«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին տեղեկացրեց, որ հայտարարություն ունի:
Դատավորը նրան մի քանի անգամ հորդորեց հայտարարությունը նստած չանել, այլ ոտքի կանգնել ու չխախտել դատավարության կարգը: Սեֆիլյանն, այնուամենայնիվ, տեղից խոսեց, ինչի համար արժանացավ սանկցիայի՝ նախազգուշացման:
«Դուք խանգարում եք իմ խոսքի իրավունքին: Մեր ընկերները հացադուլի մեջ են»,-ասաց նա, ապա նշեց, որ լքում է նիստերի դահլիճը՝ այդ կերպ աջակցելով «Սասնա ծռեր» զինված խմբի հացադուլավոր-անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, նկատի ունենալով այն, որ Սեֆիլյանը շարունակում է խախտել նիստի կարգը, նրան հեռացրեց նիստերի դահլիճից՝ 4 ժամով:
Սեֆիլյանի քայլը կրկնեց նաեւ ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանը: Նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպաններ Արայիկ Պապիկյանից եւ Տիգրան Հայրապետյանից, սակայն դատավորը հրաժարումը չընդունեց:
Տիգրան Հայրապետյանն առանց Տաթեւիկ Գրիգորյանի թույլտվության՝ լքեց նիստերի դահլիճը եւ արժանացավ նախազգուշացման, իսկ Արայիկ Պապիկյանն ասաց, որ թեեւ Գեւորգ Սաֆարյանը հրաժարվել է իր ծառայություններից, բայց ինքը շարունակում է մնալ նիստերի դահլիճում, քանի որ նաեւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանն է:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ