Ադրբեջանում Բալաքանի դատարանը Թբիլիսիում առևանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբան Նեմաթ Քերիմլիին:
Քերիմլին նշել է, որ դատարանի դահլիճում ներկա Մուխթարլիի համախոհները, որպես բողոքի նշան, սկսել են երգել Ադրբեջանի հիմնը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը:
Իր եզրափակիչ խոսքում դատախազը պահանջել էր Մուխթարլիին դատապարտել 8 տարվա ազատազրկման:
Ինքը՝ լրագրողը, հայտարարել է, որ իր դեմ քրեական գործը բեմականացված է և իրեն հետապնդում են Ադրբեջանի իշխող վերնախավի դեմ իր անցկացրած հետաքննության պատճառով: Դատավորն ընդհատել է Մուխթարլիի խոսքը:
Հիշեցնենք, ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին 2017թ. մայիսի 29-ին առեղծվածային հանգամանքներում առևանգվել էր Թբիլիսիում և տեղափոխվել Ադրբեջան: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու, անօրինական կերպով սահմանը հատելու և մաքսանենգության հոդվածներով:
Տեղի և միջազգային իրավապաշտպաններն Աֆղան Մուխթարլիին համարում են քաղբանտարկյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ