Աշոցքում ավարտվեց դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ մարզիկներ Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից:
Տղամարդիկ մրցեցին 10 կմ ազատ, 10 կմ դասական ոճ եւ սպրինտ մրցաձեւերում, կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասականում եւ սպրինտում:
Տղամարդկանց պայքարում հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը՝ հաղթելով բոլոր մրցաձեւերում: Կանանց պայքարում Կատյա Գալստյանը նույնպես երեք ոսկե մեդալ նվաճեց:
Հայաստանի բաց առաջնությունը 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարն էր հայ դահուկավազորդների համար: Միքայել Միքայելյանը բարելավեց արդյունքը: Նա Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է:
Մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից: Նա ստիպված էր բաց թողնել նաեւ Հայաստանի առաջնությունը: Վնասվածքի պատճառով վերջին շրջանում վարկանիշային մրցաշարեր բաց թողնելու արդյունքում Սերգեյը զիջել է դիրքը դասակարգման աղյուսակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ