Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազիս միշտ քրոջս հարցնում եմ՝ ո՞վ սպանեց ձեզ, ասում է՝ չե՞ս տեսնում կենդանի ենք»․ Ավետիսյանների հարազատներ (Տեսանյութ)

Հունվար 12,2018 15:34

Գյումրիում 3 տարի առաջ այս օրը սպանված Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ քրոջը՝ Հասմիկ Ավետիսյանին հաճախակի է տեսնում երազում։ «Միշտ երազիս գալիս է, գեղեցկացած՝ ֆորմի մեջ, հենց ուզում եմ հարցնեմ՝ բայց ո՞վ սպանեց, ո՞վ էր այդ հանցագործը, ի՞նչ էր ուզում, թույլ չի տալիս շարունակեմ, միանգամից ասում է՝ չե՞ս տեսնում՝ մենք կենդանի ենք, մեռած չենք»։

Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրն էլ՝ Ջուլիետա Ջալալյանն էլ պատմում է․ «Արդեն որերորդ անգամն է՝ երազիս գալիս են 8 հոգով, երկու երեխաների՝ Հասմիկիս ու Սերյոժայիս կողքին մի նորածին էլ կա, քանի անգամ հարցրել եմ՝ այս երկու փոքրիկներին ճանաչում եմ, բայց, քուր ջան, էս երրորդ երեխան ո՞վ է, ես չեմ տեսել, ասում է՝ մեր նորածինն է։ Իրականում մեր հարսը հղի էր երրորդ երեխայով, որ այդպես էլ չուզեցին բարձրաձայնել․․․»։

Ավետիսյանների հարազատները վրդովված են, որ մեր իրավապահներն այդպես էլ չբացահայտեցին ո՛չ մարդասպանին, ո՛չ էլ սպանության դրդապատճառները։ «Լավ, գոնե իմանաք ո՞վ էր և ինչի՞ համար․․․Այս տանը լիքը ժողովուրդ էին հավաքվել, էլ հետք կմնա՞ր, որ ասում են, թե մենակ Պերմյակովի ոտնահետքերն են, բայց էդքան մարդը մտել էր սյուների մեջ, որտեղի՞ց գտան միայն Պերմյակովի ոտնահետքերը։ Պատերը մրոտեցին՝ իբրև թե հետք վերցրեցին, ծիծաղելի են բոլորը․․․ Հիմա էլ կարծես այս ընտանիքը ծնված լիներ մահանալու համար․ ո՛չ կային, ո՛չ ծնվել էին, ո՛չ էլ մի հատ հուշաղբյուր, հուշաքար, որ նաև անմեղ փոքրիկներ են սպանվել։ Մեծերինը մի կերպ տանելի է բայց էս անմեղ փոքրիկներն ինչքան գարուններ պիտի դիմավորեին, ինչքան ձմեռ պապիկների պիտի նամակ գրեին»,- մղկտում է սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը։

Ըստ նրա, ժամանակն էլ չի կարող բուժել իրենց վերքը։

«Քանի գնում, էնքան ավելի է բարդանում, ամբողջ մարմնովդ է տարածվում էդ ցավը։ Մենք Ռուսաստանի Դաշնությունում ենք աշխատում, հավատում եք, ես միշտ մարդկանց մեջ փնտրում եմ նրանց․․․ Զարմացած նայում եմ մարդկանց, մտածում եմ իրենք կան, երևի այդտեղ են, երբեք չէի ցանկանա, որ որևէ մեկը մեր ցավն ապրի»։

Մենք հետաքրքրվեցինք՝ որևէ տեղեկություն կա՞, թե որտե՞ղ է պատիժը կրում Վալերի Պերմյակովը։ «Մեզ միայն ասել են Ռուսաստանի Դաշնությունում են, բայց ո՛չ տեղեկություն ունենք, ո՛չ էլ գիտենք՝ որտեղ է։ Գուցե և ազատության մեջ է, որտեղի՞ց գիտենք, մի հատ փաստ, որևէ նկարահանում կա՞, որ մեզ ապացուցեն, որ էնտեղ է, մենք ոչ մի բան էլ չգիտենք։ Անգամ հաստատ չգիտենք տարե՞լ են Ռուսաստանի Դաշնություն, կայքերից ենք կարդացել․․»,-ասացին Հասմիկ Ավետիսյանի քույրերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031