ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. դեկտեմբերի 14-ի վճռով 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Ա. Պետրոսյանը 890.000 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին: Ա. Պետրոսյանը ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար 2016 թ. հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 1 տարի 6 ամիս ժամկետով (Վերջինս մեղադրվում էր նաև նույն մարզի բնակիչ 5-ամյա Էրիկի մահվան մեջ):
Նա այժմ իր պատիժը կրում է բաց ռեժիմով: Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից 2.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էին պահանջել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցով նրանք հիմնավորումներ էին ներկայացրել այն մասին, որ 4-ամյա երեխան գտնվել է պետության վերահսկողության ներքո, և տվյալ դեպքում պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա կյանքի իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: «Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանի՝ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելու հետևանքով տուժող կողմը կրել է նյութական վնաս, որը ենթակա է հատուցման ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի իմաստով:
Ներկայացված պահանջների մի մասի դեմ պատասխանող կողմի առարկությունները դատարանն արդարացի է համարել և որոշել բժշկուհի Անահիտ Պետրոսյանից հօգուտ Հակոբ Հովհաննիսյանի բռնագանձել 890.000 ՀՀ դրամ: Անահիտ Պետրոսյանը կվճարի նաև բավարարված հայցապահանջի համար վճարման ենթակա 17.800 դրամ պետական տուրքը: Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը նաև բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ՀՀ Կառավարությունից, «Արմավիր» ԲԿ-ից ու Անահիտ Պետրոսյանից պահանջելով 15.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում: Հայցը դեռևս վարույթ չի ընդունվել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ