Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծապատիվ մուրացկաններ». ռեժիսորը եւ ժամանակը

Հունվար 13,2018 14:00

Դրաման իր բնույթով հակված է վերաճելու թատերախաղի, տեղափոխվելով թատերական ասպարեզ՝ հայտնվում է ռեժիսորի, դերասանի տնօրինության ներքո: Այս պահից սկսած՝ նա ապրում է միանգամայն նոր կյանքով եւ ռեժիսորի կոնցեպցիայի համաձայն վերածվելով ներկայացման, դերասանի միջոցով փոխանցվում է հանդիսատեսին, իբրեւ հնարանքի, երեւակայության աշխարհ…Սա դրամատիկական ժանրի մասին…իսկ էպիկակա՞նը…այն ընթերցանության համար է, բեմական չէ, պատմություն է, եւ ոչ գործողություն: Սակայն յուրաքանչյուր ռեժիսորի ներսում անպայման պիտի նստած լինի նաեւ դրամատուրգը, ու այդ դրամատուրգ-ռեժիսորն ինչ-որ մի բան կարդալով կարող է ներքին ցնցում զգալ, ինչ-որ մի բան կռահել, հասկանալ…մի խոսքով, նրա հետ պիտի պատահի այն, որը նա չի կարող իր մեջ պահել, չի կարող չհանձնել բեմին, հանդիսատեսին: Այլ կերպ չի լինում, այլ կերպ հնարավոր չէ էպիկականը վերափոխել դրամատիկականի, դարձնել բեմական, դարձնել ներկայացում: Կարծում եմ, չէ, համոզված եմ, որ այս ամենը կատարվել է նաեւ Արմեն Էլբակյան ռեժիսոր-հեղինակի հետ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպն ընթերցելիս, այլապես չէր կայանա ներկայացումը, չէր կայանա խաղը:
Ընդհանրապես, ըստ իս, թատրոնը միշտ էլ ինչ ու ինչ որոնումների մեջ է, ու մեր օրերն էլ բացառություն չեն: Սա վատ տենդենց չէ: Թատրոնն իր զարգացման ուղին ընտրելիս անդրադարձ է կատարում մերթ դեպի էպիկականը, որն իր հիմքով գնում է դեպի միջնադար ու պատմություն, մերթ էլ դեպի դասականը…

Իսկ արդյոք հնարավոր չէ՞ այս երկուսը միակցել: Անշուշտ, հնարավոր է, սա է ապացուցում նաեւ «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը Գ. Սունդուկյան թատրոնի բեմում: Ներկայացումն ի վերջո հանդիսատեսի համար է, իսկ այսօրվա հանդիսատեսը պահանջ ունի թե՛ զգացմունքի եւ թե՛ գաղափարի՝ մտքի: «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը խիստ հետաքրքիր կառույց ունի: Նրա յուրաքանչյուր մասին տրված է ներքին այնպիսի կառուցվածք, որ կարծես ամեն մեկը մի փոքրիկ պիեսիկ կամ ներկայացում լինի մեծ պիեսի ներսում: Ահա քեզ մի փոքրիկ ներկայացում, որում գլխավոր հերոսներն են Ռուդոլֆ Ղեւոնդյանը եւ Անի Պետրոսյանը մեծն «Օթելլոյի» ֆարսային մեկնաբանմամբ: Եվս մի պիեսիկ Դավիթ Հակոբյանի գունեղ, ակտիվ ու խիստ թատերական բանաստեղծով: Հետո նաեւ Ռազմիկ Խոսրոեւի «կիրթ» ու խորամանկ վարժապետը, Ստեփան Շահինյանի լատիներեն հարկի ու անհարկի տերմիններ շաղ տվող բժիշկը, Մխիթար Մելքոնյանի- կպչուն լուսանկարիչը, Արա Կարագյանի- հայաստանաբնակ հայը, Արմեն Մարգարյանի- խմբագիրը, Լեւոն Ավետիսյանի- քահանան եւ անշուշտ Բուֆոնադային, բառիս լավագույն իմաստով կրկեսային աճպարար հիշեցնող «ազնիվ մուրացիկը» Գեւորգ Դոդոզյանի կատարմամբ:

Արմեն Էլբակյան ռեժիսորն այս բոլորն այնպես է կարողացել իրար կապել, համատեղել, որ չնայած հանգույցների ակնհայտությանը, իրադարձությունները մեկը մյուսի հետեւից աննկատ են անցնում: Եվ ի՞նչն է դրան օգնում…Անշուշտ օտարումը, օտարումը վարողների, կամ էլ, ըստ իս, «իմաստուն» ծաղրածուների միջնորդությամբ, որոնք կարող են անմիջապես դիմել հանդիսատեսին, էպիկական թատրոնի կանոններին համաձայն, հայտարարել հաջորդ պատկերի որոշակի բովանդակությունը, կարող են նաեւ խառնվել դեպքերին, իրադարձություններին՝ խաղալով այս կամ այն դերը: Այս խնդիրը հաջողությամբ, աշխույժ, գունեղ խաղով առաջ են տանում Արաքսյա Մելիքյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը եւ Մեսրոպ Աբտոյանը: Այս ամենն ստիպում է հանդիսատեսին դուրս գալ զգացմունքային աշխարհից, ըստ էության սրտից անցում կատարել դեպի ուղեղը, դեպի միտքը:

Սակայն սա քիչ է, գտնում է Արմեն Էլբակյանը, եւ ճիշտ է գտնում: Թատրոնը պարտավոր է հաշվի առնել իր ժամանակի պահանջները: Մերօրյա թատրոնը չի բավարարվում Բրեխտյան օտարումով: Թատրոնն այսօր որոնում է դերասան-հանդիսատես կապի նոր ճանապարհներ, փորձում գտնել անկեղծության նոր արտահայտչամիջոցներ, օտարումն այսօր պահանջում է որոշակի ցնցում, շոկ, սադրանք, հանդիսատեսի անվտանգության գոտու խախտում: Այս առաքելությունը ռեժիսորը տվել է Աննա Էլբակյանի-Շողակաթին, որը կարծես «ստիպում է» հանդիսատեսին «տեսեք սա մենք ենք, ինչ ծիծաղելի է»-ի փոխարեն մտածել, թե գուցե էս ծիծաղելին նաեւ սարսափելի է, «չէ՞ որ սա մենք ենք»: Բեմական տարածքում, ընդունված բեմական տարածքում, Էլբակյան Աննայի-Շողակաթը զվարճալի է, ինչ-որ առումով ֆարսային ու խիստ թատերական: Խախտելով հանդիսատեսի անվտանգության գոտին, Աննա Էլբակյանի-Շողակաթը նույն ուրախ արտաքինի տակ արդեն վերածվում է որոշակի «մերկացնող ակտ» կատարողի: Եթե առաջին դեպքում արտիստուհու հերոսը արտահայտում է կենսասիրություն, ապրելու «համ» ցանկություն, ապա երկրորդ դեպքում այս ամենին միանում է այն, ինչ կա իրականում, ինչը խանգարում է, խոչընդոտում, դառնացնում կյանքը: Հենց սա է կյանքը, որը կանգ չի առնում, ընդհակառակը, արագընթաց շարժումը շարունակվում է՝ իր հետ տանելով հանդիսատեսին…եւ ժամանակը կանգ չի առնում, եթե վեպում անցքերը կատարվում են 1800- չեմ գիտեր թե որ թվին, ապա ինչո՞ւ ներկայացման մեջ դրանք չեն կարող կատարվել 2000 չեմ գիտեր թե որ թվին:

Ընդհանրապես Աննա Էլբակյանի արվեստը միշտ շարժման մեջ է, անընդհատ էվոլյուցիայի մեջ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին արտահայտչամիջոցների առումով… եւ ամենակարեւորը՝ դերասանուհին էմոցիոնալ, գնահատող վերաբերմունք ունի իր ասածի բովանդակության վերաբերյալ: Կարծում եմ, հենց սա էլ նրան օգնում է ճիշտ խոսքեր գտնել հանկարծախաղ-իմպրովիզացիա կոչվածի շրջանակներում:

Աբիսողոմ աղա-Ալբերտ Սաֆարյան՝ փոքր-ինչ գռեհիկ, փոքր-ինչ գավառական ու շատ-շատ փառամոլ: Այսպես կարելի է բնութագրել Աբիսողոմին: Սակայն…մարդու գործողությունը, իր զգացմունքների, մտքերի համաձուլվածքն է, որից էլ հենց բացահայտվում է մարդկային բնավորությունը, որը կարող է «խոսել, նաեւ լռելով»: Օրգանիկ է այն դերասանը, որի պաուզաները՝ դադարները իրենց մեջ բովանդակություն են կրում, որը ուշադիր է «լռության տարածքների» նկատմամբ: Այսպիսի տարածքներ ռեժիսորը պարգեւել է Ալբերտ Սաֆարյան-Աբիսողոմին: Ու նաեւ այստեղ է, որ Սաֆարյան արտիստը հանդիսատեսին հնարավորություն է տալիս ասես կողքից նայել, գնահատել կատարվող իրադարձությունները: Վարպետ դերասանի վարպետ կատարում, որը հնարավորություն տվեց առավել ամբողջական գտնահատել դերասանին ու ոչ միայն կոմիկական առումով:

Նրանց կարծես հակոտնյա է Հարություն Մովսիսյանի Մանուկ աղան: Անդադար խոսացող, անընդհատ շարժման մեջ գտնվող, աշխույժ ու անհանգիստ «քաղաքական գործիչ», որը կարող է ամեն ինչ ասել, ըստ էության ոչինչ չասելով: Մովսիսյանի հերոսը այնքան շատ ու այնքան արագ է խոսում, որ հաճախակի չի էլ հասկացվում եւ սա ոչ թե թերություն է, այլ այն հատիկը, հենքը, որի վրա կառուցվել է կերպարը: Թատերական ներկայացումը այսօրվա երեւույթ է, հենց այժմ կատարվող խաղ եւ ուրիշ կերպ լինել չի կարող…իսկ մեր օրերում, ինչ էլ ասենք դրամատուրգի մասին, ներկայացման հեղինակը ռեժիսորն է, որին տրված են առաձնակի գեղարվեստական արտոնություններ: Ռեժիսորն է, որ ստեղծում է նոր գեղարվեստական հարմոնիա, նոր հոգեւոր իրականություն՝ այսինքն ներկայացում: Եվ եթե ներկայացումը տապալվում է, դրանում հենց ռեժիսորն է «մեղավոր», իսկ եթե այն պսակվում է հաջողությամբ, դա ի շնորհիվ ամբողջ ստեղծագործական կազմի: Համոզված եմ, որ «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացմանը համահունչ է ի շնորհիվը, որին նպաստում է նաեւ երաժշտական ձեւավորումը, որը ոչ թե լոկ ուղեկցում է ներկայացման ընթացքին, ոչ թե հանդես է գալիս ընդամենը «ծառայի» դերում, այլ օգնում է գործողության բացահայտմանը, առաջընթացին /կոմպոզիտոր-Ստեփան Լուսիկյան, գործիքավորող-Լեւոն Խաչատրյան/, եւ թե նկարչական խիստ հետաքրքիր լուծումները, որոնց օգնությամբ ստեղծվում են որոշակի վայրի, տեղի իլյուզիա, մեզ կարծես տալով հասարակական բարքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ինչու ոչ, ավելին են, քան իրական հանգամանքները (Գարիկ Եվանգուլյան): Եվս մեկ անգամ չենք կարող չանդրադառնալ ռեժիսորին: Արմեն Էլբակյանն, ըստ իս, զգում է ժամանակի շունչը, զգում ու փոխանցում հանդիսատեսին…

 

ՏԻԳՐԱՆ ՔԵԼԵՄՅԱՆ

թատերագետ

«Առավոտ»

12.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran Martirosyan says:

    Տխուր է, որ տարիքն առած ու իբրև թատերագետի ներկայացողի մասնագիտական հոդվածից նոմենկլատուրային գովքի հոտ ես առնում: Հատկապես, երբ էլբակյանի արած բեմադրությունն ինքնամոռաց գովաբանում է ոչ վաղ անցյալում վերջինի ղեկավարած Խամաճիկների թատրոնի գրական մասի վարիչը, սկսում ես մտահոգվե՝լ գրպանի թատերագրչակության տխրահռչակ մշակույթի ավանդույթները դեռ չենք թոթափել: Լավ այդ ներկայացում հեչ թերություն չուներ, որ բաժակաճառի տոնայնությամբ էսպես…

Պատասխանել