Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Ավետիսյան. «Ցանկացած մեխանիզատոր բուլդոզերով կարող է վնասել հնավայրը»

Հունվար 12,2018 15:14

Հունվարի 12-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի, նույն ինստիտուտի գիտաշխատողների, ինչպես նաեւ ճապոնացի գիտնական Մակոտո Արիմուրայի ասուլիսը:

Պավել Ավետիսյանը նշեց, որ 2017-ին 39 արշավախումբ են կազմակերպել ՀՀ տարբեր մարզերում՝ ՀՀ տարածքի հուշարձաններում պեղումներ կազմակերպելու համար, որոնցից 16-ը համատեղ է եղել այլ երկրների գիտական կենտրոնների հետ: Նա հատկապես առանձնացրեց Արմավիրի մարզում գտնվող Լեռնագոգ-1 հնավայրի պեղումների արդյունքները. «Առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Քրիստոսից առաջ 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքի ամենահին բնակատեղիների հնագույն շերտերը, առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, դա Քրիստոսից առաջ 6-րդ հազարամյակի առաջին քառորդն էր»:

Նա քարտեզի վրա ցույց տվեց քաղաքակրթության սկիզբն ազդարարող հուշարձանները, ապա հավելեց. «Ըստ էության մենք ժամանակակից Հայաստանի տարածքում փաստագրել ենք հուշարձան, որն այդ ժամանակների է, այսինքն՝ միջուկային գոտիներին բնորոշ պարամետրերով հուշարձան ենք արձանագրել… Բազմաթիվ ռադիոկարբոնային տվյալներ ունենք, որոնցով հիմնավորում է հուշարձանի տարիքը»:

Պավել Ավետիսյանը խոսեց նաեւ Ակնաշեն հնավայրից, Մասիս Բլուրից, ասաց, որ բոլորը վերաբերում են 6-րդ հազարամյակի առաջին քառորդին:

Նա մտահոգություն հայտնեց բոլոր հնավայրերի վտանգված լինելու մասին. «Ցանկացած մեխանիզատոր ցանկացած պահի բուլդոզերով կարող է խփել-թափել, այդպես եղել է նաեւ խորհրդային իշխանության տարիներին, վերջին տարիներին… Այս հնավայրերը պահպանելու եւ ցուցակներում ընդգրկելու խնդիրը կա, մենք գործն արել ենք, եւ 100 000 դոլարների արժողությամբ դաշտային հետազոտական աշխատանքների արդյունքը ձրի ներկայացնում ենք մշակույթի նախարարությանը, մնում է հետեւողական լինել եւ պահպանել: Պետք է սահմաններ գծվեն, պահպանական գոտիներ»:

 

Գիտնականը նշեց, որ անցյալ տարի պեղել են նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա ընկած հուշարձանները, որոնք, բարեբախտաբար, չհայտնվեցին ճանապարհի տակ: «Նա օրինակ բերեց Մաստարայի հարեւանությամբ պեղված օբյեկտները, որոնք վաղ բրոնզեդարյան բնակատեղի են եղել ու այդ տարածքն անտիկ շրջանում օգտագործվել է որպես գերեզմանոց, որտեղ կարասային թաղումներ են արվել: Խոսվեց նաեւ այդ ճանապարհի եզրին պեղված հնավայրերից, փաստելով, որ Թալինից մինչեւ Լանջիկ ընկած հատվածում չկա հուշարձան, որ կմնա ճանապարհի տակ:

Պավել Ավետիսյանը հայտնեց, որ 2018-ին սկսում են ամառային դպրոցների ստեղծման դասընթաց եւ ամենայն հավանականությամբ Լոս Անջելեսի համալսարանի հետ համատեղ ամառային դպրոց կկազմակերպվի Մասիս Բլուրում, որին կմասնակցեն ինչպես հայաստանյան բուհերի, այնպես էլ ամերիկացի ուսանողներ ու ասպիրանտներ:

Անդրադարձ եղավ ճապոնացի գիտնական Մակոտո Արիմուրայի հետ համագործակցությանը: Նա տարիներ առաջ հայ-ֆրանսիական արշավախմբի կազմում մասնակցել է հայաստանյան պեղումներին, զբաղվել Նեոլիթի վաղ փուլերի ուսումնասիրությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031