ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրատվամիջոցներին հանդիպման էր հրավիրել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիա՝ պատասխանելու լրագրողներին եւ հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին, որոնց շուրջ ասեկոսեներ են տարածվում վերջին շրջանում:
Առաջին հարցերից մեկը վերաբերում էր ժամանակին «Red Eagles» ակումբի հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի արած այն հայտարարությանը, որ եթե Հայաստանի հավաքականը չընդգրկվի աշխարհի առաջնության եզրափակիչ, ինքը հրաժարական կտա:
«Միանգամից հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր մտածում, սպասում են իմ հրաժարականին: Ես հրաժարական տալ չեմ պատրաստվում: Դուք նայեք, թե ինչ պայմաններում են եղել այդ խոսակցությունները: Դա եղել է ընկերական զրույցների ժամանակ: Ասեմ, ես ունեմ ծրագրեր, որոնք կատարել եւ կատարում եմ շատ լավ եւ չեմ տեսնում այն մարդուն, որն այս պահին իմ ստեղծածի վրա կարող է մի բան ավելացնել կամ գոնե չքանդել: Գուցե ընտրությունների ժամանակ, որին մեկ տարի է մնացել, գա այդ մարդը, իր ծրագրերն առաջարկի եւ ընտրվի: Դուք որեւէ մեկին տեսնո՞ւմ ենք: Ես տեսնում եմ… ինձ», – հայտարարեց ՀՖՖ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ