Լրահոս
Օրվա լրահոսը

Ատրպատականի առաջնորդը Սբ. Ծննդեան պատարագ մատոյց Ռահիա գիւղում

Հունվար 12,2018 21:56

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան – Ուրբաթ 12 Յունւար 2018-ի առաւօ¬տուն, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեան, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող Ուրբաթ օրը Սբ. Պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը:

Սբ. Պատարագին ներկայ էին հաւատացեալներ գիւղից եւ Ուրմիա քաղա-քից, ինչպէս նաեւ Թաւրիզից: Առաջնորդ Սրբազան հօր ընկերակցում էին Թեմական խորհրդի անդամներ, գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի:

«Հայր Մեր»-ից առաջ առաջնորդ Սրբազանը տւեց իր պատգամը: Փրկչի մարդեղութեամբ աշխարհի վրայ բացւած նոր արշալոյսը մարդկութեան մեծագոյն բարիքը ներկայացնելով, Սրբազանը յորդորեց հետեւել Յիսուսի Ծնունդը աւետած հրեշտակների պատգամի եռամաս խորհրդից՝ «Չմոռանանք՝ ա) Աստծուն փառաբանութիւն վերառաքել, բ) արտաքին եւ ներքին խաղաղութեան համար աղօթել, եւ գ) մարդկանց միջեւ հաշտութիւն գոյացնել»,-ասաց Սրբազանը: Սրբազան Հայրը բարձրօրէն  գնահատեց  եկեղեցու  հոգաբարձութեան  եւ բոլոր ռահւացիներին, որոնց միասնական ջանքերով պահպանւում է գիւղն ու իր պատմական եկեղեցին այսքան բարեկարգ պայմաններում:

Ջրօրհնէքից առաջ, Կարէն Մկրտիչեանը գիւղի հոգաբարձութեան անունից յայտարարեց օրւայ խաչքաւորների անունները՝ Փոքրիկներ՝ Անդրու Աւաննէս, Քրիստեան Չարլու եւ Նորիկ Մնացականեան, որոնք արարողութեան ընթացքում օրհնւած ջրից դուրս բերւած խաչը շղարշով բարձրացրեցին:

Սբ. Պատարագից անմիջապէս յետոյ, գիւղի նախկին հայոց դպրոցի շէն-քում, որը այսօր վերածւել է  սրահ-հաւաքավայրի, սիրոյ սեղան տրւեց հոգաբարձութեան եւ խնամակալ մարմնի կողմից, բոլոր ժողովրդին հիւրասիրելով կէսօրւայ ճաշով: Սեղանավարն էր Սամւէլ Բադալեանը: Նա կենացներ առաջարկեց առաջնորդ Սրբազան հօր, Թեմական խորհրդի, Հոգաբարձութեան եւ համայն ռահւացի ժողովրդի արեւշատութեան համար: Բոլոր կենացները ծաղկեցրեց գիւղի զաւակ եւ իր բամբ ձայնով հռչակ շահած Հայկազ Խոշբախդեանը:

Թեմական խորհրդի ատենապետը խօսք առնելով շնորհաւորեց բոլոր ամանորը եւ Սբ. Ծննդեան տօնը, իր ուրախութիւնը յայտնելով սոյն տօնախմբութեան համար այսքան ջերմ հաւաքի առիթով:

Առաջնորդ Սրբազանը եզրափակիչ եւ օրհնութեան խօսքով բարձր գնահատեց ժողովրդի սիրայօժար մասնակցութիւնը եւ հոգաբարձութեան ու խնամակալ մարմնի այնքան սիրազեղ ընդունելութիւնը: Ապա, Թեմական խորհրդի անունից յայտարարեց քաջալերական նւիրատւութիւն, միշտ շեշտելով միասնականութեան ոգին բարձր պահելու անհրաժեշտութիւնը Ատրպատականի հայոց թեմում:

Եկեղեցու հոգաբարձութեան կազմակերպութեամբ ամէն տարի Սբ. Ծննդեան յաջորդող շաբաթների ընթացքում, Ռահւա գիւղում տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնը եւ ապա հիւրասիրութիւնը առիթ են հանդիսանում մի անգամ եւս ողջունելու մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Ծնունդը եւ Մկրտութիւնը, ինչպէս նաեւ շնորհաւորելու հայոց Ամանորը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031