Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատախազությունն ու ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան սկսում են համագործակցության հուշագրով նախանշած միջոցառումները

Հունվար 12,2018 15:46

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է 95 հասարակական կազմակերպություն միավորող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ դատախազության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի առաջնահերթությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում հանրային իրազեկվածության, մասնակցության ապահովման առավել արդյունավետ կառուցակարգեր մշակելուն, նախատեսված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանը վերահաստատել է ՀՀ դատախազության տրամադրվածությունը սկսված համագործակցությունը գործնական արդյունքների վերածելու հարցում: Նա նշել է, որ որքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների հետևողական, անզիջում պայքարը, նույնքան էական է այդ աշխատանքների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ կոռուպցիոն հանցագործությունների, դրանց դեմ քրեաիրավական պայքարի արդյունքների շուրջ տեղեկատվության օպերատիվ, ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը: Այն նշանակալի ազդեցություն կունենա ինչպես ազդարարի ինստիտուտի կայացման, այնպես էլ՝ ապօրինի հարստացման հնարավոր դեպքերի բացահայտման, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներկայացվող տվյալների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղություններով:

Ընդգծելով հուշագրում նախանշված նպատակների կենսագործման ուղղությամբ գործնական քայլերի անցնելու ՀՀ դատախազության նախաձեռնողականությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը շեշտել է ՔՀԿ-ներ-ԶԼՄ-ներ-Դատախազություն շփումների գործնական հարթակ ձևավորելու անհրաժեշտությունը, որը կնպաստի ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը, այնպես էլ՝ դրան ուղղված իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հավասարակշռված և ճիշտ տեղեկատվության հոսքերի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին տվյալներ պարունակող ԶԼՄ հրապարակումները որպես քրեական գործեր հարուցելու օրինական առիթ դիտարկելու հստակ չափորոշիչներ մշակելու և դրանք իրավական համապատասխան ակտերով սահմանելու, կոռուպցիոն դեպքերի հանրայնացման ժամանակ մարդու իրավունքների և հանրային շահերի համադրման առավել ապահովմանն ուղղված կառուցակարգեր մշակելու հետ կապված հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել դրանց շուրջ առաջիկայում աշխատանքային ձևաչափերով ավելի առարկայական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցության հուշագիրն ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 9-ին: Հուշագրով նախատեսվում են միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության զարգացմանը, քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովմանը և այլն:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031