Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է»

Հունվար 12,2018 15:01

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին: Շնորհավորելով մեր երկրում  առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ առկա համագործակցությունն առաջիկայում կարձանագրի որակական նոր մակարդակ:

Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագիրը ոչ միայն հաջողված ընթացք ունի, այլ նաև հասարակության կողմից դրական ընկալում: «Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ բաղադրիչ, որը դպրոցական վաղ տարիքում ձևավորում է համակեցության շատ կարևոր վարք»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային կազմակերպության դերակատարումը՝ սկսած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներմուծումից Հայաստանի դպրոցներ մինչև ծրագրի ընդլայնում և տեխնիկական աջակցություն: Նախարար Լևոն Մկրտչյանի տեղեկացմամբ ՀՀ կառավարության կողմից ստեղծված «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն արդեն լավ արդյունքներ է արձանագրել, մասնավորապես տարբեր մարզերի դպրոցներում վերապատրաստվել են ավելի քան 500 տնօրեններ և ուսուցիչներ:

Իր հերթին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ջանկարլո  Ստոպպոնին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար: Կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նա ընդգծել է, որ ծրագիրն իրագործվում է ի շահ Հայաստանի երեխաների, ուստի ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից` Ռուսաստանի դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի (բացառությամբ՝ Երևանի) 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով: Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը, որը կրում է Ազգային ծրագրի պատասխանատվությունը:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031