Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցցանցում կրճատում է մեդիա բովանդակությունը և ավելի մեծ տեղ է հատկացնում սոցիալական շփումներին, ընկերներին ու ընտանիքին:
«2018թ. մեր առաջնահերթություններից մեկը կլինի երաշխավորել, որ Facebook-ում անցկացրած ժամանակը լինի լավ անցկացրած ժամանակ»,- գրել է Ցուկերբերգը:
Նա նշել է, որ Facebook-ն ի սկզբանե ընտանիքը և ընկերներին դրել է կենտրոնում՝ նպատակ ունենալով օգնել մարդկանց մոտ գտնվել իրենց համար կարևոր մարդկանց հետ: Մինչդեռ վերջին շրջանի արձագանքներից դատելով՝ «հանրային բովանդակությունը՝ բիզնեսի, ապրանքանիշերի և մամուլի գրառումները սկսել են ստվերել անձնական պահերը»:
Ցուկերբերգը նշել է, որ իրենք ակադեմիական հետազոտություններ են կատարել և խորհրդակցել առաջադեմ համալսարանների փորձագետների հետ: Արդյունքում եկել են այն եզրակացության, որ երբ մարդիկ սոցիալական մեդիան օգտագործում են իրենց համար թանկ մարդկանց հետ շփվելու համար, երկարաժամկետ հեռանկարում դա կապվում է երջանկության և առողջության ցուցիչների հետ:
«Մյուս կողմից՝ հոդվածների պասիվ ընթերցումը կամ տեսանյութերի դիտումը, անգամ եթե դրանք զվարճալի և հետաքրքիր են, կարող է այդքան էլ լավ չլինել»,- կարծում է նա:
Հետևաբար, Ցուկերբերգը նշել է, որ իրենք փոխում են Facebook-ի ուղղվածությունը և այսուհետ կօգնեն գտնել ոչ թե անհրաժեշտ բովանդակություն, այլ «առավել նշանակալից սոցիալական շփումներ»:
«Մենք այս փոփոխությունները սկսել են անցյալ տարի, բայց կպահանջվի ևս մի քանի ամիս, որպեսզի դրանք տարածվեն մեր բոլոր պրոդուկտների վրա: Առաջին փոփոխությունները դուք կտեսնեք ձեր լրահոսում, որտեղ կտեսնեք ավելի շատ գրառումներ ձեր ընկերներից, ընտանիքից և խմբերից»:
Վերջում Facebook-ի հիմնադիրը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այս փոփոխություններով թեև մարդիկ կկրճատեն սոցցանցում անցկացրած ժամանակը, բայց այդ ժամանակը կլինի ավելի արժեքավոր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ