Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ԱԺ-ում ներկայացրեց իր եւ իրենց խմբակցության մի քանի պատգամավորների հեղինակած «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու նախագիծը, որը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձերը, այգիները, որոնք կարկուտից, երաշտից, ցրտահարությունից առնվազն 40 տոկոսով վնասվել են, կոնկրետ մեկ տարով նրանց ազատեն հողի հարկից: Ըստ պատգամավորների, բնական աղետների պատճառով գյուղացին արդեն տուժում է, եւ հարկային պարտավորության ենթարկելն անընդունելի է, առանց այն էլ նրանք վարկեր են վերցնում եւ մեծ խնդրի առաջ կանգնում, մի հատ էլ հողի հարկ դեռ պետք է տան: Էնֆիաջյանն ասաց, որ մեր երկրի գյուղացիներին չպետք է մղենք հարկերի, վարկերի ու պարտքերի դաշտ, ու նրանք ընտրեն արտագաղթի ճանապարհը:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց այն, ինչ հանձնաժողովի նիստում էր ասել՝ պետական բյուջեն վնասներ է այդպես կրելու եւ պետությունը արդեն փոխհատուցում է գյուղացու վնասները, ստացվում է, որ երկու անգամ է փոխհատուցելու: Բացի այդ, նա ասաց, որ հակակարկտային կայանների հարցը ավելի լավ է լուծեն: Էնֆիաջյանը հակադարձեց, որ որեւէ ծրագիր մյուսին չի հակադրվում, կարող է «եւ-եւ» լինել:
«Ելք» խմբակցության անունից Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու եւ ԱԺ-ն հենց նրա համար է, որ քննարկեն այդ հարցերը:
Այնուամենայնիվ, նախագիծն ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկելուն դեմ էր քվեարկել 54 պատգամավոր եւ այն չընդունվեց:
Ուշագրավ է, որ Սեյրան Սարոյանը տեղից ասել էր, որ գյուղացին իրոք շատ է տուժում, արժե օգնել, բայց քվեարկության ժամանակ նա դեմ է քվեարկել նախագծին՝ ինչպես եւ ՀՀԿ եւ ՀՅԴ բոլոր պատգամավորները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ