Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս եղավ, որ էդ գեներալ-մեներալ, սաղ դատի ժամանակ կորան»․ Ավետիսյանների սպանության առեղծվածը

Հունվար 12,2018 17:41

Գյումրիում 3 տարի առաջ այս օրը սպանված Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանն այսօր մեկ անգամ ևս վերահաստատեց իր կարծիքը, որ Վալերի Պերմյակովը չէր կարող միայնակ սպանել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին։

«Ամեն ինչ անորոշ վիճակում մնաց, Պերմյակովին ցմահ բանտարկություն տալը մեզ ոչ մի բանով չգոհացրեց, ոնց ուզեցին, այնպես էլ դատն արեցին․ ում պետք էր, ո՛չ ներկայացան, ո՛չ էլ ներկայացրեցին, ով պետք էր, ժամանակից շուտ քաղաքը լքեց, երկիրը լքեց, գնաց։ Չգտան, չբերեցին, իրենց համար հեշտ-հանգիստ հարց էր, չուզեցին լուծել այդ հարցը։

Պերմյակովին ցմահ բանտարկություն տվեցին, բայց, էլի եմ կրկնում, մեզ ոչ մի բանով չգոհացրեց, որովհետև մենք գիտենք՝ կարող է ինքն էլ է մասնակից եղել, բայց մի հոգով ինչ էլ դառնար, չէր կարողանա այսքան ժողովրդին տեղերում թողնել։ Գործիք սարքեցին, էդ հիմարն էլ իր վրա վերցրեց, հիմի էլ ասում են, փոշմանել է՝ ասում է, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, հեչ բան չեմ հիշում, սարքել են գլխին, բայց արդեն ուշ է։ Գտան ինչ-որ մեկին, որը թույլ էր, իրենց գործն արեցին, բայց ի՞նչն էր պատճառը, բայց մենք ո՛չ դատից ենք գոհացել, ո՛չ իր ցմահ բանտարկումից, ո՛չ էլ մեր պետությունից։ Սաղ աշխարհ սգում է , մի՞թե մեր պետությանը ցանկալի չէր, թեև բոլորն էլ գիտեին ինչն ինչոց է․․․ Տարիներ հետո կբացահայտվի, սառեցրեցին, որպեսզի մենք հանդարտվենք, հանգստանանք, բայց մեր հոգեկան աշխարհը շեղվեց, երեխեքը հիվանդ դարձան», – նեղվեց Ռիտա Պետրոսյանը։

Նա որոշակի հույս է կապում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ։ «Նորից դատ պիտի լինի, դատարան չներկայացած անձինք պիտի գան, բացատրեն՝ ինչպե՞ս եղավ, որ էդ գեներալ-մեներալ սաղ դատի ժամանակ կորան, ում ուզում են, աշխարհի ծերերից կարող են գտնել- բերել, էդ ինչպե՞ս եղավ, որ Ռուսաստանից չեն կարող բերել, էդքան դժվա՞ր է, որովհետև չուզեցին, իրենք փախցրեցին երկրից, թե գնացեք, պահ մտնեք։ Էնքան պահեցին ռազմաբազայում, իրենց գործը փակեցին, իսկ եթե տային հայկական կողմին, ուրիշ ձևի կընթանար։ Անծանոթ մարդը ինչպե՞ս եկավ, էս տունը գտավ, ինչպե՞ս դուռը բացեց, սաղին սպանեց, որ տեղերում պառկած մնացին, ու ոչ մեկը տեղից չելավ։ Կրակես, սաղ ոտքի կկանգնեն, էդ ինչպե՞ս եղավ, որ ոչ մեկը տեղից չարժվեց։ Ասում են՝ Սերոժը դիմադրել է, բայց տեսնում ես Սերոժը կուլուլված էր տեղի մեջ։ Պարզից էլ պարզ է, որ ամեն մեկի գլխին մարդ էր կանգնած, դռների մոտ նույնիսկ մարդիկ են եկել, բայց ինչի՞ համար, մեզ դրդապատճառն է պետք իմանալ, թե ձեր տակն է ամեն ինչ, ազնվորեն ասեք՝ այսպես է եղել։ Հայաստանում իշխանություն չկա, մենք երկրի ղեկավար չունենք, Պուտինի պես լինի ղեկավարը, տեսաք իր ամբաստանյալին ոնց պաշտպանեց»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031