Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են կրակվել 20 փամփուշտները. «Սեֆիլյանի գործով» կհարցաքննեն ոստիկանության փորձագետին

Հունվար 12,2018 14:34

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատավարությունը մոտենում է դատական վիճաբանությունների փուլին, որի ընթացքում առաջնահերթ ներկայացվելու են մեղադրական եւ պաշտպանական ճառերը:

Մինչ այդ այսօրվա նիստում ամբաստանյալներից Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց՝ հարցաքննության նպատակով դատարան հրավիրել ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ռ. Պողոսյանին:

Պաշտպանը հիշեցրեց, որ գործում որպես իրեղեն ապացույցներ առկա են երկու ինքնաձիգեր եւ 4 պահունակներում առկա 120 փամփուշտներ, որոնց մասին արձանագրություն է կազմել փորձագետ Ռ. Պողոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ վերջինիս փորձագիտական եզրակացության մեջ կան անհամապատասխանություններ, ուստի դրանք ճշտելու նպատակով անհրաժեշտ է դատարանում հարցաքննել Պողոսյանին: «Գտնում ենք, որ առկա են իրեղեն ապացույցների անօրինական ոչնչացման փաստեր: Օրինակ, առկա 120 փամփուշտներից դատարանում հետազոտման ժամանակ բացակայում էին 20-ը: Փորձագետն այդ մասով գրել է, որ դրանք օգտագործվել են, սակայն դրանք իրեղեն ապացույցներ են, եւ թեկուզ օգտագործված վիճակում փորձագետը պարտավոր էր դրանց օգտագործված իրանը եւ գլխիկը վերադարձնել փորձաքննությունը նախաձեռնողին: Անհրաժեշտ է հարցաքննության միջոցով փորձագետից պարզել՝ եթե առանց կրակելու հնարավոր չէր պարզել փամփուշտների պիտանիությունը, ապա ինչպես կարելի է թույլատրելի համարել փորձագետի այն հետեւությունը, թե մնացած փամփուշտները պիտանի էին կրակելու համար»,-նկատեց Գեորգի Մելիքյանը:

Թեեւ այս գործով մեղադրող-դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ գտնելով, որ փորձագիտական եզրակացությունը սպառիչ է եւ անհամապատասխանություններ չունի, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նկատեց. «Պաշտպանական կողմը գտնում է, եզրակացությունը պարզաբանման անհրաժեշտություն ունի: Դատարանը եւս կարծում է, որ առկա են հիմքեր՝ փորձագետին դատարանում հարցաքննելու համար»: Այսպես, միջնորդությունը բավարարվեց, նիստն էլ հետաձգվեց, որպեսզի հաջորդ ուրբաթ դատարան հրավիրվի փորձագետը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031