Լրահոս
Օրվա լրահոսը

Երնեկ թե այս նոր տարին

Հունվար 14,2018 12:00

Մեր ժողովրդի սոցիալական խնդիրներն անսպառ են, և ինչքան էլ այդ թեմայով խոսենք, էլի խոսելու բան կլինի: Ժողովրդի սոցիալական խնդիրներից խոսում են գրեթե բոլորը, բայց այդ թեմայով խոսելուց ժողովրդի վիճակը չի թեթևանում: Վերջին թանկացումների դեմ էլ բոլորը խոսեցին, բայց դրանից որևէ բան չէժանացավ:

Ասում ենք՝ վերջին թանկացումների դեմ բոլորը խոսեցին, բայցև գտնվեցին որոշ պատգամավորներ, որոնք ժողովրդին կոչ արեցին կարտոֆիլով յոլա գնալ, նշելով, որ կարտոֆիլը չի թանկացել: Չենք ուզում այս կոչերի առումով ավելի ընդարձակվել, որովհետև «կարտոֆիլի» թեման լայն արձագանք գտավ մամուլում, և շատերը քննադատեցին «կարտոֆիլագետներին», ովքեր ավելի զգույշ լինելու դեպքում նման խորհուրդ չէին տա և լրագրողների ու բոլորի կողմից «քացու տակ» չէին ընկնի:

Բայց, խոսքը մեր մեջ, շատ լավ է, որ զգույշ չեղան և կարտոֆիլի մասին իրենց մտքերն անկեղծորեն արտահայտեցին, այլապես շատերը չէին իմանալու, որ կարտոֆիլ ուտելով՝ հնարավոր է թանկացումների դեմն առնել, և չնայած սա կատակով ենք ասում, բայց սա ընդհանրապես կատակի թեմա չէ, որովհետև մանավանդ նոր տարվա շեմին մարդկանց կարտոֆիլով բավարարվելու և կարտոֆիլով սահմանափակվելու կոչն առնվազն լպիրշություն է, մանավանդ որ՝ աղքատների մեջ մարդիկ կան, որոնց համար կարտոֆիլն էլ է ճոխություն:

Գույները խտացնելու մտադրություն ամենևին չունենք, բայցև աղքատների վիճակը թեթևացնելու մտադրություն էլ չունենք, մանավանդ որ՝ մեր թեթևացնելով իրենց վիճակն առանձնապես չի թեթևանա: Չնայած աղքատների թեման, ինչպես ասացինք, անսպառ թեմա է, բայց քչերն են էդ թեմային անդրադառնում:

Նկատի ունեմ առաջին հերթին լրագրողներին, ովքեր հազվադեպ են անդրադառնում մեր ժողովրդի սոցիալական խնդիրներին, մինչդեռ կար ժամանակ, երբ զուտ սոցիալական թեմայով գրող լրագրողներ ունեինք, ովքեր հետևողականորեն ու մանրակրկիտ անդրադառնում էին մեր ժողովրդին շուրջկալած սոցիալական բազմաթիվ խնդիրներին:
Մենք դարերով անկախություն էինք երազել, ճիշտ է, բայց որ մեր վերջին անկախությունից հետո մեր ժողովրդի սոցիալական խնդիրներն ավելացան ու բազմապատկվեցին, դա փաստ է: Ասածս թող խորհրդային տարիների կարոտախտ չընկալվի: Ընդհակառակը՝ մեր ժողովրդի սոցիալական խնդիրներից շատերն առաջացան խորհրդային մեծ խաբեբայության պահից, որն էր՝ խորհրդային խնայդրամարկղերում ժողովրդի ավանդների փոշիացումը:
Եթե Հայաստանի Երրորդ հանրապետության իշխանությունը մեր Երրորդ հանրապետությունը Երկրորդի իրավահաջորդ ու ժառանգորդ ճանաչեր, գոնե մասամբ հանձն կառներ խորհրդային խնայդրամարկղերում ժողովրդի փոշիացած ավանդների հարցը: Մինչդեռ ավանդների վերադարձի հարցը մնաց ՕԵԿ-ի ու Արթուր Բաղդասարյանի հույսին, ու էդ մակարդակով էլ, փաստորեն, հարցը «լուծվեց», բայց քանի որ այլ տարբերակ գոյություն չունի, ՕԵԿ-ի ու Արթուր Բաղդասարյանի տարբերակը քննադատելն էլ առանձնապես ճիշտ չի, չնայած այդ տարբերակով ոչ միայն վերադարձվող գումարներն են ծիծաղելի ու չնչին, այլև քչերը հույս ունեն, որ կապրեն այնքան, մինչև իրենց հերթը հասնի: Էլ չենք խոսում այն մասին, որ այն տարեցները, որոնք չեն սպասում իրենց ավանդների չնչին չափով վերադարձին ու ժամանակից շուտ հրաժեշտ են տալիս կյանքին, իրենց հետ նաև իրենց ավանդներն են տանում, որովհետև նրանց ավանդների վերադարձից մահացողի ժառանգները չնչին բաժին անգամ չունեն:

Բայց ավանդների վերադարձի թեման շարունակելու մտադրություն չունենք, որովհետև այդ թեման շատ է քննարկվել, և էդ քննարկումներն էլ որևէ արդյունք չեն տվել ու չէին էլ կարող տալ, և մանավանդ հիմա չեն կարող տալ, և հիմա որ էս թեման բացեցի, պատճառներից մեկն այն է, որ վերջերս տնտեսագետ ընկերս այդ թեմային անդրադառնալով՝ ասաց, որ եթե Քըրքորյանի տված գումարների գոնե կեսն «ասֆալտի բնագավառում» մսխած չլինեինք ու հատկացնեինք խորհրդային պետությունից չարաչար խաբված ավանդատուներին, ավանդների ու ավանդատուների հարցը եթե ոչ լրիվ, գոնե մասամբ կլուծվեր, մինչդեռ «ասֆալտի» հարցում բազմաթիվ այլ տարբերակներ կարող էին գտնվել, մանավանդ որ՝ «ասֆալտի» գծով Քըրքորյանի միլիոնները մենք ոչ թե ծախսեցինք, այլ իսկապես մսխեցինք:
Ցավոք սրտի, չնայած միանգամայն անկեղծորեն եմ մտահոգ մեր ժողովրդի սոցիալական խնդիրներով և համարում եմ, որ Հայաստանի իշխանություններն ու կառավարությունը լուրջ ու մեծ անելիքներ ունեն ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելու և առնվազն մի քիչ մեղմելու հարցում, այդուհանդերձ, այդ հարցում կոնկրետ ու որոշակի խորհուրդ չեմ կարող տալ՝ ոչ միայն այն պատճառով, որ տնտեսագետ չեմ, այլև այն պատճառով, որ միայն հրաշքը կարող է մեր ժողովրդի սոցիալական վիճակը մեղմել, և ինչքան էլ Սինգապուր ասենք, միայն հայկական հրաշքը կարող է մեզ ու մեր ժողովրդին փրկել, և «հայկական հրաշք» ասելով՝ նկատի ունեմ մեր համազգային ներուժն ու գիտակցությունը, որը մեր համազգային մեծագույն ունեցվածքն է, և որի շնորհիվ լուծել ու շարունակում ենք լուծել Արցախի հարցը, որը նույնպես հրաշքով էր հնարավոր լուծել:

Մի խոսքով, հայկական հրաշքը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ համազգային մեր ողջ ներուժն ի մի է գալիս: Եվ միայն այդ դեպքում է հնարավոր հրաշքների սպասել: Մանավանդ, եթե համազգային ու համաշխարհային մեր ազգային պոտենցիալն ուղղորդվի Հայաստանի կառավարության ու իշխանության կողմից: Ճիշտ և լավ ձևով:
Այս դեպքում գուցե հենց այս տարի հրաշքի էլեմենտներն ի հայտ գան:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031