«Տեսակետ» ակումբի հունվարի 13-ի հյուրն էր ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը:
Խոսելով ԱՄՆ պետքարտուղարության հունվարի 10-ի հայտարարության մասին, որտեղ աշխարհի երկրներն ըստ անվտանգության աստիճանի բաժանվել էին չորս խմբի, Տաթեւիկ Հայրապետյանը փաստեց, բարձր նախազգուշական միջոցառումներ ենթադրող երկրների խմբում ներառված էր նաեւ Ադրբեջանը:
Ադրբեջանագետը նշեց, որ նույն օրը Իլհամ Ալիեւը հանդիպում է ունեցել իր նախարարների հետ եւ հայտարարել, որ իբր Ադրբեջանը աշխարհի ամենակայուն երկիրն է: «Իմ կարծիքով պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում իսլամական գործընթացների ակտիվացման եւ Իրանում լարվածության հետ, թեեւ Ադրբեջանը միշտ թաքցնում է նման բաները»,- ասաց ադրբեջանագետը:
Թեեւ Ալիեւը հայտարարել էր տնտեսական աճի մասին, սակայն ադրբեջանագետի ձեւակերպմամբ, ընդդիմադիր տնտեսագետներն այլ կարծիքի են. «Մասնավորապես բանկային սեկտորում լուրջ խնդիր կա, այս տարի նախատեսվում է մոտ տասը բանկերի փակում: Ալիեւը խոսել է նաեւ պատերազմական գործողությունների վերսկսման եւ իրենց բանակի մարտունակության մասին, սակայն այդ ամենը ներքին սպառման համար է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ