Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի անդամ Նելլի Մինասյանը շուտով երեխա է ունենալու:
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ գործով դատական նիստն էր եւ Մինասյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատավոր Բեկթաշյանին տեղեկացրեց, որ Նելլին արդեն հղիության 39-րդ շաբաթում է, բժիշկները հունվարի 18-ին կեսարյան հատում են նշանակել, ուստի նա չի կարող ներկայանալ նիստերին: Նրա բացակայության պայմաններում այս գործով նիստեր առհասարակ չեն կայանա:
Նելլի Մինասյանը խոստացավ, որ բժշկի համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն դատարան: Այնուամենայնիվ, դատավորը հաջորդ դատական նիստը նշանակեց ամսի 26-ին՝ հույս ունենալով, որ ամբաստանյալն այդ ընթացքում կհասցնի երեխա ունենալ եւ մեկ շաբաթ անց գալ դատարան: Փաստաբանն ասաց, որ կեսարյան հատումից անմիջապես հետո մարդը չի կարող գալ՝ դատավորն էլ պատասխանեց. «Կեսարյանից հետո չենք ասում, կեսարյանից հետոն ամսի 19-ն է, մենք 26-ին ենք ասում: Կարող է ասում են 10-օրյա բուժում է պետք, կարող է ասում են 20-օրյա, երբ փաստաթուղթ կունենանք՝ կորոշենք»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ