«Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր, մի կենդանու օրը սեւացրել՝ հարյուրին ձեռք մեկնիր»,- լուսանկարիչ, գրող Սուրեն Հայրապետյանն այս կանոններով է ապրում: Նրա համար չկան անշունչ առարկաներ, նրա համոզմամբ՝ անգամ քարերն են խոսում:
«Բնությունն ինքը ամենամեծ ստեղծագործողն է, մնում է իրեն հավատարիմ լինես, իր ակնթարթներն ու ապրումները հավուր պատշաճի ներկայացնես»,- ասում է Սուրեն Հայրապետյանը: Լուսանկարելու փորձերը հենց կենդանական աշխարհից էլ սկսել է. «Լուսանկարել սկսել եմ երիտասարդ տարիներից, այն ժամանակ դեռ այսքան կատարելագործված ֆոտոխցիկներ չկային: Մի անգամ հորեղբորս հետ գնացել էի անտառ, առաջին անգամ տեսա արջին իր ձագերի հետ միասին: Մոր աչքերի մեջ այնքան ատելություն կար, բայց միեւնույն ժամանակ՝ մայր, որը իր ձագերին փորձում է պաշտպանել: Այդ օրվանից հասկացա, որ պետք է ֆոտոխցիկով ֆիքսեմ այդ անմեղ արարածների յուրաքանչյուր քայլը: Լուսանկարչությունը մտավ իմ հոգեաշխարհը, եւ այն մեծ բավականություն է պատճառում»: Լուսանկարիչը կատակում է` կենդանիներին ավելի շատ է տեսնում, քան տան անդամներին. «Մի անգամ կատաղած շների շրջապատում եմ եղել թոռնիկներիս հետ: Նրանց ասել եմ, որ հանգիստ մնան, եւ ամեն ինչ լավ կլինի, նրանց մեջ էլ փորձում եմ սերմանել սերը դեպի բնությունը` հատկապես կենդանական աշխարհը»:
Նրա համար հատուկ նշանակություն ունի թռչուններից անգղը. «Սեւ անգղը այն թռչունն է, որին շատ սիրեցի. երբ 1970 թվականին որպես որսորդ գնացել էի սահմանամերձ տարածք, տեսա, որ մի անգղ վիրավոր է եւ չի կարողանում թռչել: Վերցրի վիրավոր թռչունին եւ բերեցի տուն: Երեխայի պես պահել եմ: Մի քանի շաբաթ պահելուց հետ անգղին տարա կենդանաբանական այգի: Հաճախակի էի գնում տեսնելու, նույնիսկ անուն էի դրել` Սալավեյ: Այնքան էր ինձ հետ կապվել, որ կանչում էի՝ ճաղավանդակից գլուխը դուրս էր հանում»:
Նրա խոսքով՝ հեշտ բան չէ սարուձոր ընկնել, շաբաթներով հետեւել կենդանիներին՝ մի ակնթարթ ֆոտոխցիկով ֆիքսելու համար:
ԳՐԵՏԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Առավոտ»
12.01.2018