2017թ. նոյեմբերի 7-ին «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը, որը մասնաճյուղեր ունի աշխարհի տասը երկրներում, հանդես է եկել հայտարարությամբ: Ընդունելով «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագիրը՝ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը միացել է ճակատին, և ձևավորվել է քաղաքական նոր պլատֆորմ, ինչը ողջունում է ՀՀՊ ճակատը, գնահատում սփյուռքի մտահոգությունը Հայաստանում ստեղծված վիճակով և նրանց պատրաստակամությունը՝ աջակցելու հայրենիքին, քանզի Հայաստանը համայն հայության հայրենիքն է։
2018թ. հունվարի 4-ին Երևանում «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀՊ ճակատի նախաձեռնող խմբի անդամների հետ՝ արձանագրելով, որ Հայաստանի իշխող վարչախումբը քայլ առ քայլ օտարներին է հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը՝ միաժամանակ ՀՀ քաղաքացիներին զրկելով արժանապատիվ ապրելու հնարավորությունից։
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատի մաս կազմելով, իր ջանքերն է ներդնելու, որպեսզի Հայաստանում գործի լեգիտիմ սահմանադրությամբ ամրագրված պետական կառավարման առաջադեմ, ժողովրդավարական համակարգ, Հայաստանում իշխանությունը ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, և Հայաստանը դառնա միջազգային առաջադեմ հանրության լիիրավ անդամ։
Մամուլի հաղորդագրություն