Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կառավարությունը «Չարի վերջի» հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է այս պետության գլխին». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Հունվար 15,2018 10:51

Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներ են կազմակերպելու:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց, թե պաշտոնական տվյալներով որ ապրանքատեսակներն են թանկացել՝ կարագը՝ 41 տոկոսով, գառան միսը 28 տոկոսով, ձուկը՝ 23 տոկոսով, տավարի միսը՝ 17 տոկոսով, դիզելային վառելիքը, բենզինը եւ այլն: Հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գնաճը նոր թափ է ստացել ու բենզինի, լիցքավորման գազի թանկացումը բերելու է բոլոր ապրանքների թանկացմանը. «Այն հաշվարկը, որը հրապարակել է ԱՎԾ-ն, ցույց է տալիս, որ գնաճի թվերը էականորեն նվազեցված են: Գնաճի առաջն առնելու միջոցը Հարկային օրենսգրքում հրատապ փոփոխություններ անելն է Ակցիզային հարկի, ԱԱՀ-ի, եկամտահարկի մասով: ԱԺ մեծամասնությունը չի գնալու զիջման, քանի դեռ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց եւ իրենց պահանջը չեն ձեւակերպել»: Ուստի նա կոչ արեց մարդկանց ամսի 19-ին մասնակցել իրենց երթին:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանի խոսքով՝ «Տպավորություն է, որ այս կառավարությունը «Չարի վերջի» համապատասխան հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է այս պետության գլխին ու այն ոլորտները, որտեղ չնչին, թեթեւակի աճ է տեսնում, միանգամից ասում է՝ կացինը բերեմ, ծառը կտրեմ: Խնդիրը վերաբերում է թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, թե՛ գյուղատնտեսության ոլորտին, որտեղ 58 մլն-ից ավելիի դեպքում ԱԱՀ-ով հարկելու խնդրին: Արարատի ճանապարհին ջերմոցային տնտեսություններ են կառուցվում, ապրեն այդ մարդիկ, չգիտեմ ումն են, բայց այդ տարածքները երբեք չեն մշակվել: Մարդիկ բարիք են  ստեղծում: Այսօրվա դրությամբ նման օրենք մտցնելով՝ մենք ամբողջությամբ հարվածում ենք նոր զարգացող տնտեսություններին՝ կտրելով այդ աշխատատեղերի հնարավորությունը: Ես էլ համոզված եմ, որ այս  իշխանությունը, բացի պետական բյուջեն ինքնանպատակ լցնելուց, ուրիշ որեւէ բանի ունակ չի: Հետեւաբար կոչ եմ անում, միակ հնարավորությունը, սիրելի՛ ժողովուրդ, ամսի 19-ին փողոց դուրս գալն է»:

Ըստ նրա, միայն փողոց դուրս գալով է հնարավոր այս թանկացումների բերող օրենքները «հետողորմյա անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031