Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկնելու սպասող և գնալուս հասցեն չճշտած մարդ եմ… »

Հունվար 14,2018 11:00

(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը )

Սկիզբը՝ նախորդ թողարկումներում

-Հանդիպո՞ւմ ես համայնքի հայերի հետ: Ի՞նչ ես մտածում սփյուռքի մասին, ինչպե՞ս ես տեսնում  հայրենիք-սփյուռք կապի հեռանկարը:

-Ֆրանսահպատակները, անկախ ազգային ծագումից, համարվում են ֆրանսիացիներ: Այստեղ կարող ես տեսնել սիսիանցու, որ նկատի ունենալով քաղաքացիություն ստանալու հանգամանքը՝ հայտարարում է. «Ես արդեն ֆրանսիացի եմ»:

Հայերս ենք, որ իրար հանդիպելիս,  անպայման հարցնում ենք. «Որտեղացի՞ ես»: Դա գաղթականի՝ կորցրած երկրի կարոտն ապրող մարդու գենետիկ հիշողության իներցիան է: Հայրենաբաղձություն է նույնիսկ, երբ ռուսական խանութից, կարևոր չէ որակով, թե անորակ, ծանոթ ապրանքանիշով մթերք ես գնում…

Լիոնի օրինակով  սփյուռքը բազմաշերտ է: Սոցիալական տարբեր հնարավորություններն էլ ազգային գաղափարախոսության բացակայության պարագայում կազմում են այն ամբողջությունը, որ ներկայացնում է  ներհամայնքային հարաբերությունների ներկապնակը: Տարբեր հաշվարկներով, մեր տարածաշրջանում մոտ 120 հազար հայ կա: Համայնքային կազմակերպություններ գոյություն ունեն, սակայն, այդ տարբեր սոցիալական շերտերին ցեղասպանության խնդիրներից զատ, ոչինչ չի միավորում, լավագույն դեպքում, դեռ տնային գործածության համար պիտանի՝ լեզուն:

Համայնքը կազմող  առաջին շերտը  եղեռնից հետո, Ֆրանսիայում ապաստանած հայերն են, որոնք այս կյանքի չափանիշներով ամենակայացածն են՝ բժիշկներ, իրավաբաններ, գործարարներ և այլն: Նրանցից շատերը Սուրբ ծննդյան տոներին, Ապրիլի 24-ին, երբեմն նաև բարեգործական միջոցառումների ներգրավվելիս ու տոլմա ուտելիս են հիշում, որ հայ են:

Եթե հայը արտերկրում ամուսնանում է օտարազգիի հետ՝ աղետ է, որովհետև ինչպես լեզուն, կենցաղը, խոհանոցը նույնպես ազգային մտածողություն է կերտում:

Տարիներ առաջ Երևան էր ժամանել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանը՝ պատմում էր. «Վախճանվել էր Լևոն Թութունջյանը: Առանձնապես շատ մարդիկ չկային, հողաթմբի մոտ մի սևամորթ տղա էր կանգնած:  Ասացին՝ Թութունջյանի թոռն է: Կինը ֆրանսուհի էր, մի աղջիկ էին ունեցել, որն ապրում էր Կանադայում  և ամուսնացել էր  սևամորթի հետ»:

Լևոն Թութունջյանը՝ դարի մեծագույն նկարիչներից մեկը,Եղեռնի ժամանակ իր գերդաստանից եզակի փրկվածը, որբանոցից որբանոց անցնելով հասավ  Ֆրանսիա, մեռնելուց հետո համաշխարհային ճանաչում ստացավ, բայց որպես հայ մարդ շարունակություն չունեցավ. դարձավ տիեզերական փոշի:

Ներգաղթյալների երկրորդ խումբը 70-80-ական թվականներին  Հայաստանից Ֆրանսիա վերադարձած նախկին հայրենադարձներ են և Մերձավոր արևելքից՝ Սիրիայից, Լիբանանից  եկածներ. ատամնատեխնիկներ են, տաքսու վարորդներ, խանութպաններ՝ հաստատուն միջին խավ: Սրանք չունեն զուտ խորհրդային համակարգից «ժառանգած» թերությունները, համեստ են, աշխատասեր, ճշտապահ:

Իսլամական երկրներում ազգապահպանության բնազդը  ավելի զգոն է. նրանց  մեծամասնությունը հրաշալի տիրապետում է մայրենիին, սակայն, նույնիսկ ընտանիքում, արդեն ֆրանսերեն են խոսում: Կանցնի մի սերունդ ևս, և սրանց զավակները ոչնչով չեն տարբերվի 20-ական թվականների ներգաղթյալների ժառանգներից: Երրորդ շերտը Հայաստանից, Ադրբեջանից, նախկին ՍՍՀՄ այլ տարածքներից, կարգավիճակ ստանալու համար, հաճախ հորինովի կենսագրություններով,  մտացածին անուն-ազգանուններով մարդիկ են: Իմ  ծանոթներից մեկի հոր մահվան տարելիցն էր: Հանգուցյալին Երևանում ճանաչում էի: Գերեզմանաքարի վրա անծանոթ անուն-ազգանուն էր գրված: Տարակուսեցի: Տղան ասաց. «Այդպես էինք «հանձնել»…: Ճոխ տարելից էին կազմակերպել, հոգևորականով, բանով-մանով: Ռուսաստանից եկած երեխաները հայերեն այստեղ են սովորում, այդպես էլ է լինում, սակայն ընդհանուր պատկերը բարեկեցությանը համընթաց, ազգային ակունքներից աստիճանաբար հեռանալն է: Հայության այս երեք շերտերը իրար հետ ոչնչով շաղկապված չեն. եկեղեցին ավելի կիրակնօրյա հանդիպավայր է՝ ակումբ, ուր  մեծ, ոսկյա խաչով ու շղթայով  երիտասարդները գալիս են մոմ վառելու, ինչպես իրենց է թվում «ինդուլգենցիա» ստանալու:

Դպրոցը ֆինանսավորում են առաջին սերնդի հայերը, որոնք արդեն գրեթե հայերեն չգիտեն, բայց հոգաբարձուների խորհրդում վճռողը իրենք են: Դասավանդվում են ոչ այն է արևելահայերեն, ոչ արևմտահայերեն, խառը ինչ-որ բան:

Նույնն է պատկերը ամենուր: Մեծ Լիոնը կազմող քաղաքներից մեկում՝ Դեսինում, հսկա, շքեղ հայ մշակույթի տուն է կառուցվել: Ո՛չ տնօրենը, ո՛չ ղեկավարությունից որևէ մեկը հայերեն չեն խոսում: Առաջարկեցի անվճար հայերենի դասընթացներ կազմակերպել՝ չհետաքրքրեց: Նույնն էր հայկական ռադիոյում, ուր կարող են հաղորդել. «…Ինչպես գիտենք, Մաշտոցը հնարել է նաև վրացական ու աբխազական գրերը»: Մասիսների պատկերը շահագործվել է ավելի քան: Էլ որևէ սփյուռքահայի մտքով չի անցնի ասել. «Մեղա՜, մեղա՜ Արարատին…»:

Այսօրվա Իսրայելը հրեաները հետևողականորեն կերտեցին 19-րդ դարի 2-րդ կեսից: Մենք Աստծո խնայած մեր հայրենիքի մասն էլ ենք կորցնում, որովհետև այսօր երկրից հեռացողների մեծագույն հատվածը գնում է՝ մեր նվազ արյունը աշխարհի պղտոր ջրերին խառնելու:

Հայաստանը չի դառնում այն հոգևոր հայրենիքը, որ պիտի սնուցեր իր զավակներին: Հայ մարդիկ չեն տեսնում այն տկար ծնողին, ում գուրգուրելով բավարարումի վիճակ պիտի ապրեն: Հայաստանը ինքը պետք է դառնա սփյուռքի նեցուկը, սակայն, մեր խիստ աշխարհիկ-հոգևոր հովիվը հազիվ մի միամիտ տաքսու վարորդ կամ խանութպան «կպցնի» Սուրբ Ծննդյան և այլ տոների կապակցությամբ,  հետևողականորեն շնորհավորական բացիկներ ուղարկի՝ տարին հազար, երկու հազար եվրո «խեղդելու» գերխնդրով: Մեր հնարամտության ու խորամանկության ճիչը դա է:Հոգևոր իշխանությունը, որ պետք է չափանիշ լիներ, կարծես թե դարձել է աշխարհիկի կցորդը. Նույն «Բենթլիներն» են, հարազատ-բարեկամների ու բաջանաղների նույն ինստիտուտները: Հոգևորի նահանջով է պայմանավորված ամբողջ հասարակության իմունային համակարգի աղետալի վիճակը,   չկա ազգային կուռ և հստակ գաղափարախոսություն, որ կհամախմբեր բոլորին: Այստեղ դժվար է, ձեռնտու չէ հայ լինելը: Հայ մարդիկ են կանգնած: Բարևում ես (բա էլ ու՞մ բարևես), պատասխանում են զուսպ, կասկածամտորեն, նրանց թվում է՝  ինչ-որ ենթատեքստ ունի ողջունելդ: Մեր ճնշող մեծամասնության արմատները Արևմտահայաստանից են, սակայն մեր հայրենադարձ եղբայրներին «աղբար» էինք կոչում: Նույնն այստեղ է: Իրար մեջ վերջին շրջանի ներգաղթյալներիս «կեղտոտ հայեր» են կոչում:

Սփյուռքը տուն չէ, գիշերակացի տեղ է: Եթե տուն է դառնում, հայ մարդը աստիճանաբար  կորցնում է իր ազգային ինքնությունը: Այդպես դարեր շարունակ մենք մեզ տվել ենք օտարներին՝ զորացնելով նաև մեր թշնամիներին: Սփյուռքի նախարարություն ստեղծելով չէ, որ սփյուռք պետք է պահել: Եթե գոյատևելու ենք, Հայաստանը պիտի դառնա օրենքի, արդարության երկիր: Մեր զինական ուժը պետք է խարսխվի մեր լեզվի, մշակույթի, հավատի վրա և այնժամ, ճակատագրի բերումով, մեր եկեղեցուց հեռացած (կարևոր չէ բողոքականություն, թե իսլամ ընդունած, իսկ մի՞թե մենք չենք հեռացել), մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակները ոչ թե Հայաստան կգան իբրև զբոսաշրջիկ կամ ինչպես հարազատի շիրմին, այլ կգան, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել ու շենացնել Աստծո՝  մեզ ընծայած հայրենիքը…

… Ոչ գործածելի իրերի հետ բերել, եկեղեցուն էին հանձնել 20-30- ական թվականների շրջանակված լուսանկարներ, երևի իրենց տատիկ-պապիկների պատկերները: Վանահայրը ընկերս էր, ասաց. «Չգիտեմ,  ի՞նչ անեմ»: Ես  ոչինչ չէի կարող առաջարկել: Դես ու դեն սփռված լուսանկարներից նայում էին դժոխքի ճանապարհներով անցած ու կարծես պատսպարան փնտրող, շիտակ հայացքներով հայ մարդիկ: Մինչև հիմա մեղքի անընդհատ մտրակող զգացում կա մեջս, որ ես էլ ոչինչ չկարողացա անել նրանց համար…

Այս տարիներին, երբ համեմատաբար մենակ ես և մտածելու, խորհելու  ավելի ժամանակ ունես, ի՞նչ ես պեղել քո ապրած կյանքից, քո տառապանքներից,  անկումներից, ի՞նչ հիմնական հետևության ես հանգել:    

Պատրանքներից չեն ձերբազատվում, պատրանքազերծվելով՝ որբանում են: Այսպիսի զգացողություն ունեմ հիմա: Մտքի այլասերվածության ոչ մի պահի ես  շրջապատող մարդկանց դատավորը   չեմ եղել: Հնարավորության դեպքում  մտածել եմ,  երևի կա ինձ անհայտ ինչ-որ հանգամանք, որ բացատրում և արդարացնում է երևույթը: Այդպես է առհասարակ, սակայն հիմա, իմ կյանքը ընթանում է «պաղ, միապաղաղ» հունով, առանձնապես հարուստ չէ իրադարձություններով, և ակամա հետահայաց գնահատում, վերլուծում եմ անցած-դարձածը: Ասում են՝ «Մի դատիր, որ չդատվես»: Չեմ դատում, բայց ուզած երևույթի կապակցությամբ, մարդն  ունի իր ակամա գնահատականը:

Փրկության պատրանքի ամպը ցնդում է, երբ տեսնում ես իրականությունը: Ի՞նչ է տալիս բացահայտումը: Իսկ գուցե ենթագիտակցորեն, մինչ այդ դու  ես փակել  ճշմարտության  ճանապարհը և հիմա մնացել ես «ինքդ քո դեմ՝ մենակ»՝ կերակրելուն սպասող նորածնի նման անօգնական: Երևի այդ չմարող զգացողությունն  է պատճառը, որ տարիների հետ ավելի շատ եմ զգում մորս բացակայությունը և հասկանում, որ նրա հեռանալով ինձ համար մի վիհ բացվեց, որի խորության չափը չի տեղավորվում գիտակցությանս պարունակում:

Ասում են. «Մեռյալներին թող մեռյալները թաղեն»: Մարդն ապրում է աշխարհով, սակայն, յուրաքանչյուրն  այս աշխարհում ունի իր աշխարհը: Պորտալարի կտրվելով մոր և զավակի կապը չի հատվում, չէ՞ որ հոգին էլ «պորտալար» ունի: Ես միշտ կարծել եմ, որ մեղսագործելիս՝ մարդը գիտակցում է արածը: Մեղքը զուգահեռվում է ստին և շահին, եթե չկա առք ու վաճառքի տարր,  ուրեմն  մեղք էլ չկա: Գուցե վիճելի է, սակայն, դա այն  ըմբռնումն է, որով ես ապրել եմ:

Հանդիպեցի իմ նախկին պետին: Ընդունակ, բայց ցեղակրոն է, թե քրիստոնյա,  դեռ չկողմնորոշված տեսակ է, որքան ես եմ ճանաչել,  բարոյական կաշկանդումներից զուրկ: Ընկերոջս միջնորդությամբ, նա էր ինձ տեղավորել աշխատանքի: Երկու տարվա ընթացքում ինձնից ոչ մի կերպ վարչության պետ չստացվեց:  Հարցրի. «Ինչպե՞ս էիր կարողացել այդքան «աղբ» հավաքել շուրջդ. պաշտոնից հեռանալուցդ հետո առաջին քար նետողներն  էին… իսկ գուցե նրանք չէին մեղավորը»: Պատասխանեց. «Կարծես դու մեղք չես գործել»:

Կան մեղքեր, որոնց մասին մարդը, նույնիսկ մտքում, չի բարձրաձայնում. «Իհարկե ունեմ»-մտածեցի, սակայն այդ մեղքերի բեռը` շարունակաբար հետապնդում է ինձ, երևի դա է մեր տարբերությունը:

Ես «սխալ» քրիստոնյա եմ՝ անաստված երկրի ծնունդ: Մեր կրոնական դաստիարակությունը՝ մատաղի, երբեմն, այս կամ այն առիթով եկեղեցի գնալով է սահմանափակվել: Եկեղեցին անիշխանության երկար դարերի ընթացքում մեզ բոլորիս միավորող պսակն է, և նույն ավազանի գիտակցությունը չափազանց կարևոր է: Չնայած դրան, ինձ համար հայ լինելը, անկախ դավանանքից, առաջնային է: Եթե նույնիսկ, ճակատագրի բերումով ազգային արմատներից հեռացած  մարդն իրեն հայ էլ չի համարում, չի նշանակում, որ դադարում է իմ եղբայրը լինելուց:

Տարիներ առաջ ռուսական մի քաղաքում «Ղուրան» ընկավ ձեռքս: Երրորդ սուրահը ամենակարճն էր, երևի դրա համար առաջինը կարդացի: Գրեթե բառը բառին «Տերունական աղոթքն» էր: Արդեն չեմ հիշում այդ պահին, թե՞, հետո հասկացա, որ աշխարհում  նոր ոչինչ չկա:

Ժամանակի ընթացքում եկել եմ այն համոզման, որ մարդը Աստծո պատկերացումը կերտում է իր մտքի  թռիչքի  տարածքով, իսկ Արարիչը  գտնվում է ավելի վերում:

Տոլստոյը գրում էր. «Հավատացյալները՝ դրախտում, մեղավորները՝ դժոխքում, իսկ ու՞ր են գնալու այլ կրոն դավանողների հոգիները, մի՞թե նրանք Աստծո զավակները չեն»: Հիմա ես այդ «խորթ զավակների հավաքակայանում» մեկնելու սպասող և գնալուս հասցեն չճշտած մարդ եմ…

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. samvel says:

    Հարգելիս, բարգավաճ երկրում օտարներն էլ կգան կապրեն, տղամարդն այն է, որ դժվարին ժամանակներում ապրի իր երկրում, իր ազգի կողքին, մի բանով էլ օգտակար լինի նրան: Այս նույնն է, որ մայրդ աղքատ լինի ու դու այլ մայր ընտրես, որն ավելի հարուստ ու լավ պայմաններում է ապրում: Բավական է հայրենիքը փնովեք ձեր նյութապաշտ դեգերումներով:

  2. Ռուզան says:

    Հարգարժան Սամվել, Անատոլին նյութապաշտ դեգերումմներով չէ, որ գտնվում է արտերկրում, այլ երիկամի փոխպատվաստման համար:Եւ այդ մասին նրա հարցազրույցը կարող ես կարդալ մեր կայքում:

  3. samvel says:

    Սիրելի Ռուզան, խոսքը միայն Անատոլիին չի վերաբերում, այլ այն մտայնությանը, որ տիրում է արտասահման մեկնած և այստեղ ապրող շա՝՝՜՜տ շատերին: Հայրենիքը նրա կառավարիչներով չի արտահայտվում, Հայրենիքը դա նորմալ հայն է, ջույրը, բնությունը, սարերը, ձորերը, շառաչուն ջրվեժները, հնադարյան վանքերը, ճարտարապետությունը, ամբողջ մշակույթը և այլն և այլն: Հայրենիքը մեղք է, չի կարելի նրան այդքան խոշտանգել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031