեցան, ու հիմա առանց հավատքի նա չի կարողանում հասկանալ, թե ինչու այսքան դժվարություններ կան իրենց ընտանիքում: Բայց չէ՞ որ մեր մեղքերի պատճառով են այս ամենը կատարվում, ու Աստված մեզ օգնում է, մեկիս միջոցով մյուսիս փրկել:

Գիտեք՝ սեփական խաչը հոժարությամբ կրելը դժվար բան է: Այնտեղ միշտ չէ, որ ժպիտ կա: Բայց երբ նայում ենք սուրբ մարդկանց կյանքին, ովքեր իրենց սեփական խաչը կրել են հոժարությամբ, ապա մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստուծո շնորհը տաքացրել նրանց սրտերը, ինչպես է Տերը ջերմացրել նրանց հոգիները ու ինչ հույսով ու խաղաղությամբ են նրանք համբերել, սիրել ու կրել իրենց խաչը:

Նույնպես էլ մենք, եթե ամուսնական կյանքում կարողանանք տեսնել մեր սեփական մեղքերը, ապա կտեսնենք նաեւ դիմացինի տառապանքն ու կկրենք միմյանց բեռը: Այստեղ կսկսի ապաքինումը, փրկությունն ու կգործի Աստուծո շնորհը:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

13.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031