Վրաստանում, մեղմ ասած, հիացած չեն վարչապետ
Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ
Դեկտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Վրաստանի վարչապետի հայտարարությանը, թե ֆորս-մաժորային իրավիճակներում, երբ փակվում է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է Վերին Լարսով, Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից, ընդգծեց՝ Հայաստանը, ինչպես եւ որեւէ այլ երկիր, շատ շահագրգռված է ունենալ այլընտրանքային ճանապարհներ. «Սա գործընթաց է, ու ես կնախընտրեի առաջ չընկնել եւ հայտարարություններ չանել: Տեսնենք՝ ինչպես կզարգանա, եւ ըստ արդյունքների արդեն կդատենք: Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ պարոն Կվիրիկաշվիլիի հայտարարությանը, ապա մենք խորը հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի վարչապետի հայտարարություններին»:
Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայ-վրացական հարաբերություններից «որակական նոր մակարդակ» է ակնկալում: Շնորհավորական ուղերձ հղելով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ Ծնունդի առթիվ՝ նա նշել է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի»:
Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի խորհրդարանում քննադատության են ենթարկվել Վրաստանի իշխանությունները: Ըստ JAMNEWS-ի՝ ադրբեջանցի պատգամավորները դժգոհել են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցություններից: Պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը նշել է, թե Ադրբեջանը չպետք է ձեւացնի, թե ոչինչ տեղի չի ունեցել, ու անգամ առաջարկել է Վրաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրել՝ բացատրություններ տալու:
Հիշեցնենք, որ խոսքը SGS շվեյցարական մոնիթորինգային ընկերության հետ Վրաստանի կառավարության կողմից պայմանագրի կնքման մասին է, որը բեռնափոխադրման հնարավորություն է ստեղծում Հարավային Օսիայի տարածքով դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանից: Պայմանագրում նշվում է, որ բեռնափոխադրումները հնարավոր կլինեն միայն, եթե ռուս-վրացական սահմանին՝ Կազբեկ-Վերին Լարս ճանապարհին, ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի:
Հայաստանում պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունը գնահատվեց որպես Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակցության ենթադրյալ բացման վկայություն:
Ահա ադրբեջանցի պատգամավոր Ֆարաջ Գուլիեւը կոչ է արել խորհրդարանին պաշտոնական բողոք հայտնել այդ կապակցությամբ: Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովն ասել է, որ եթե Վրաստանը նման բան թույլ տա, դրանով իսկ կհամաձայնի սեփական տարածքային ամբողջականության խախտմանը: Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը եզրափակել է. «Միգուցե Վրաստանում ինչ-որ մեկն ուզում է փչացնել մեր հարաբերությունները: Սակայն ես չեմ հավատում, որ Վրաստանի կառավարությունը նման քայլի կդիմի: Մենք երկաթուղի ենք կառուցել մինչեւ Կարս: Վրաստանն այդտեղ իր շահն է հետապնդում: Բարեկամության խմբին կհանձնարարենք ուսումնասիրել այդ հարցը»:
Ուշագրավն այն է, որ Հայաստանի՝ այլընտրանքային ճանապարհներ ունենալու հնարավորությունը ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Վրաստանում միանշանակ չի ընդունվում: Հետեւելով վերջին 2-3 շաբաթներին վրաստանյան ԶԼՄ-ների հրապարակումներին՝ Վրաստանում եւս որոշ շրջանակներ, մեղմ ասած, հիացած չեն վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, որը նախորդեց դեկտեմբերի վերջին Սերժ Սարգսյանի՝ Թբիլիսի կատարած պաշտոնական այցին:
Վրաստանում լայնորեն քննարկվում է այս թեման եւ հաճախ հնչում է գնահատականը, թե Հայաստանում ուռճացնում են Վրաստանի վարչապետի հայտարարությունը, եւ որ խոսքը ընդամենը ֆորս-մաժորային իրավիճակներում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից օգտվելու հնարավորության մասին էր: Այսինքն՝ դեպի Ռուսաստան ապրանքների փոխադրում իրականացնելու հնարավորության:
Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել է Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ, դրա մեջ նշվում է, որ նման հնարավորություն կլինի միայն, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանում՝ Կազբեկ-Վերին Լարս ավտոճանապարհին, ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի: Հիշեցնենք նաեւ, որ Մաքսային վարչարարության եւ ապրանքների վերահսկման մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2011թ., այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության դեմ վետոն, այն պայմանով, որ Ռուսաստանի առեւտրային միջանցքները կանցնեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով, իսկ կողմերը միջազգային միջնորդներին կհրավիրեն ապրանքների հոսքը եւ դրանց մակնշումը վերահսկելու համար: Արդյունքում ընտրությունն ընկել է շվեյցարական SGS ընկերության վրա:
Հայաստանի արտաքին առեւտրի գերակշիռ մասը Վրաստանի տարածքով է իրականացվում, մեր երկրի դեպի Ռուսաստան ցամաքային միակ ճանապարհը Վերին Լարսն է, որն էլ եղանակային պայմանների պատճառով շարունակաբար խափանվում է: Ավելին, հայաստանցի փորձագետների կարծիքով՝ եթե բոլոր կողմերը համաձայնության գան, հնարավորություն կստեղծվի նաեւ Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման համար:
Մի կողմից՝ Ռուսաստանն ու Վրաստանը փորձում են որոշակիորեն շրջանցել քաղաքական-տնտեսական խնդիրները, մյուս կողմից՝ պաշտոնական Թբիլիսին մտադրություն է հայտնում բացել միջանցքները Հայաստանի համար, եթե Վերին Լարսում ֆորս-մաժորային իրավիճակներ ստեղծվեն: Հայաստանի համար շահեկան հայտարարության առիթով վրաստանյան ընդդիմության եւ Ադրբեջանում առկա դժգոհությունների պայմաններում կարելի է փաստել, որ Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունները բավական բարդ մթնոլորտում են բանակցել ու, թերեւս, շարունակում բանակցել: Իսկ թե գործնականում ինչ արդյունքների հնարավոր կլինի հանգել՝ ցույց կտա ժամանակը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
12.01.2018