Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը բացառում է, որ իր ծառայակիցներն են Սարի թաղում ՊՊԾ գունդ գնալու կոչեր հնչեցրել (Տեսանյութ)

Հունվար 12,2018 15:39

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սարի թաղի գործով» հերթական դատական նիստն է: Սարի Թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկանության ծառայող Գրիգոր Մխիթարյանը: Դեպքի վերաբերյալ դատարանին տեղեկացրեց, որ ոստիկաններին են մոտեցել մի խումբ սարիթաղցիներ, դժգոհել, որ լույս ու տրանսպորտ չունեն, ճանապարհն էլ փակ է, ոստիկաններն էլ բացատրել են, որ իրենք լույսի հետ կապ չունեն եւ ծառայություն են կատարում: «Ճանապարհը փակել էինք, որ մարդիկ ու մեքենաները չանցնեն, չմտնեն ՊՊԾ գնդի տարածք, որովհետեւ ՊՊԾ գունդը գրավված էր: Մարդ կար՝ ուզում էր մտնել ՊՊԾ գունդ ու միանալ գրավողներին»,-պատմեց վկան:

Գրիգոր Մխիթարյանը նշեց, որ քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, քաշքշել. «Մեկ ոստիկանի գլխին էր դիպել քարը, գլուխը «բացվել» էր: Նաեւ ՃՈ ավտոմեքենան էր վնասվել քարերից»:

Ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հետաքրքրվեց՝ ոստիկանության ծառայողները համազգեստո՞վ են եղել: Վկան ասաց, որ «այո»: Փաստաբանը նշեց, որ ըստ որոշ վկաների հարցաքննությունների՝ ՊՊԾ գունդ մտնելու կոչեր են արել հենց քաղաքացիական հագուստով երեք ոստիկանները: Վկան, սակայն, բացառեց դա: «Եթե ասում են՝ եղել են, ուրեմն եղել են, բայց ես անձամբ տեղյակ չեմ եւ բացառում եմ»,-հստակեցրեց Գրիգոր Մխիթարյանը:

Նա դատարանին նաեւ հայտնեց, որ դեպքի վայրում քաղաքացիների վրայից ալկոհոլի հոտ է առել, սակայն պաշտպանի հարցերին ի պատասխան չկարողացավ հստակեցնել՝ ի՞նչ խմիչքի եւ խմիչք օգտագործած քանի՞ անձի մասին է խոսքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031