Լրահոս
Օրվա լրահոսը

Մարաշի զինված խմբի գործում ինչքանո՞վ է ներքաշված ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը

Հունվար 12,2018 14:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից Մարաշում հայտնաբերված զինված խմբի գործով նիստերից մեկում հրապարակվել էր ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի միջեւ խոսակցության ձայնագրությունը, որը գաղտնի կերպով արել էր մեղադրյալ Լիլիթ Թորոսյանը:

Ձայնագրության մեջ շոշափվում է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Օրինակ, Վարդանյանը Շիրխանյանին հարցնում է, թե ներքին զորքերի եւ «ՊՆ-ի քայլերը որո՞նք կարան լինեն», ինչ-որ բան են պլանավորում անել հոկտեմբերի սկզբին կամ կեսերին: Արթուր Վարդանյանը հարցնում է՝ «Սեյրանը գիտի՞, որ կարող է նման բան լինել»: Շիրխանյանն էլ պատասխանում է, որ Սեյրանին ինքն ասել է, ժողովրդի ատելությունն այնքան մեծ է, որ մի օր հեռուստացույցով կլսես, որ էդպիսի բան է եղել»: Վարդանյանը նաեւ հարցնում է՝ «Կարա՞ պահի ինքը բանակը, որ տանկերը հանկարծ փողոց չհելնեն, որովհետև շատ վատ կլինի, արյունահեղություն կլինի»: Հատված կա, երբ Շիրխանյանն ասում է, որ Սեյրանի նկատմամբ այսօր վերահսկողությունը խիստ է, կզգուշանա, Արթուր Վարդանյանը հարցնում է. «Ասենք՝ Սերժը վարի գնաց, հետո՞», Շիրխանյանն էլ պատասխանում է՝ «Ամեն ինչ անցնում է Սեյրանի ձեռքը, ու կշարժվի մեր ասածով»: Խոսակցության մեջ հատված կա, որտեղ Շիրխանյանը վստահեցնում է, որ Սեյրանը շատ է հոգնել գող-ավազակներից: Իսկ երբ Արթուր Վարդանյանը հարցնում է, թե այդ դեպքում ինչի՞ իրեն չեն հանում պաշտոնից, Շիրխանյանը պատասխանում է, որ եթե հանի, մի ամսում ընդդիմություն կդառնա:

Այս ձայնագրության առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բարսեղյանի հետ: Մեր հարցին, թե այս գործում ինչքանո՞վ է ներքաշված եղել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ փաստաբանը պատասխանեց. «Քրեական գործի նյութերից բացարձակապես Սեյրան Օհանյանի մասին տեղեկատվություն չկա: Ոչ միայն տեղեկատվություն չկա, այլ նաեւ քրգործում տվյալ անձի գործառույթների հետ կապված ոչ մի ապացույց չկա»: Իսկ թե ձայնագրությունն ինչի մասին էր խոսում՝ Բարսեղյանը պատասխանեց. «Դա ընդամենը եղել է զրույց՝ տարբեր թեմաների շուրջ, ինչպես հիմա ես եւ դուք կարող ենք զրուցել տարբեր թեմաների շուրջ»:

Մեր դիտարկմանը, որ այնտեղ որոշակի արտահայտություններ կան, որ տանկերը դուրս չբերի, Սեյրանը զգուշանում է, այս արտահայտությունները ինչպե՞ս կմեկնաբանեք՝ փաստաբանը պատասխանեց. «Սույն քրեական գործի շրջանակներում իմ պաշտպանյալին եւ մնացած ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը համարում ենք շինծու եւ հնարովի, բացարձակ խնդիր չկա, ավելին՝ կարծում եմ, որ նախաքննության մարմինը ավելի շատ ուշադրություն պետք է դարձներ անձի դիմադրության իրավունքին եւ տվյալ դեպքում այդ դիմադրության իրավունքը Արթուր Վարդանյանի կողմից չարաշահվե՞լ էր, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է տանկեր հանելուն, չհանելուն, Ազգային ժողով գրավել-չգրավելուն, ապա դա շինծու, հնարովի մեղադրանք է, բացարձակ նման ցանկություն իմ պաշտպանյալի կողմից չի եղել»:

Հարցին՝ ձայնագրությունը նո՞ւյնպես սարքած է, մոնտաժված է՝ փաստաբանը պատասխանեց. «Օրական 1 մլն մարդ դուրս են գալիս, արթնանում են եւ տարբեր թեմաների շուրջ զրուցում են: Բայց մտադրության բացահայտումը չի նշանակում, որ հանցագործություն է, առերեւույթ անգամ մտադրության բացահայտումը: Այն, ինչ մեղսագրված է իմ պաշտպանյալին եւ մնացածներին, իրականությանը չի համապատասխանում»:

Նա վստահեցրեց, որ Արթուր Վարդանյանը միայն մտադրություն է ունեցել, որ ապրի ազատ, անկախ, արժանապատիվ Հայաստանում. «Արթուր Վարդանյանի մտադրությունը եղել է դա, ոչ ավելին, ինչ վերաբերում է ԱԺ շենք գրավելուն, ինքնաթիռ խոցելուն, դրանք բոլորը հնարովի են եւ իրականությանը չեն համապատասխանում: Ապացույցներ չկան եւ չեն կարող լինել»:

Փաստաբանը նշեց, որ ԱԱԾ-ի հրապարակած սխեմաները վերաբերել են նրան, որ խմբի անդամները միտինգներ էին պատրաստվում անել՝ օրենքով սահմանված կարգով եւ եթե ժողովուրդը շատ լիներ, փակվելու էր ընդամենը տվյալ շրջակայքը՝ ժողովրդի անվտանգության հետ կապված:

Ինչ վերաբերում է 60 հազար դոլար ֆինանսավորմանը, Լեւոն Բարսեղյանն ասաց, որ այդպիսի գումար եղել է, բայց դա չի օգտագործվել, որպեսզի շենքեր պայթեցնեն, գրավեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031