Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդական-ինքնապաշտպանական ուժերի դեմ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը: Էրդողանը մասնավորապես նշել է, որ թուրքական բանակը կարող է գործողություններ սկսել առաջիկա մեկ շաբաթում՝ Սիրիայի Մանբիջ եւ Աֆրին շրջաններում, որոնք քրդական ուժերի վերահսկողության ներքո են:
«Մենք իրավիճակը մեր ձեռքը կվերցնենք, եթե խոստումը չկատարվի եւ քրդական ուժերն այդ շրջաններից դուրս չբերվեն: Նրանք դեռ կտեսնեն, թե մենք ինչ կանենք մեկ շաբաթից: Եթե Աֆրինում ահաբեկիչները չհանձնվեն, մենք կկտրենք նրանց գլուխները»,-սպառնացել է Էրդողանը:
Նա քուրդ զինյալներին կրկին ահաբեկիչ է անվանել եւ ԱՄՆ-ին մեղադրել նրանց աջակցելու մեջ: Օրերս ԱՄՆ-ն հերթական ռազմական օգնությունն է ուղարկել քրդական ուժերին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ