«Բնականաբար, մենք էլ մեր աշխատանքում եղած խնդիրները բարձրացրինք, օրինակ` խորհրդարանի փորձագիտական,վերլուծական կարողությունների ուժեղացմանը վերաբերող: Հիմնական օրակարգը ձեւավորում է կառավարությունը, խորհրդարանի կառավարման ժամանակ արդեն օրենսդրական աշխատանքի դերակատարումը եւ վերահսկողությունը մեծանալու է»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է քննարկվել նախագահի հետ հանդիպման վերջում, պատասխանեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով, ոչ մի «հատուկ բան չի խոսվել»:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության ղեկավարը հանդիպել է Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ:
Հանդիպմանը ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» , «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները:
Միքայել Մելքումյանն ասաց, որ քննարկվել են խորհրդարանական աշխատանքի հեռանկարին առնչվող հարցեր: «Հիմնականում միտքն այն էր, որ առաջիկայում սպասվում է չէ՞ խորհրդարանական կառավարման մոդելի անցման փուլ, որի ընթացքում պետք է ընդունվեն կարեւորագույն օրենքներ, օրենքներ, որոնք, որ ինստիտուտներ են ձեւավորում տարբեր: Ասենք` բարձրագույն դատական խորհրդի հետ կապված, անդամների ընտրություն, հակակոռուպցիոն հանձնաժողովի եւ այլն, այսինքն` ինստիտուցիոնալ օրենքներ, որոնք նաեւ սահմանադրական բնույթ ունեն: Այսինքն` ընդհանուր առմամբ քննարկվում էր, թե խորհրդարանի անցման փուլի ինչպիսի խնդիրներ կան, ինչպես կարելի է ավելի արդյունավետ անցնել, այդ ճանապարհը ոնց պետք է անցնենք, որպեսզի ավելի քիչ ցնցումներ լինեն, ավելի քիչ խնդիրներ առաջանան»,-ասաց պարոն Մելքումյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ