Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայկական դիվանագիտության թուլությունն ու թերացումը չի համարում այն, որ Ուկրաինան Ադրբեջանին 2017-ին մեծ խմբաքանակի զենք է վաճառել: Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին տեղեկացրել է ուկրաինացի բլոգեր diana-mihailova-ն: Խոսքը 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռների մասին է:
Դավիթ Բաբայանն ասում է` Կիեւի գործողությունների մեջ անհասկանալի փիլիսոփայություն եւ տրամաբանություն կա. «Ուկրաինան մշտապես սատարում է Ադրբեջանին»: Հիշեցնում է`ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվող ուկրաինացի վարձկանների թիվը զիջում էր միայն Թուրքիայի վարձկաններին: Ու զարմանում է, քանի որ հայ ու ուկրաինացի ժողովուրդները կարծես թե բարեկամներ են, պատմության ընթացքում միմյանց հետ խնդիրներ չեն ունեցել, բայց արի ու տես, որ պաշտոնական Կիեւը անում է քայլեր, որոնք հօգուտ Ադրբեջանի են: Դավիթ Բաբայանը դա անտրամաբանական է համարում նաեւ այն պատճառով, քանի որ ուժեղացնելով Ադրբեջանին, Ուկրաինան ուժեղացնում է Թուրքիային:
Մինչդեռ, Թուրքիան հավակնություններ ունի Սեւ ծովում նույն ուկրաինական շահերը ճնշելու. «Մենք գիտենք, թե ինչեր էին անում նույն թուրքերը Ղրիմում` ուկրաինական ազդեցությունը թուլացնելու համար»: Ինչեւէ, Դավիթ Բաբայանն այս ամենը պայմանավորում է Ուկրաինայում չհանդարտվող եւ չհստակեցող քաղաքական իրավիճակով, շարունակվող ցնցումներով: Կարծում է, դրանք իրենց արտացոլումն են ունենում նաեւ երկրի արտաքին քաղաքականության վրա:
Բայց մի բան իր համար հստակ է` Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է սատարել ահաբեկչությանը. «ԱՄՆ-ն Ադրբեջանն իր զբոսաշրջիկների համար համարում է ահաբեկչական վտանգներ պարունակող երկիր: Իսկ Ուկրաինան այդ երկրին զենք է մատակարարում: Բայց, դժբախտաբար, մենք սովոր ենք Ուկրաինայի այսպիսի պահվածքին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ