Օտար երկրում ծառայող որեւէ դեսպան, այս պարագայում ՀՀ դեսպանը, իրավունք ունի՞.
– Մերժելու տեղում գործող որեւէ կազմակերպության հրավերը մասնակցելու ինչ-որ հանդիսության: Ունի՛: Հրավերներ ընդունելու կամ մերժելու իրավասությունը բացառապես պատկանում է տվյալ դեսպանին:
– Հանդիմանելու տվյալ կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրյալ բանախոսների շարքում իր համար անբաղձալի անձի ներառելու համար: Չունի՛: Դա իր գործը չի: Օտար երկրում, տվյալ երկրի քաղաքացիները կարող են իրենց ցանկացած անձին եւ անձերին հրավիրել ըստ իրենց հայեցողության:
– Թշնամական որակումներ տալու այդ երկրի քաղաքական կարեւոր գործիչներից մեկի հասցեին: Ունի՛: Սակայն դա կոչվում է քաղաքական տհասություն պարզապես, ինչը չի բխում իր երկրի շահերից: Քաղաքական պուրիտանիզմը տեղ չունի դիվանագիտական գործունեության մեջ: Այսօրվա հակառակորդը վաղը կարող է քո դաշնակիցը դառնալ, եւ հակառակը:
– Սպառնալու, թե հիշյալ հանդիսությունը կայացնելու դեպքում ամբողջովին խզելու է իր հարաբերությունները տվյալ կազմակերպության հետ եւ, ուշադրություն, «բարդացնելու է» նրա վիճակը: Չունի՛: Դա շանտաժ է, անհարիրՙ դիվանագիտական ծառայությանը:
– Աշխատելու, որ այլ կազմակերպություններ եւս չմասնակցեն տվյալ հանդիսությանը: Չունի՛: Դա բոյկոտ է, որի հավաքական կազմակերպումը խափանարարություն է կոչվում:
– Իրագործելու իր սպառնալիքը եւ չհրավիրելու տվյալ կազմակերպության ներկայացուցիչներին իր վերադասիՙ այս պարագայում ՀՀ արտգործնախարարիՙ «համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը»: Չունի՛: Համայնք բառը հավաքականություն է նշանակում, իսկ տվյալ համայնքի կազմում տվյալ կազմակերպությունը ակտիվ գործունեություն ունի 96 տարի շարունակ:
– Անկիրթ վերաբերում ունենալու նույն հավաքին հրավիրված մեկ այլ կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ, որը նույնպես շուրջ 100 տարվա պատմություն եւ վաստակ ունի այդ համայնքում ու երկրում: Չունի՛:
– Խոսքից գործի անցնելով վիճակը «բարդացնելու», դավադրելու վերոհիշյալ կազմակերպության դեմ, հրահրելու, կազմակերպելու եւ ստեղծելու փոքրաթիվ անձերից կազմված «ընդդիմադիր» մի խմբակ եւ հաջորդ օրն իսկ վերջինիս ընդունելու ՀՀ դեսպանատանը եւ դեսպանության կայքէջում խմբակին օժտելու «շրջանային վարչություն» տիտղոսով: Բացարձակապես չունի՛: Նույնիսկ սեփական երկրում, էլ ո՜ւր մնաց օտար երկրում: Դա համարվում է պառակտիչ աշխատանք եւ ամենակոպիտ միջամտություն տվյալ երկրի քաղաքացիների գործերին:
Տպագիր մամուլին եւ հատկապես համացանցային լրատվությանը հետեւող մեր ընթերցողներին անշուշտ ծանոթ է վերեւի հարցուպատասխանի բուն բովանդակությունը, որը հայաստանյան մամուլում կնքվեց «Խոշոր սկանդալ» անունով: Չիմացողների համար բացատրենք. երկիրը Հունաստանն է, դեսպանըՙ Ֆադեյ Չարչօղլյանը, կազմակերպությունը Ռամկավար Ազատական կուսակցությունը, հանդիսությունըՙ ՌԱԿ 96-րդ տարեդարձի նշումը, հույն քաղաքական գործիչըՙ Հունաստանում քաղաքական գլխավոր ընդդիմադիր ուժիՙ առաջիկա ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունեցող «Նեո-դեմոկրատիա» կուսակցության առաջնորդներից տիկին Դորա Բակոյաննիսը, «հունահայ համայնքի հետ» հանդիպողըՙ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է, ընդունելությանը անկիրթ վերաբերումի «արժանացածը»ՙ Հնչակյան կուսակցությունը…
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում