Փայլակի աշխատասենյակում հնչեց հեռախոսազանգը: Մեծ գործարանի Գլխավոր էներգետիկի բաժնի վարիչն էր զանգահարում:
-Լսում եմ ընկեր Առաքելյան,-ասաց Փայլակը, հեռախոսի ընկալուչը դանդաղորեն մոտեցնելով ականջին:
-Բարև՛ Փայլակ, շտապ գնա դիրեկտորի տեղակալ Կալեցկու մոտ ներկայացիր, ասա, որ ես եմ ուղարկել:
-Լավ,-ասաց Փայլակը, բայց չհարցրեց, թե ինչ խնդիր կա, ընկալուչը մտազբաղ դրեց հեռախոսի պատվանդանին, ուղղեց հագուստը ու շտապ մեկնեց դիրեկտորի տեղակալի մոտ:
Գործարանի տարածքը բավականին մեծ էր և իրենց բաժնից մինչև դիրեկտորի տեղակալի աշխատասենյակ հասնելը տասը րոպեին մոտ ժամանակ էր պահանջում, որ տեղ հասներ:
Հասնելով գործարանի վարչական շենքին, Փայլակը բարձրացավ երկրորդ հարկ, փնտրեց, գտավ դիրեկտորի տեղակալի աշխատասենյակը, որտեղ առաջին անգամ պիտի մտներ, դուռը զգուշորեն բացեց, քանի որ այն կաշեպատ էր և թակոցը ներսից չէր լսվի:
-Կարելի է՞,-հարցրեց նա գլուխը դռնից ներս մտցնելով ու մի տեսակ քաշվելով:
-Խնդրե՛մ, համեցե՛ք,-ասաց դիրեկտորի տեղակալը:
Փայլակը դանդաղորեն մոտեցավ տեղակալի սեղանին, որտեղ կաշեպատ բազկաթոռի վրա նստած էր տեղակալը, ապա ներկայացավ, թե ինչի համար է եկել:
-Նստեցե՛ք, խնդրեմ,-քաղաքավարի դիմեց Փայլակին Կալեցկին, ակնոցները հանելով և դնելով աշխատասեղանին:
-Ընկեր Առաքելյանն է ուղարկել, Ձեր պահանջով-բացատրեց Փայլակը, սպասելով, թե ինչ կասի Կալեցկին:
Դիրեկտորի տեղակալը իսկույն աշխուժացավ և Փայլակին մի քանի հարցեր տալուց հետո, գտավ, որ Առաքելյանի ընտրությունը վատը չէ, ապա ավելացրեց.
-Կգնաս Совнархоз (Совет Народного Хозяйства-Ժողովրդական Տնտեսության Խորհուրդ), կներկայանաս նախագահի տեղակալ Կոչուբային, կասես՝ Կալեցկին է ուղարկել:
Խոսակցությունը այդքանով էլ ավարտվեց և Փայլակը հրաժեշտ տվեց Կալեցկուն, դուրս եկավ նրա աշխատասենյակից ու մտազբաղ քայլերն ուղղեց դեպի գործարանի դարպասները:
«Տեսնես այս ի՞նչ հանելուկ է, որ ինձ չեն ասում, թե ես ի՞նչ եմ անելու»,-մտքում անհանգստացավ Փայլակը և հասնելով տրանսպորտի կանգառ, որը գործարանի դռներից մոտիկ հեռավորության վրա էր գտնվում, նստեց կենտրոնական հրապարակ տանող ավտոբուսը և սլացավ դեպի Совнархоз:
Հասնելով նշանակման վայրը, նա իջավ ավտոբուսից, նայեց չորս կողմը, քայլերն ուղղեց դեպի կառավարական շենք, ներս մտավ շքամուտքից, ստացավ պահակի թույլտվությունը, ապա բարձրանալով երկրորդ հարկ, հարցուփորձով գտավ Կոչուբայի աշխատասենյակը և պարզեց, որ նա Совнархоз-ի նախագահի առաջին տեղակալն է:
Նույն զգուշությամբ բացեց Կոչուբայի ընդունարանի դուռը, քանի որ այն էլ էր կաշեպատ և այնտեղ գտնվող քարտուղարուհուն բարևելուց հետո, բացատրեց իր գալու նպատակը: Քարտուղարուհին Փայլակին խնդրեց մի փոքր սպասել, քանի որ Կոչուբայի մոտ այցելու կար:
Որոշ ժամանակ անց, քարտուղարուհին հեռախոսով կապվեց իր վերադասի հետ, քանի որ Կոչուբայի մոտ ընդունելության ներկայացած անձը աշխատասենյակից երկար ժամանակ դուրս չէր գալիս և հայտնեց նոր այցելուի մասին:
Ստանալով դրական պատասխան, քարտուղարուհին Փայլակին առաջարկեց մտնել վերադասի աշխատասենյակ:
Փայլակը վախվորած ներս մտավ վերադասի աշխատասենյակ, բարևեց՝ ասելով, որ Կալեցկին է ուղարկել:
Կոչուբան, ինչպես և Կալեցկին հրեական ծագումով պաշտոնյա էր, հիմնականում խոսում էր ռուսերեն, իսկ մեկ-մեկ էլ հայկական բառեր էր արտասանում:
Այստեղ, վերջապես, Փայլակն իմացավ, որ իրեն գործուղման են ուղարկելու Կ. քաղաքը, որտեղ պետք է ուսումնասիրի նոր գործարկվող գործարանի առջև ծառացած դժվարությունները, ապա վերադառնալով մայրաքաղաք զեկուցի, թե ինչ պետք է անել, որ նոր հիմնադրված փորձնական գործարանը կարողանա մեկնարկել, առաջադրված ապրանքի առաջին փորձնական նմուշը արտադրել, որպեսզի ժամանակացույցից ետ չմնա:
-Կգնաս, կուսումնասիրես աշխատանքները, կպարզես նեղ տեղերը և դժվարությունները, ուշադրություն կդարձնես առավել կարևոր խնդիրների վրա, կվերադառնաս մայրաքաղաք, անմիջապես կզեկուցես ինձ,-ասաց Կոչուբան և Փայլակին հաջողություն մաղթեց:
Փայլակը մտախոհ դուրս եկավ վերադասի առանձնասենյակից, աստիճաններով ցած իջավ, մոտեցավ շքամուտքի դռանը, ցտեսություն ասաց պահակին, դուրս եկավ հրապարակ և ուղևորվեց դեպի ուղևորականգառ, ավտոբուսով վերադարձավ գործարան և անմիջապես էլ քայլերն ուղղեց դեպի դիրեկտորի տեղակալի առանձնասենյակ, զեկուցեց Կալեցկուն իրեն հանձնարարված առաջադրանքի մասին, ապա վերադարձավ իրենց բաժին, նույնը զեկուցեց նաև բաժնի պետ Առաքելյանին,
Պարզվեց, որ նրանք էլ տեղյակ չէին գործից, քանի որ Կոչուբան Կալեցկուն ասել էր, որ մի լավ էլեկտրականությունից հասկացող մասնագետ ուղարկեն իր մոտ, որին նա պետք է կարևոր առաջադրանք տար:
Ու քանի որ առաջադրանքը վերաբերում էր էլեկտրասարքավորումների հատուկ վահանակների արտադրությանը և այս գործարանի բաժինն էլ որպես հանրապետության առաջավոր ձեռնարկություն ուներ բարձրակարգ մասնագետների մեծ ներուժ, ուստի Կոչուբան կանգ էր առել այդ գործարանի մասնագետների հնարավորությունները օգտագործելու վրա:
Հաջորդ օրն իսկ, Փայլակը ձևակերպեց գործուղումը, երեկոյան էլեկտրագնացք նստեց ու հաջորդ օրը լուսաբացին հասավ Կ. քաղաք, որտեղ առաջին անգամ էր լինում:
Պատահական անցորդներից տեղեկացավ, որ քաղաքի միակ հյուրանոցը գտնվում է կենտրոնական հրապարակի վրա և ուղևորվեց դեպի այնտեղ՝ նախ կացարանի հարցերը լուծելու, ապա ավելի ուշ անհրաժեշտ հաստատություն ներկայանալու:
Տուրիստական եռուն ժամանակաշրջանում այդ հյուրանոցը բավականին մեծ թվով այցելուներ է ունենում և ազատ համարներ գրեթե չեն լինում: Բարեբախտաբար, հյուրանոցի միակ ազատ տեղը, որը հատկացվեց Փայլակին, նոր էր առաջացել և անհրաժեշտություն չառաջացավ դիմելու վերադասին այդ հարցով:
Հարմարավետ տեղավորվելուց և քիչ հանգստանալուց հետո, առավոտյան ժամը իննին Փայլակը ներկայացավ գործուղման վայրի դիրեկտորին, որն, իհարկե, շատ ուրախացավ, որ մայրաքաղաքից մասնագետ է եկել իրենց օգնության, բայց մի փոքր տխրեց, երբ իմացավ, որ մասնագետը ուսումնասիրություն կատարելուց հինգ օր հետո վերադառնալու է մայրաքաղաք, զեկուցելու գործերի իրավիճակի մասին, իսկ, թե ո՞վ և ե՞րբ կգա իրենց օգնության, նա չգիտեր:
Չնայած նրան, որ Փայլակի գործուղումը հինգ օրով էր ձևակերպված, բայց նա շատ արագ ծանոթացավ գործերի էությանը, հասկացավ, թե ինչումն է բանը և երեք օր հետո վերադարձավ մայրաքաղաք, քանի որ իր ղեկավարած լաբորատորիայի աշխատանքների կազմակերպումը թողել էր ավագ ճարտարագետի հույսին:
Վերադառնալով մայրաքաղաք, նա կարգի բերեց իր դեռևս Կ. քաղաքում պատրաստած հաշվետվությունը, հաջորդ օրը անմիջապես ներկայացավ Կոչուբային:
Մի կողմ դնելով Փայլակի ներկայացրած գրավոր հաշվետվությունը և բանավոր լսելով նրա բացատրությունները, Կոչուբան խռպոտ ձայնով արտասանեց.
-Շան որդի՛ (сукин сын), քանի որ դու գնացել ուսումնասիրել ես այդ խնդիրը և բավականին լավ էլ պատկերացնում ես այն, ուրեմն, դու էլ կգնաս և կօգնես նրանց նեղ դրությունից դուրս գալու համար,-փաղաքշական-հրամայական տոնով ասաց Կոչուբան:
-Բայց ես լաբորատորիան հո չեմ կարող թողնել, հետո էլ այս գործի առյուծի բաժինը սարքավորումների մոնտաժման գործընթացին է վերաբերում, ես դրա մասնագետը չեմ,-փորձեց առարկել Փայլակը:
-Մենք քեզ կտանք երկու բարձրակարգ էլեկտրամոնտաժող՝ ձեր գործարանից և երկուսն էլ՝ Էլեկտրատեխնիկականից, դու պետք է միայն նրանց ղեկավարես-ասաց Կոչուբան,-ապա շարունակեց,-իսկ ընկեր Կալեցկուն էլ ես կհանձնարարեմ, որ քո լաբորատորիան ժամանակավորապես ղեկավարի մի այլ անձ, մինչև այնտեղ գործերը կարգի կբերես ու կվերադառնաս,-ասաց Կոչուբան և բարձր տրամադրությամբ հաջողություններ մաղթեց Փայլակին:
Փայլակը մի քիչ ընկճված, վերադարձավ գործարան, այդ մասին հայտնեց բաժնի պետին:
Ընկեր Առաքելյանը, իհարկե, դժկամությամբ ընդունեց Փայլակի հաղորդած լուրը, բայց ճարն ինչ, վերադասին չէր կարող հակառակել:
Մի քանի օր անց Փայլակի բրիգադը մեկնեց Կ. քաղաք և անմիջապես անցավ գործի:
Բրիգադը ամեն աշխատանքային օր ներկայանում էր արտադրամաս, աշխատում մինչև ուշ երեկո, իսկ շաբաթ օրերին բրիգադի անդամները տաքսի վարձելով գալիս էին մայրաքաղաք, իսկ կիրակի օրը վերադառնում Կ. քաղաք:
Աշխատանքները բավականին լարված ու դժվար էին առաջ ընթանում: Հաճախ բացակայում էին անհրաժեշտ սարքավորումները կամ օժանդակ նյութերը, նկատվում էին նաև կոնստրուկտորական այնպիսի լուծումներ, որոնք դժվարացնում էին վահանակների էլեկտրամոնտաժման աշխատանքները:
Այդպիսի դեպքերում պետք էր գտնել առավել արդյունավետ լուծումներ, բայց որոնք անհրաժեշտ էր համաձայնեցնել Կիևում գործող կոնստրուկտորական բյուրոյի հետ, որը վահանակների մշակման համահեղինակն էր:
Շուտով Կ. քաղաք գործուղվեց նաև Կիևի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի համապատասխան աշխատակիցը:
Փայլակի հիշողության մեջ դեռ վառ է մնացել այն կոնստրուկտորական լուծումներից մեկը, որն ինքն առաջարկեց:
Ըստ հաստատված նախագծի՝ մետաղյա վահանակի թիթեղի հաստությունը նախատեսված էր 3 մմ չափի, որի դեպքում նրա վրա պետք է զոդվեին 15 մմ հաստության բազմաթիվ գլանիկներ, ապա դրանց վրա շաղափվեին համապատասխան պարուրակներ, որից հետո ամրացվեին տարբեր տիպի էլեկտրասարքերը (անջատիչներ, ապահովիչներ, թողարկիչներ, ռելեներ, քայլային որոնիչներ և այլն):
Արդյունքում դժվարանում էր զոդողի աշխատանքը՝ այդպիսի բազմաթիվ գլանիկներ զոդելիս, որը բավականին մեծ ճշգրտություն էր պահանջում: Իսկ սարքավորումները ամրացնելուց հետո էլ վահանակը ծռմռվում էր՝ չդիմանալով սարքավորումների գումարային ծանրությանը, հաճախ էլ՝ գլանիկները զոդելիս անցքեր էին բացվում մետաղյա թերթի բարակության պատճառով:
Եվ ահա Փայլակը առաջարկեց վահանակի 3 մմ մետաղաթերթը փոխարինել 6 մմ հաստության մետաղաթերթով, որի արդյունքում դյուրինացվում էր սարքավորումների ամրացումը հենց մետաղյա թերթի վրա շաղափելով անհրաժեշտ պարուրակները, բացառելով գլանիկների զոդումը:
Այս նորամուծության արդյունքում վահանակների վերջնական քաշը գրեթե հավասարվում էր նախագծայինին, բայց մոնտաժման աշխատանքները կատարվում էի մոտավորապես հինգ անգամ ավելի արագ:
Մեկ ամիս անց նորաստեղծ գործարանը տվեց առաջին փորձնական արտադրանքը և այն հանդիսավորությամբ առաքվեց պատվիրատուին:
Այդ մասին փորձնական գործարանի դիրեկտորը ոգևորված զեկուցեց վերադասին, բայց նաև խնդրեց, որ Փայլակի գործուղումը երկարաձգեն ևս մեկ ամսով, ապա հաջողությունից ոգևորված իր մոտ հրավիրեց Փայլակին:
-Շնորհավորում եմ հաջողությանդ համար, հարգելի Փայլակ, բայց ես ցավում եմ, որ դու ավելի քիչ ես գումար վաստակում, քան քո բրիգադի բանվորները, արի քեզ ձևակերպեմ որպես բանվորական բրիգադիր, որ դու ավելի շատ վաստակես, ա՛յ, եղբայր, չէ որ ես տեսնում եմ, որ դու նրանց հետ նաև բանվորություն ես անում:
-Ո՛չ, ես ճարտարագետ եմ, այդպիսին էլ կմնամ, ես բավարարված եմ զգում, քանի որ իմ հիմնական տեղում պահպանվում է աշխատավարձս, գործուղման ծախսերը ստանում եմ և դրան գումարած Ձեր նշանակած աշխատավարձը:
-Դե, դու գիտես, առանց քո համաձայնության ես չեմ կարող քո կարգավիճակը փոխել, գնա՛ մտածիր,-զարմացած նետեց դիրեկտորը:
Հաջորդ ամիսն էլ անցավ և փորձնական գործարանի դիրեկտորը նորից դիմեց վերադասին օգնական բրիգադի գործուղումը ևս մեկ ամսով երկարաձգելու:
Երբ այս ամիսն էլ ավարտին էր մոտենում և արդեն մի քանի տեսակ վահանակներ էին առաքվել պատվիրատուներին, փորձնական գործարանի դիրեկտորը նորից իր մոտ հրավիրեց Փայլակին: Սիրալիր ողջունելուց հետո, նա Փայլակին առաջարկեց, որ նա մնա գործարանում որպես հիմնական աշխատող, խոստացավ գլխավոր ճարտարագետի պաշտոնը և երկու սենյականոց բնակարանով ապահովելը:
Բայց Փայլակն հրաժարվեց փորձնական գործարանի դիրեկտորի գայթակղիչ առաջարկից:
Ու երբ Փայլակը հիշում է այդ անցած օրերի մասին, զարմանում է, թե ինչու ինքը այդքան գայթակղիչ առաջարկից հրաժարվեց:
Չէ որ չինական հայտնի փիլիսոփա Կոնֆուցիոսն ասում է, որ կյանքում երեք բան ետ բերել չի լինի՝ ժամանակը, հնարավորությունը և արտասանած բառը:
Ախր, իրոք, ինքը ավելիին էր արժանի:
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ