6-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի աշխատանքներն այսօր մեկնարկեցին:
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ հունվարի 23-ին խորհրդարանական լսումներ են լինելու. «Հաշվի առնելով հասարակական եւ քաղաքական շրջանակներում առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաեւ այս հարցի առնչությամբ ՀՀ նախագահի մտահոգությունները, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ԱԺ-ի նիստերի դահլիճում հրավիրվում են առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով ԱԺ լսումներ»:
Արա Բաբլոյանը հորդորեց Տնտեսական հարցերի հանձնաժողովին կազմակերպել խորհրդարանական լսումները՝ ապահովելով ՀԿ-ների, շահագրգիռ պետական մարմինների մասնակցությունը լսումներին:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Բաբլոյանից ճշտեց՝ Սերժ Սարգսյանը հանձնարարակա՞ն է հնչեցրել, որ լսումներ անցկացվեն՝ ԱԺ նախագահը պատասխանեց, որ հավանաբար Փաշինյանը սխալ է լսել, հանձնարարական չի եղել, դա իր նախաձեռնությունն է: Նա ասաց, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը պետք է ժամանակ առ ժամանակ կարեւոր հարցերին անդրադառնա, դա իր նոր կարգավիճակն է՝ նոր Սահմանադրությամբ:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով լսումների մասին՝ ասաց, որ ՀՀԿ-ն այնպիսի տպավորություն է ուզում ստեղծել, իբր նոր են իմացել, որ թանկացումներ կան ու ամեն բան ուզում են անեն, որ դրա դեմն առնեն: Նա հիշեցրեց, որ թանկացումների մասին ամբողջ 2017-ին խոսել են, ասել են, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու. «Երբ սեղմված գազի ակցիզային հարկը 8000 դրամից դարձնում էիք 25 հազար դրամ, 3 անգամ թանկացնում էիք, այդ պահին չէի՞ք մտածում, որ թանկացումներն ունենալու են դոմինոյի էֆեկտ, շղթայական էֆեկտով թանկանալու են: Որտեղի՞ց է ձեր զարմանքը: Երբ բենզինի ակցիզային հարկը 40 հազար դրամ էիք դարձնում, թանկացումներ էիք անում, բոլոր թանկացումները շղթայական էֆեկտ է լինելու»: Ըստ նրա, այս լսումները անիմաստ է կազմակերպել, «գազը բաց թողնելու ինչ-որ միջոցառում է լինելու»: Ըստ նրա, պետք է Հարկային օրենսգիրքը հետ բերել ու փոխել, պետք է ամսի 19-ին բոլորը թանկացումների դեմ դուրս գան փողոց՝ իրենց կազմակերպած երթին մասնակցեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ