Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ուսուցիչն աշխատանքից հեռացվել է՝ Հայաստանի հետ խաղաղության կոչի համար

Հունվար 12,2018 14:08

Դեկտեմբերի վերջին ադրբեջանական ազգայնական կազմակերպության մի խումբ անդամներ ներխուժել են Բաքվի ավագ դպրոցներից մեկը և ստորացրել ուսուցիչներից մեկին, որն ավելի վաղ սոցցանցերում տարածել էր հայկական տարազ հագած իր աշակերտներից մեկի լուսանկարը:

Ռովշան Ազիզովը հայկական տարազով աշակերտի լուսանկարը տեղադրել էր Facebook-ում նոյեմբերին. լուսանկարում աշակերտը կանգնած է Բաքվի հայկական եկեղեցու ֆոնին:

«Նրանք ինձ ստորացրին իմ աշակերտների առաջ: Նրանք ինձ հայ էին կոչում»,- Eurasianet-ի հետ զրույցում պատմել է Ռովշան Ազիզովը:- Նրանք ասում էին, որ ես հայ գործակալ եմ, որ հայերի հրահանգով եկել եմ Ադրբեջան այս երկիրը կործանելու համար: Ես պարզապես ցանկանում էի ցույց տալ, որ խաղաղություն հնարավոր է, և որ մենք չենք կարող այս հակամարտությունը լուծել միմյանց սպանելով:

Սոցցանցի օգտատերերը նկատել են, որ իր նախկին գրառումներում էլ Ազիզովն առաջ է տանում Հայաստանի հետ խաղաղության տեսակետը: Մասնավորապես, Ազիզովի էջում նրանք նկատել էին իրար կողքի ծածանվող Հայաստանի ու Ադրբեջանի դրոշներ՝ հայերեն և ադրբեջաներեն կից գրառմամբ. «Ես ապրում եմ Ադրբեջանում: Ես պատերազմ չեմ ուզում: Ես խաղաղություն եմ ուզում: Պարտադիր չէ, որ մենք արյուն թափենք»:

Ազիզովը պատմել է, որ ինքը մինչ դպրոցում տեղի ունեցած այդ միջադեպը ճնշումների է ենթարկվել նաև դպրոցի ղեկավարության կողմից: «Նրանք ինձ ասում էին. «Ավելի լավ է՝ գնաս: Եթե մնաս, դու վտանգում ես մեր և երեխաների կյանքը»: Ուսուցիչներն աշակերտներին ասում էին, որ ես հայ եմ, և որ նրանք հեռու մնան ինձնից»,- պատմել է ուսուցիչը:

Ի դեպ ավելի վաղ իր հարցազրույցներից Ազիզովը չի բացառել, որ ինքը կարող է հայ լինել:

Նա մանուկ հասակում որդեգրվել է ադրբեջանական ընտանիքի կողմից և միշտ մտածել է, որ իր կենսաբանական ծնողները, ամենայն հավանականությամբ, ռուս են: Սակայն 2014թ. իր որդեգիր մոր մահից հետո նա սկսել է փորփրել իր անցյալը: Նրա որդեգիր մորը երիտասարդ տարիքում ճանաչող մարդիկ հավատացրել են, որ նա ծնվել է հայկական ընտանիքում:

Դեկտեմբերի 28-ին, Ազիզովն աշխատանքից հեռացվել է: Դպրոցի ղեկավարությունը պնդում է, որ պատճառը ոչ թե նրա հայամետ դիրքորոշումն է, որ այլ նրա՝ դասավանդման այլընտրանքային մեթոդները:

Eurasianet-ը նկատում է, որ ադրբեջանական դպրոցական դասագրքերը հայերին նկարագրում են խիստ բացասական գույներով: Դրանցում հաճախ են հանդիպում «հայ ահաբեկիչներ, հայ ֆաշիստներ, հայ անջատողականներ, հայ ավազակներ, հայ բարբարոսներ, թշնամի» և այլ եզրեր:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031