Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ալումյանը ուժգին հարվածում էր դատարանի դահլիճի դռներին. Բեկթաշյանը Ալումյանի հեռանալը որակեց անհարգալից վերաբերմունք (Տեսանյութ)

Հունվար 12,2018 13:36

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված Մարաշի զինված խմբի գործով դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ այդ գործով զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը մեղադրվում է նրանում, որ ունենալով զինված գործողությունների մասնակցության փորձ եւ ռազմական հմտություններ, իշխանությունը զավթելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն:

Այսօր դատական նիստը նշանակված էր ժամը 11-ին, մինչդեռ արդեն 11.35 էր, դատական դահլիճի դռները փակ էին, որեւէ տեղեկություն չէր հայտնվում այն մասին, թե ինչու է նիստը հետաձգվում:

Ավելի ուշ պարզվեց, որ ամբաստանյալներից մեկի՝ Հարություն Սարիբեկյանի առողջական վիճակը վատացել է եւ շտապօգնություն են կանչել:

Մինչ այդ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը ուժգին հարվածում էր դատարանի դահլիճի դռներին, դռները դմբդմբացնում, զանգահարում դատավորի աշխատասենյակ, դատարանի աշխատակազմի համարներով եւ դժգոհում նիստի մասնակիցների նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքի համար: Հետո նա հայտարարեց, որ հեռանում է, որովհետեւ սա համարում է իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունք, իսկ դատական կարգադրիչների խոսքին, որ շտապօգնություն են կանչել՝ Ալումյանն արձագանքեց, որ սրտաճմլիկ բաներ են ասում եւ պատրվակներ են բերում:

Դատավոր Բեկթաշյանը, նիստը սկսելուն պես Ալումյանի բացակայությունը որակեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Մինչդեռ մյուս փաստաբանները հակադարձեցին՝ ասելով, որ իրենք էլ մի քանի անգամ զանգել են դատավորի աշխատանքային համարներով, իրենց որեւէ հարկ չեն համարել բացատրել:

Դատավորը արձագանքեց. «Ես իմ աշխատասենյակում նստած եմ եղել, ոչ մի հեռախոսազանգ չի եկել»:

Իսկ ամբաստանյալ Սարիբեկյանը պնդեց, որ իրեն շտապօգնություն է պետք եղել 11.30-ից հետո:

Մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031