Բնության մեջ և տիեզերքում կան բազմապիսի երևույթներ, որոնք իրենց ազդեցության ուժով կարող են հասնել անասելի չափերի, որոնցից կարելի է առանձնացնել երկրաշարժերը, հրաբուխները, տոռնադոները…և այլն, և այլն: Տիեզերքում տեղի են ունենում այնպիսի պրոցեսներ, որոնց հետևանքով ընդհուպ համաստեղություններ են վերանում, ձևափոխվում և այդ ամենն այնքան հուժկու ուժերի ազդեցության արդյունքում, որը մարդկային միտքը դժվար կարող է ըմբռնել ու անգամ երևակայել: Որպեսզի մոտավոր պատկերացում ունենանք նման ուժերի մեծության մասին, կարող ենք ուղղակի մատնանշել, որ դրանց ազդեցության արդյունքում, ակնթարթների ընթացքում հեշտորեն կարող են փոշիանալ երկրագնդից միլիոնավոր անգամներ ավելի մեծ զանգվածներ ունեցող մարմիններ: Երկրագնդի վրա, նայած այդ երևույթների ուժգնությանը, դրանք կարող են լիովին ավերել հողագնդի ամբողջական կտորներ՝ ամբողջովին տակնուվրա անելով շուրջը: Նման ուժերի դեմն առնելու ոչ մի հնար չկա, ուղղակի պետք է աղոթել Տիրոջը, որպեսզի գթա և օգնի, որպեսզի ի հնարավորին քիչ ավերածություններ լինեն և դրա ընթացքն արագ մարի:
Վերը ասվածն ավելի շատ գիտական թեմայի նյութ է և այն ընդամենը մի քանի բառով ներկայացվեց զուտ որպես տեղեկատվություն, իմանալու համար, թե ինչ տիեզերական ուժգնության կարող են հասնել այդ ուժերը, որը սույն նյութի հետագա հատվածում կհամեմատվի ասելիքում առկա աներևակայելի ուժի հետ:
Բացի ֆիզիկական ուժերից, կան նաև հոգևոր ուժեր, որոնք նույնպես տարբեր են լինում իրենց մեծությամբ: Օրինակ՝ սիրո, հավատի, ընկերության, հարազատության, բարեկամության և նմանատիպ այլ ուժեր: Մենք կխոսենք հավատի, մասնավորապես ժողովրդի հավատի ուժի մասին: Բնական է, որ ժողովրդի հավատը նվազագույնն այնքան պետք է լինի, որ նրան ապրեցնի, այլ խոսքով ժողովրդի ապրելու համար հսկայական սնուցման աղբյուր՝ հավատ է անհրաժեշտ, այլապես կյանքը կանգ կառնի և ժողովրդի ապրելը կդառնա քաոս՝ աբսուրդի նման մի բան: Ժողովրդի հավատը ներքևից սահմանափակ է և նրա արժեքը կարող է հավասարվել ընդհուպ զրոյի ու դա այն դեպքն է, երբ նա լիովին չի հավատում որևէ երևույթի, իսկ վերևից անչափելի է, այն կարող է տարածվել զրոյից մինչև անսահմանություն: Ժողովրդի հավատն ուղիղ գծով կախված է այն վիճակից, որում ինքը հայտնվել է և այն սպասելիքներից, որն ինքը կանխատեսում է: Չնայած, ժողովրդի հավատն ամորֆ է, այնուամենայնիվ այն շատ դանդաղ է փոփոխվում, եթե չկան ծայրահեղ և բացահայտ ազդող լրջագույն գործոններ, որոնք կարող են արագ փոխել ժողովրդի՝ տվյալ պահին եղած կամ շատ արագ այլ վիճակում հայտնվելու հավանականությունը:
Չհաշված բացառիկ իրավիճակները, ժողովրդի հավատը հիմնականում որոշակի փոփոխական ամպլիտուդով տատանումներով համարյա հաստատունի է նմանվում: Ընդհանրապես, քիչ հանգամանքներ կան, որոնք կարող են էականորեն արագ փոխել ժողովրդի հավատը, հետևաբար նաև նրա ուժի մեծությունը: Ժողովրդի հավատն ամենահիմնական գործոնն է, որով որոշվում է ժողովրդի հետագա ապրելակերպը, որից էլ միարժեքորեն կախված է լինում տվյալ երկրի հետագա ճակատագիրը:
Ցանկացած երկրի, ցանկացած իշխանություն պետք է իր գործունեությամբ շատ զգույշ վարվի ժողովրդի ունեցած հավատի նկատմամբ, քանզի այն շատ փխրուն է և առաջին հերթին կարող է անակնկալ իրադրություններ մատուցել հենց այդ նույն իշխանություններին: Ինչպես արդեն վերևում նշվեց, այդ հավատը բավականին դանդաղ է փոփոխվում, սակայն եթե դրան սկսի նպաստել որոշակի էական մեկ կամ միաժամանակ մի քանի իրադարձություն, ապա դժվար է այն կանգնեցնել, քանզի փոփոխության վեկտորը կսկսի մեծ թափ առնել և կարող է արմատախիլ անել իր ճանապարհին հայտնված ամեն խանգարող բան: Այդ հավատը անչափ տարողունակ է և համբերատար՝ մինչև ինչ-որ կրիտիկական սահման, որից հետո դժվար կլինի կանխատեսել այդ ուժի հետևանքների աշխարհագրությունը:
Չեմ վախենա ասել, որ ժողովրդի հավատի ուժին կարելի է նաև տիեզերական անվանումը տալ, քանզի առանց չափազանցության, այն կարող է տիեզերականին մոտ՝ անսահման իրադրություններ արարել: Ժողովրդի հավատով պայմանավորված, կարելի է ցանկացած երկիր և կործանել, և ծաղկեցնել: Ցանկացած երկրում ամեն ինչ որոշում է տվյալ ժողովրդի ունեցած հավատը և նրա ուժն է որոշում այդ երկրի հետագա ընթացքը: Երբեք չի կարելի ժողովրդի հավատի նկատմամբ անլուրջ վերաբերվել կամ կատակներ անել, չի կարելի նրան ցավեցնել, քանզի այն իր մոգական ուժով կարող է անել աներևակայելին, որի հետևանքները կարող են լինել նաև խիստ անկանխատեսելի: Պետք է մշտապես հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, որը հենց նրա ունեցած հավատի արգասիքն է…
Ինչպես ասում են, չի կարելի մատը տանել քնած, բայց պոտենցիալ գազազող առյուծի բերանը…
Ցանկացած երկրի հաջողությունն ուղիղ գծով որոշվում է տվյալ ժողովրդի ունեցած դրական հավատով և նույն կերպ, անհաջողությունը որոշվում է այդ հավատի բացակայությամբ…
Այլ խոսքով, դա հենց այն հավատն է, որը ժողովուրդը տածում է Տիրոջ նկատմամբ և եթե այն կա, ապա այն անսահման է ու դա տվյալ ժողովրդի փրկությունն է, իսկ եթե չկա, ապա ամեն ինչ կգնա դեպի կործանում…
Հիշեք. որևէ մեկս իրավունք չունի վայրկյան անգամ մոռանալ, որ ժողովրդի հավատի ուժը ամենամեծն է…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Իմ պատկերացմամբ ժողովուրդը՝ դա փոքր սիրելի մեծ հեռանկարով երեխան է, իսկ ժողովուրդը հասուն տարիքում, երբ արդեն մեծ փորձություններ ոչ միայն տեսել է այլեւ այդ փորձությունները հաղթահարելու մեծ փորձ է ձեռք բերել, ուրեմն այս խելոք, փորձառու, հզոր, կարճ ասած՝ դաստիարակված պատանին կոչվում է ազգ: Ժողովրդին պետք է փորձությունների միջով անցկացնել ու սովորեցնել հաղթահարել այդ փորձությունները, այդ երեխան ինքըստինքյան չի դաստիարակվի, այդ հավատն ու սերը ժողովուրդ երեխան պետք է տածի առաջին հերթին իր ծնողների հանդեպ, ովքեր հասուն ու փորձված ազգի ներկայացուցիչներն են, իսկ ովքե՞ր են պաշտում իրենց երեխա ժողովրդին ու զբաղվում նրա դաստիարակությամբ՝ ազնվականները, սա ազնվականի ձեւակերպումն է: